Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Հենց երկրի շահի համար էր, որ Բայդենը դուրս եկավ ընտրապայքարից». Հայկ Մարտիրոսյան

129
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ., 08:54
«Հենց երկրի շահի համար էր, որ Բայդենը դուրս եկավ ընտրապայքարից». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախագահ Բայդենը դուրս եկավ ընտրապայքարից:
Եվ նա դա արեց ոչ թե հակառակորդների, այլ՝ սեփական կուսակիցների և սեփական ընտրախավի ճնշման ներքո:
Եվ իհարկե՝ ցուցադրելով այն, ինչ նրան ճանաչողները լավ գիտեն. որ ինքը պետության և ազգային շահը առավել վեր է դասում, քան սեփականը և հատկապես՝ սեփական իշխանությունը:
Հենց երկրի շահի համար էր, որ Բայդենը դուրս եկավ ընտրապայքարից՝ դեմոկրատների կարծիքով մեծացնելով դեմոկրատների շանսերը՝ կասեցնելու Թրամփի մուտքը Սպիտակ Տուն:
Խելացի և ճիշտ քայլ էր դա թե չէ՝ թերևս երբեք պարզ չի լինի: Նոյեմբերին դեմոկրատներն այնուամենայնիվ, կարող են և պարտվել, մինչդեռ անգամ այս վիճակով Բայդենը կարող էր և հաղթել: Կարող են և հաղթել, մինչդեռ բացառված չէ, որ եթե Բայդենը մնար՝ կպարտվեին: Բացառված չէ նաև, որ հաղթեն և եթե Բայդենը մնար՝ էլի հաղթելու էին:
Ոչ ոք այլևս երբեք չի իմանա թե իրականում ինչ կլիներ, եթե Բայդենը մնար թեկնածու:
Բայց մի բան հստակ է. նախագահ Ջո Բայդենը Ամերիկայի պատմության մեջ առնվազն վերջին հարյուրամյակում լավագույն նախագահն է: Եվ դա՝ չնայած նրան, որ ամենաանվանարկվածը, բանսարկվածն ու ծաղրվածն է: Եվ ամենը՝ հանիրավի ու անգրագետ զանգվածների կամ անհատների կողմից տարածվող տիրույթում միայն: Ամերիկյան լուրջ քաղաքագետներն ու պետական գործիչները բոլորը հրաշալիորեն գիտեն, որ վերջին հարյուրամյակի թերևս ամենաբարձր բարոյական սկզբունքներ պահպանող նախագահը նաև ամենահամարձակն էր ներքին և արտաքին խնդիրներում և որ սոցիալական ու տնտեսական առումով երկրի համար հրաշքներին համահավասար քայլեր կատարեց:
Ժամանակներն են պարզապես պղտոր և պիղծ: Դեզինֆորմացիան, ֆեյք նորություններն ու պրոպագանդիստական քարոզը աղճատում են իրականությունը և ոչ ինտելեկտուալների համար զուգահեռ՝ սուտ և ծխածածկ իրականություն ստեղծում:
Նախ քաղաքական հակառակորդները, ինչպես նաև հակառակորդ Ռուսաստանի պրոպագանդիստական մեքենան՝ իրենց անգրագետ զանգվածների ականջներին և համար ծաղրում էին նախագահ Օբամային և նրան ներկայացնում որպես թույլ ու վախկոտ կառավարիչ, մինչդեռ ճիշտ հակառակն էր:
Հիմա՝ նույնը նախագահ Բայդենին արեցին, դրան հավելելով՝ վերջին տարվա առողջական խնդրի՝ կոգնիտիվ աստիճանական վայրէջքի հանգամանքի անբարո շահագործումը:
Ու աշխարհի բազում տգետ հասարակություններում և հատկապես՝ տգիտագույնում՝ հայաստանյանում, նույնպես սկսեցին հավատալ թե իբր Ջո Բայդենը թուլամիտ էր, անկարող և անբան:
Մինչդեռ ճիշտ հակառակն էր:
Նախագահ Բայդենը, Օբամային զուգահեռ և նրանից էլ առավել գոնե ինձ համար այն եզակի նախագահն էր, որի օրոք ես, որպես ամերիկացի (տգետ հարձակվիչներին բացատրենք, որ ամերիկացին էթնոս ու ազգային ծագում չէ) անվերապահորեն հպարտ էի երկրի առաջնորդով և սատարում ու սիրում էի իմ նախագահին:
Եվ ինչպես անձամբ իմ՝ այնպես էլ միլիոնավոր կրթյալ ամերիկացիների համար, ինչպես նաև պատմության աննալներում Ջոզեֆ Բայդենը կմնա որպես նորագույն շրջանի ամենաբարոյական, ամենափորձառու, ամենամարդկային, ամենահմուտ և ամենակուռ ու ամենաարդյունավետ ամերիկյան պետական գործիչը:
Որպես [ցավոք սրտի] հայ, ես նաև երախտապարտ եմ նախագահ Բայդենին, որ մի քանի տարով երկարացրեց հայության գոյությունը Հայաստանում: Առանց Բայդենի այսօր իսկ չէին լինի ոչ միայն Ջերմուկն ու Վարդենիսը, ողջ Սյունիքն ու Տավուշը, այլև ողջ Հայաստանը, անգամ այս՝ ներկայիս ձևական առումով: Այլ հարց է, որ այդ անգնահատելի ժամանակը հայերը սովորականի պես մսխեցին ու հիմա էլի մնացին ճակատագրի քմահաճույքին:
Նախագահ Բայդենը Ամերիկայի լավագույն և բարձրագույն որակների մարմնացումն էր և պատմությունը դա վստահորեն ժամանակի հետ ավելի ու ավելի է արձանագրելու:
Հիմա այլևս Ամերիկայի ճակատագիրը կորոշվի հաջորդ դեմոկրատական թեկնածուի անձով պայմանավորված: Ու դրանից բխող՝ ընտրությունների արդյունքով:
Սակայն ոչ միայն Ամերիկայի: Նաև՝ Ուկրաինայի և իհարկե ու անվերապահորեն՝ նաև Հայաստանի:
Շնորհակակությո՛ւն, նախագահ Բայդեն:
Աստված պահապան Ձեզ և Միացյալ Նահանգներին»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան