Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Մոսկվան և Թեհրանը դեմ են տարածաշրջանում արտաքին խաղացողների միջամտությանը»․ ԻԻՀ ԱԳՆ

504
Երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ., 09:48
«Մոսկվան և Թեհրանը դեմ են տարածաշրջանում արտաքին խաղացողների միջամտությանը»․ ԻԻՀ ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Թեհրանում քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը՝ հանդես գալով տարածաշրջանում «արտաքին խաղացողների» միջամտության դեմ։ Այս մասին հայտնում է ԻԻՀ ԱԳՆ-ն։

«Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպման ժամանակ ես բացատրեցի Իրանի դիրքորոշում տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ՝ նշելով Կովկասում որոշ արտատարածաշրջանային խաղացողների ներկայության ապակայունացնող հետևանքները»,- գրել է Ալի Բաղերի Քանին X-ում։

«Կովկասում խաղաղության և կայունության պահպանման համար անհրաժեշտ է ավելի սերտ համակարգում և փոխգործակցություն Իրանի, Ռուսաստանի և այլ կառավարությունների միջև։ Բաղերի Քանին հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանի գործերին օտարերկրյա միջամտության ուժեղացումը պահանջում է ռազմավարական համակարգում և մշտական խորհրդակցություններ Իրանի և Ռուսաստանի պաշտոնատար անձանց միջև։ Այս առումով, նրա խոսքով, կարևոր է առավելագույնս օգտագործել տարածաշրջանային մեխանիզմների ներուժը, ինչպիսին է «3+3» հարթակը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա)՝ տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերներին պատասխանելու համար։ Խովաևն ընդգծել է Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ Մոսկվայի և Թեհրանի տեսակետների նմանությունը և այդ կապակցությամբ նշել է երկու երկրների իշխանությունների միջև սերտ և մշտական փոխգործակցության և համակարգման անհրաժեշտությունը՝ Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ պայքարելու համար»,- ասվում է ԻԻՀ ԱԳՆ հայտարարության մեջ։