Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Հյուսիսային հոսքի» պայթյունն ուկրաինամետ խմբավորումներն են կազմակերպել». Արևմտյան լրատվամիջոցներ

845
Չորեքշաբթի, 08 մարտի, 2023 թ., 13:00
«Հյուսիսային հոսքի» պայթյունն ուկրաինամետ խմբավորումներն են կազմակերպել». Արևմտյան լրատվամիջոցներ

ԱՄՆ ձեռքի տակ հայտնված նոր փաստերը ցույց են տալիս, որ ՌԴ-Եվրոպա խողովակաշարի՝ «Հյուսիսային հոսքեր»-ի և «Հյուսիսային հոսք-2»-ի պայթյունը, ամենայն հավանականությամբ, ուկրաինամետ խմբավորումներ են իրականացրել։ Այս մասին հայտնում է ամերիկյան NYT-ը՝ հավելելով, որ մանրամասներին չի տիրապետում, ուստի՝ չի կարող նշել՝ որքանով է արժանահավատ այդ տեղեկությունը։

Թերթը հիշեցնում է, որ պայթյունից անմիջապես հետո Լեհաստանը և Ուկրաինան ՌԴ-ին են մեղադրել այդ պայթյունի մեջ, սակայն ՌԴ-ն անմիջապես հերքել է մեղադրանքները և իր հերթին մեղադրել Լոնդոնին պայթյունը կազմակերպելու մեջ։ ՄԲ-ն ևս նշել է, որ որևէ առնչություն չունի պայթյունի հետ։

Արևմտյան որոշ աղբյուրներ նշում են, որ պայթյունի մեջ ամենաշահագրգռված կողմը Ուկրաինան է և վերջինի այն դաշնակիցները, որոնք դեմ են արտահայտվել այդ խողովակաշարին։ NYT-ի նշում է, որ Կիևի կողմից այդպիսի քայլը վատ կանդրադառնա եվրոպական երկրների, հատկապես, Գերմանիայի հետ հարաբերությունների վրա։

«Ամերիկացիները հույս ունեն, որ ԱՄՆ և եվրոպական հետախուզական ծառայությունները վաղ թե ուշ կբացահայտեն՝ ով է իրականացրել պայթյունը, սակայն, միևնույն ժամանակ էլ պնդում են, որ դեռևս չունեն փաստեր, որոնք կհավաստեն, որ Ուկրաինայի կառավարությունը կապ ունի պայթյունի հետ»։

Գերմանական Die Zeit-ը ևս անդրադարձել է պայթյունի խնդրին և նշել, որ խողովակաշարը պայթեցնելու համար օգտագործվել է լեհական ընկերությունից վարձակալած սուզանավ, որի սեփականատերերը ուկրաինացիներ են, սակայն դիվերսիայի պատվիրատուն դեռ հայտնի չէ։

Washington Post-ը իր հերթին նշում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ ստացված նոր տեղեկությունները խոսում են այն մասին, որ ՌԴ-ն հնարավոր է կապ ունենա այդ պայթյունի հետ։ Թերթի՝ Բայդենի վարչակազմում գտնվող աղբյուրը հայտնել է, որ վարչակազմում վերջնական եզրակացության գալու համար եղած տեղեկությունները բավարար չեն համարում։

Հիշեցնենք՝ «Հյուսիսային հոսքերում» և «Հյուսիսային հոսքեր 2»-ում պայթյունները տեղի են ունեցել 2022-ի սեպտեմբերի 26-ին: Պայթյունի գործով հետաքննություն իրականացնող Շվեդիան, Դանիան և Գերմանիան դեռևս չեն կարողանում բացահայտել՝ ով է իրականացրել այն։