Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Ձերբակալվածների փոխանակումն իր մասշտաբով աննախադեպ է»․ Հակոբ Բադալյան

151
Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2024 թ., 19:06
«Ձերբակալվածների փոխանակումն իր մասշտաբով աննախադեպ է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Ռուսաստանն ու ԱՄՆ իրականացնում են իրենց մոտ ձերբակալված քաղաքացիների փոխանակում: Ռուսաստանը Վաշինգթոնին է վերադարձնում 16 ձերբակալված, իսկ Վաշինգթոնը Մոսկվային վերադարձնում է 8 ձերբակալված: Ընդ որում, գործարքը ներառում է նաև երկու այլ երկիր՝ Գերմանիա և Բելառուս: Այսինքն, մի ձերբակալված ռուսաստանցու վերադարձնում է Գերմանիան, մի ձերբակալված գերմանացու՝ Բելառուսը:
Այս փոխանակումը իր մասշտաբով ըստ էության համարվում է աննախադեպ, անգամ ԱՄՆ-ԽՍՀՄ պատմության համար:
Փաստացի, այդ աննախադեպ փոխանակումը տեղի է ունենում ԱՄՆ նախագահի ընտրության գործընթացի մի շրջանում, երբ դեմոկրատական վարչակազմը բավականին բարդ խնդիրների առաջ է: Այդ պայմաններում, տեղի է ունենում ռուս-ամերիկյան աննախադեպ փոխանակում, ինչը անկասկած «պլյուս» է դեմոկրատական վարչակազմի համար:
Այստեղ իհարկե կարող ենք իրավիճակը դիտարկել տարբեր կերպ: Օրինակ՝ Ռուսաստանն է կարողացել օգտվել դեմոկրատների խնդիրներից: Մյուս կողմից՝ Ռուսաստանը այդ գործարքի միջոցով օգնել է դեմոկրատներին:
Այստեղ ավելորդ չի լինի թերևս հիշել, թե ինչ էր հայտարարել Պուտինը ամիսներ առաջ, որ Բայդենն է իրենց համար առավել նախընտրելի թեկնածու: Սրան էլ անշուշտ չի կարելի վերաբերել միարժեք, սակայն հիշենք մի բան էլ, ինչի մասին ես հիշատակում եմ պարբերաբար. Պուտինը Բայդենի վարչակազմի հետ է ավելի քան վեց ամիս տարբեր մակարդակներով՝ առաջին դեմքերից մինչև արտգործնախարարությունների եւ նախագահական աշխատակազմերի ներկայացուցիչներ, բանակցել ուկրաինական պատերազմից առաջ:
Ես իհարկե այդ գործընթացը իմ սուբյեկտիվ գնահատմամբ պայմանականորեն բնորոշում եմ բանակցություն պատերազմի պայմանների և կանոնների շուրջ:
Դրա մեջ մտնո՞ւմ է այն, որ Ռուսաստանը չպետք է խանգարի դեմոկրատներին ԱՄՆ նախագահի ընտրության ընտրարշավում, ինչպես օրինակ այն, որ ամերիկացիներն են որոշում, թե Ռուսաստանում ինչ թիրախներ կարող է խոցել Կիևը, ինչ՝ ոչ:
Ի դեպ այդ առումով ևս մի շատ ուշագրավ տեղեկություն, որ օրեր առաջ հրապարակեց Նյու Յորք Թայմսը՝ ՌԴ և ԱՄՆ պաշտպանության նախարարների հեռախոսազրույցի մասին: Բելաուսովը զանգահարել է Օստինին և ասել, որ իրենք ունեն տեղեկություն, որ ուկրաինական հետախուզությունը գործողություն է պատրաստում Ռուսաստանի տարածքում, արդյո՞ք ամերիկացիները տեղյակ են: Օստինը պատասխանել է, որ տեղյակ չեն, որից հետո կապվել է Կիևի հետ և հորդորել չանել որևէ գործողություն:
Այն, ինչ գրում եմ, իհարկե՝ հանց ֆուտբոլի դաշտում դրոշներով երկրպագուների համար չէ, այլ հանրության այն խմբերի համար, որոնք՝ ինչպես և ես, փորձում են հնարավորինս ընդգրկուն հասկանալ, թե ինչ է կատարվում համաշխարհային պատերազմի դաշտում»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան