Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Մարգարիտա Զաքյանն այն երջանիկներից է, որ տիեզերքի անսահմանությունը երաժշտության տեսքով կրում է իր մեջ

0
Երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ., 18:30
Մարգարիտա Զաքյանն այն երջանիկներից է, որ տիեզերքի անսահմանությունը երաժշտության տեսքով կրում է իր մեջ

Արվեստի ամենահանճարեղ ստեղծագործության մեջ անգամ գեղարվեստական արժեքներից ավելի կարևոր են նրանում ներդրված հոգին և զգայական հույզերը։ Մասնավորապես, երաժշտությունը հուզազգայական արվեստի այն տեսակն է, որ առանց որևէ խոսքի կարողանում է արտահայտել մարդու ամբողջ ներաշխարհը։ Հույզերի խռովքի մեջ բացվում են մարդկային հոգու անհասանելի խորքերը, որտեղ մարդկային հմայքով արվեստը լեզու է առնում ու վեհանում է մարդը։ Մեր հերոսուհին դեռ մանկուց տարված էր աշխարհի ամենաքնքուշ երաժշտական գործիքով՝ ջութակով և միաձուլվելով նրա նրբագույն հնչյուններին, կարողանում էր արտահայտել նրբագեղության ու համեստության տակ խնամքով թաքցրած հոգու ողջ գեղեցկությունն ու վեհությունը։

Սովորելով անվանի ջութակահար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գագիկ Սմբատյանի դասարանում, Մարգարիտա Զաքյանը հպարտ ու երջանիկ է, որ հենց իրեն է բախտ վիճակվել սովորել մի պրոֆեսորի դասարանում, որն իր կատարողական անզուգականությամբ տարիներ շարունակ կրթել ու զարգացրել է հայ ջութակի դպրոցը։ Այսօր, ցավոք, երջանկահիշատակ ուսուցիչը չի կարող լսել և հպարտանալ իր տաղանդավոր ուսանողուհու նվաճումներով։ Բայց Մարգարիտա Զաքյանը մինչ իր գործունեության և բազում ձեռքբերումների մասին խոսելը, նախ ցանկանում է առանձնահատուկ հարգանքով շնորհակալություն հայտնել իր ուսուցչին, որը բացի բացառիկ արվեստագետ լինելուց, նաև հրաշալի մարդ էր ու ավագ ընկեր։ Նա առանձնացնում է պրոֆեսորի հիշատակին կազմակերպված համերգը, որ հաջողվել է իրականացնել իր և ընկերների ջանքերով։ Նշում է նաև, որ Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ում բացվել է Սմբատյանի անվան գրադարանը, որը հագեցած է լավագույն և բազմազան նոտաներով: Այս ամենի կողքին, իհարկե արվեստագետի, մանկավարժի, պրոֆեսորի լավագույն գնահատականն այն է, որ իր տաղանդավոր սաների անունները հնչում են աշխարհի ամենահեղինակավոր բեմերից։

«Սկսեմ վերջերս ունեցած իմ համերգից, որը Քալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում էր և կրում էր բարեգործական բնույթ: Բարեգործական համերգներով հանդես եմ եկել նաև Հյուսիսային Քարոլինայի Գրինսբորո քաղաքում, նաև ունեցել եմ վարպետության դասեր տեղի երեխաների հետ: Մինչ այդ մասնակցել եմ բրազիլական «Ritmos Brasileiros» միջազգային մրցույթին, զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Պետք է նշեմ, որ հրավեր ունեի ԱՄԷ-ից և Մակաոյից, որոնց, սակայն, չկարողացա մասնակցել, քանի որ այդ ժամանակ պետք է մեկնեի Եվրոպա, որտեղ ժյուրիի անդամ էի և պետք է անցկացնեի վարպետության դասեր: Նշեմ, որ այդ ընթացքում ավարտեցի ԵՊԿ մագիստրատուրան կարմիր դիպլոմով»,- իր մասին անսահման համեստությամբ պատմում է Մարգարիտա Զաքյանը։

Հերոսուհին այն երջանիկներից է, որ տիեզերքի անսահմանությունը երաժշտության տեսքով կրում է իր մեջ և կարողանում է նուրբ և շքեղ երաժշտական գործիքի միջոցով հասցնել բազմազգ հանդիսատեսին։ Հայ ազգային երաժշտությունը միշտ արթուն պահելու համար, տաղանդավոր ջութակահարուհին աշխարհին ներկայանում է կախարդական և մեղեդային հնչյուններով։

«Շրջագայություններից, փառատոններից, բազում համերգներից ես ուզում եմ առանձնացել իմ գործունեության այն հատվածը, որը վերաբերում է երեխաների հետ աշխատանքին։ Դա շատ եմ կարևորում, որովհետև, իմ ուսուցչի նման, ես էլ ցանկանում եմ իմ ողջ ներուժը ծառայեցնել այդ կարևոր և անչափ պատասխանատու գործին։

Folclore Festival Association-ը Dragan Pantelic-ի հրավերով ներկա եմ գտնվել Հունաստանի Հանիոտի քաղաքում անցկացվող ջութակի միջազգային մրցույթին՝ որպես ժյուրիի անդամ: Hanioti ջութակի միջազգային մրցույթը կազմակերպվել էր Հանիոտի քաղաքի քաղաքապետարանի աջակցությամբ: Մրցույթին մասնակցում էին 2 տարիքային խմբեր՝ 12-16 և 16-20 տարեկան, աշխարհի 18 երկրներից: Ներկայացել է 27 ջութակահար: Ժյուրիի կազմում ընդգրկված էին աշխարհի մի շարք երկրների ջութակահարներ՝ Հունաստանից, Հայաստանից, Սերբիայից, Ավստրիայից և Լեհաստանից:
Այնուհետև, մասնակցել եմ «Mare Adriatico» միջազգային երգի պարի փառատոնի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել Լիդո Դի Ջեսսոլո քաղաքում: Շատ մեծ, բազմամարդ միջոցառում էր։ Փառատոնին մասնակցում էին 14 եվրոպական երկրների խմբեր:
Միջազգային ամենամյա փառատոնը անց է կացվում Իտալիայի Լիդո Դի Ջեսսոլո քաղաքի քաղաքապետարանի աջակցությամբ:
Եվրոպական շրջագայության վերջին կանգառը իսպանական Կալելլա քաղաքն էր, որտեղ՝ որպես ժյուրիի անդամ, մասնակցել եմ «Grand Alegria» միջազգային մրցույթին, որտեղ մասնակիցները կրկին տարբեր տարիքային խմբի երեխաներ էին։ Ժյուրիի կազմում ընգրկված էին երաժիշտներ Հունաստանից, Հայաստանից, Սերբիայից, Ավստրիայից և Լեհաստանից: Մրցույթի ավարտին ժյուրիի անդամները մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին տվեցին վարպետության դասեր»,- պատմում է Մարգարիտան:

Ցանկացած դադար կարող է սպառնալ վերընթաց կարիերային, սակայն բնույթով լինելով միշտ կատարյալին ու անսահմանությանը ձգտող, տաղանդավոր ջութակահարուհին այսօր համաշխարհային մեծությունների հետ հանրաճանաչ բեմերում ելութ ունենալու գայթակղիչ առաջարկների կողքին, չի վախենում ընտրել մայրանալու բերկրանքն զգալու ու գեղեցիկ ընտանիք ունենալու հնարավորությունը։

Ծրագրերը շատ են, նպատակներն՝ անսահման, որոնց մասին Մարգարիտա Զաքյանը նախընտրում է խոսել իր վերցրած փոքրիկ և ժամանակավոր դադարից հետո։