Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

Բելառուսն Ուկրաինային խորհուրդ է տալիս չարաճճիություններ չանել

379
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 22:12
Բելառուսն Ուկրաինային խորհուրդ է տալիս չարաճճիություններ չանել

Վերջին մի քանի օրերին ուկրաինական ուժերն ակտիվացել են Բելառուսի հետ սահմանի մոտ, չպետք է թույլ տալ սրացում, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով հուլիսի 3-ին նշվող՝ Հանրապետության Անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր հանդիպմանը, փոխանցում է ԲելՏԱ-ն։
Նրա խոսքով, Բելառուսը դրան սպասում էր։

Լուկաշենկոն ենթադրել է, որ ուկրաինական կողմի գործողությունները կարող են կապված լինել Ռուսաստանից ռազմական կոնտինգենտի ժամանման հետ. նրանք մասնակցելու են Բելառուսի Անկախության օրվան նվիրված շքերթին։

«Մենք ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք որևէ էսկալացիա կամ սրացում։ Ուզում եմ, որ դա լսի Ուկրաինայի ղեկավարությունը։ ...Ես կխնդրեի ուկրաինացիներին՝ չարաճճիություններ չանել ու կրակի հետ խաղալ։ Սա շատ վտանգավոր է»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե սպառնալիք լինի, պատասխանը կլինի կոշտ ու վճռական։

Բելառուսի նախագահն ասել է, որ սահմանապահներն անցել են ուժեղացված սահմանային անվտանգության, իսկ հատուկ գործողության ուժերը «շրջափակել են հակառակորդի հավանական շարժման ուղղությունը»։

«Օդային ուժերը և ՀՕՊ զորքերը գտնվում են բարձր մարտական ​​պատրաստվածության վիճակում։ Ե՛վ մերը, և՛ ռուսներինը։ Այստեղ կա ամբողջական փոխազդեցություն: Պատրաստվածության են բերվել «Պոլոնեզ» և «Իսկանդեր» հրթիռային համակարգերը»,- հավելել է նա։

Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն վստահեցրել է, որ Բելառուսը չի պատրաստվում «ներքաշվել» որևէ ռազմական գործողության մեջ. «Ես երաշխավորում եմ, որ մենք թույլ չենք տա բախումներ Ուկրաինայի հետ սահմանին։ Չի լինի»: