Երևան`   +19 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

«Հայկազունիների, Գավգամելայի և Երվանդունիների մասին». Մհեր Հակոբյան

241
Չորեքշաբթի, 10 հունվարի, 2024 թ., 22:00
«Հայկազունիների, Գավգամելայի և Երվանդունիների մասին». Մհեր Հակոբյան

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս հետաքրքիր դիսկուրս ունեցանք Հայկազունիների, Գավգամելայի և Երվանդունիների մասին…
Ընդունված է կարծել, որ մ.թ.ա. VI դարի կեսերից սկսած Հայոց թագավորությունում իշխանության է եկել մի տոհմ, որն անվանվել է «Երվանդունիներ» անունով։ Այս պնդումը, սակայն, իր հիմքում ունի, թերևս, ՄԻԱՅՆ հայտնի հաղորդումը Երվանդ I Սակավակյացի (մ.թ.ա. 590 - մոտ 552) տիրապետության մասին և հիմնված է այս արքայի ԶՈՒՏ ԱՆՎԱՆ ՎՐԱ։ Միայն այս հանգամանքը հիմք ընդունելով հետևություններ անել անձի տոհմական պատկանելիության մասին, սակայն, սխալ է։ Օրինակ, Ֆրանսիայում տիրել են «Լյուդովիկոս» («Լուի») անունով 19 արքաներ, որոնք պատկանել են արքայական չորս տարբեր գահատոհմերի։ Այսինքն՝ զուտ «Երվանդ» անունով արքայի առկայության պարագայում խոսել գահատոհմի փոփոխության մասին, կարծում եմ, ՀԻՄՆԱՎՈՐ ՉԷ և այս պարագայում Մովսես Խորենացու տեղեկություններն այն մասին, որ Հայոց թագավորությունում ընդհուպ մինչև մ.թ.ա. 331 թվականը շարունակել են իշխել Հայկազունիները, ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏ ԵՆ:
Այս առումով հատկանշական է, որ խորհրդահայ պատմագիտության պաշտոնական տեսակետն ու վերջին ձեռքբերումներն արտահայտող հայ ժողովրդի պատմություն ակադեմիական հրատարակության հեղինակներն ԱՎԵԼԻ ՔԱՆ ԶԳՈՒՅՇ ԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ.
«Նաև այն կարծիքն է արտահայտվել, թե Երվանդունիների դինաստիան իր ծագմամբ կապված է եղել մ.թ.ա. VI դարի Հայաստանի թագավորների հետ: Այդ տեսակետի օգտին վկայում է երկու դինաստիաներում Երվանդ անվան առկայության փաստը» (Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1, Երևան 1971, էջ 504), ընդ որում տողատակում հղում է կատարվում Ս. Երեմյանի աշխատանքներից մեկին (С. Т. Еремян, К вопросу об этногенезе армян, ВИ, 1951, N 7):
Փաստորեն խնդիրն, ըստ էության, հանգեցվում է միայն մեկ գիտնական կարծիքի, իսկ իրենք՝ ակադեմիական հրատարակչության հեղինակները, ընդամենը ԶԳՈՒՇՈՐԵՆ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ ԵՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ:
Եվ այսպես, կարծում եմ, պետք է հայեցակարգային առումով նոր մոտեցում ցուցաբերել, երբ Հայկազունիները Մեծ Հայքի թագավորությունում իշխել են մինչև մ.թ.ա. 331 թ-ը և միայն այդ տարում է, որ նրանց փոխարինել են Երվանդունիները, որոնք էլ ի վերջո զիջեցին իշխանությունը Արտաշես I-ին (մ.թ.ա. 201-160):
Նկարում՝ Տիգրան I-ը (մ.թ.ա. 554-522) և նրա մոտ ընկեր Կյուրոս II Մեծը (մ.թ.ա. 559-530)»:

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան