«Սա սպառնալի՞ք է, գուցե»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Պեսկովի հայտնի հայտարարության առնչությամբ, որ, իրենք ակնկալում են, թե հույս ունեն, որ Հայաստանը չի գնա Ուկրաինայի ընտրած ճանապարհով: Իհարկե բառացի չեմ մեջերում, արտահայտում եմ իմաստը: Սա սպառնալի՞ք է: Գուցե: Ասենք, հոռետեսը կարող է ասել, որ սա սպառնալիք է, իրատեսն ասել, որ զգուշացում է, լավատեսն ասել, որ հիշեցում է: Կատակը մի կողմ, բայց եկեք պատկերացնենք, որ Պեսկովը չի ասել ոչինչ: Ուկրաինայի օրինակն ինքնին մեզ ասո՞ւմ է ինչ որ բան: Պեսկովի որևէ ասած կարող է լինել այդ օրինակից ավելի խոսո՞ւն, որ մենք խորհենք աշխարհաքաղաքական իրողությունների, աշխարհագրական իրողությունների, ռազմա-քաղաքական, հոգեբանական, և բազմաթիվ այլ իրողությունների մասին, որոնց ճակատագրական հանրագումարում Ուկրաինա պետություն այսօր արդեն ըստ էության չկա և չի լինելու, որևէ մեկը ուզի դա, թե՞ ոչ: Պրոպագանդիստական «բրավադան» թողնենք մի կողմ, դուք պատկերացնում եք, որ, օրինակ եվրոպական պետությունները, սկսած Լեհաստանից, մինչեւ Հունգարիա, Ռումինիա, եւ Ֆրանսիա ու Բրիտանիա, Թուրքիա, Եվրոպայում հանդուրժելու են Ռուսաստանին «հաղթած» Ուկրաինա՞: Դուք պատկերացնում ե՞ք, թե ինչ է նշանակում Եվրոպայում Ռուսաստանին՝ միջուկային գերտերություն Ռուսաստանին հաղթած Ուկրաինա: Միայն քաղաքական կուրության դեպքում է հնարավոր վիճարկել, որ Ուկրաինան պարզապես դարձել է խայծ Ռուսաստանի համար, որին այդ կերպ փորձում են «որսալ» Բրիտանիան ու ԱՄՆ մի կողմից, ու Չինաստանը մյուս կողմից: Իսկ Ռուսաստանն էլ իհարկե թերևս պատկերացնելով դա, չունենալով այլ գործիքակազմ՝ ռազմականից բացի, իրավիճակը փորձում է օգտագործել ԱՄՆ, Բրիտանիայի կամ Չինաստանի որսը դառնալու փոխարեն նրանց հավասար որսորդ լինելու համար: Համառոտ, պատկերավոր, սա է: Հիմա, Պեսկովը ասել, թե չի ասել, որևէ մեկի համար պարզ չէ՞, թե ինչ վտանգով է հղի Ուկրաինայի ճանապարհ ընտրելը, որը ոչ մի կապ չունի ինքնիշխանության ու սուբյեկտության ճանապարհի հետ: Պետք է հասկանալ, որ այստեղ Ռուսաստանի, Արևմոտքի, Չինաստանի, Իրանի, Ինդոնեզիայի կամ Ուգանդայի հանդեպ մեր անձնական վերաբերմունքի հարցը չէ, այլ գոյություն ունեցող իրողությունների ու պրոցեսների տրամաբանությունը ընդունելու: Ինքնիշխանությունը սկսում է հենց այդ կետից, երբ ունես իրողությունների գնահատման ինքնուրույն մեխանիզմը, այլ ոչ թե դրանք գնահատում ես որեւէ աշխարհաքաղաքական կենտրոնից ձևավորվող պրոպագանդայի ազդեցությամբ: Ինքնիշխանությունը որևէ մեկին հայհոյելը չէ՝ լինի Պեսկով, Միլլեր կամ չգիտեմ ինչ ազգանունով: Ինքնիշխանությունը այն է, երբ Պեսկովն ու Միլլերը գիտեն, որ գործ ունեն տեղի ունեցող գործընթացների տրամաբանության ընկալման սեփական համակարգ ունեցող հանրության հետ, որին հնարավոր է ենթարկել պրոպագանդայի պինգ-պոնգի, որին հնարավոր է զրկել մտածելուց և դնել «գործակալ» փնտրելու մոլուցքի մեջ, եւ կարեւոր չէ, թե ում գործակալ»:
Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը՝ թափանցիկ հետաքննություն անցկացնել ընտրական խախտումների վերաբերյալ». Բայդեն
2510:06Արարատ Միրզոյանը կմասնակցի՞ COP29-ին. «Հրապարակ»
2909:30Անդրանիկ Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն. «Հրապարակ»
2909:18Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Աննա Հակոբյանի հետ ընթրիքին. «Հրապարակ»
3209:12«Բնականաբար անհանգստացա». Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը՝ ՔԿ-ում. «Ժողովուրդ»
3409:00«Անդրանիկ Քոչարյանը կսկսի ավելի կեղտոտ պատվերներ կատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
91Երեկ, 17:30