«Ինչո՞ւ է Արցախի ԱԺ-ն դատապարտում ՀՀ իշխանություններին, բայց ղեկը ձեռքը չի վերցնում». Դավիթ Գրիգորյան
123
Երեքշաբթի, 23 մայիսի, 2023 թ., 17:06
Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը. «ՄԻ ԲԱՆ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ օգնեք, խնդրում եմ Հիմա Արցախը Անկախ Հանրապետությո՞ւն է՝ իր նախագահով, ԱԺ-ով, պետական այլ ինստիտուտներով և վաղուց արդեն ինքնորոշված, թե՞ ինքնորոշման խնդիր ունեցող, Արցախի խնդիրները մշտապես այլոց պատվիրակող, այլոց պահանջներ հղող ու հայտարարությունների մակարդակով կոչեր անող, դեռևս անհայտ միավոր։ ՊՆԴՈՒՄ ԵՄ ինձ իմ ողջ կյանքի 31 տարիների ընթացքում ասել են, սովորեցրել են, որ Արցախը անկախ հանրապետություն է, որի ներքին գործերին ՀՀ իշխանությունները խառնվելու իրավունք չունեն։ Ու ես վստահ եմ եղել, որ Արցախի իշխանությունները ունեն բավարար կամք՝ արգելելու որևէ մեկին որոշելու իրենց անելիքները։ Հիմա ստացվում է, որ ե՞ս եմ հարիֆ, թե՞ Արցախը անկախ չի։ Երևի, ամեն դեպքում, առաջինը, որովհետև էշի պես հավատացել եմ, որ Արցախում կան իշխանություններ։ Չի կարելի միաժամանակ լինել սուբյեկտ ու բողոքել, որ ինչ-որ այլ սուբյեկտ որոշում է քո ճակատագիրը։ Չի կարելի լինել անկախ ու կախված լինել ՀՀ իշխանությունների որոշումներից։ Չի կարելի ունենալ նախագահ, որը կսպասի, որ որևէ այլ նախագահ իր փոխարեն որոշում կայացնի։ Բացատրեք ինձ, խնդրում եմ, կարճխելք երիտասարդիս, Արցախը ԿԱ սուբյեկտ, ուզում է ԴԱՌՆԱԼ սուբյեկտ, ԵՂԵԼ է սուբյեկտ, թե ԿԼԻՆԻ, եթե ցանկանա։ Ինչո՞ւ է Արցախի ԱԺ-ն դատապարտում ՀՀ իշխանություններին, բայց ղեկը ձեռքը չի վերցնում ու ասում․ ՀԵՐԻ՛Ք ԵՂԱՎ, թող մենք կորոշենք, թե ինչ ենք անում։ Ու վերջապես որոշի, ոչ թե բողոքի։ Չանել որևէ հստակ քայլ ու միաժամանակ բողոքել, որ մյուսները չեն անում ցանկալին՝ ռացիոնա՞լ է։ Արցախում անգամ մեկ մարդը կարող է ամբողջությամբ ԽԱՌՆԵԼ ԲՈԼՈՐԻ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ, եթե լինի։ Այլ հարց է՝ նման մարդ կա՞։ Եթե դո՛ւ չես ցանկանում որոշել քո ճակատագիրը՝ այն պատվիրակելով այլոց, ուրեմն պատրաստ եղիր, որ ցանկացածդ տարբերակով չի լինելու»: