Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2026 թ.

«Պարտություն` առանց պատերազմի». Լևոն Զարգարյան

50
Այսօր, 02:06
«Պարտություն` առանց պատերազմի». Լևոն Զարգարյան

Վերլուծաբան Լևոն Զարգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարտություն՝ առանց պատերազմի
Նոյեմբերի 23-ին Փաշինյանը ներկայացրեց նոր Սահմանադրության նախագիծը։ Նրա ուղերձում «խաղաղություն» բառն ու դրա ածանցյալները հնչում են 20 անգամ, «հակամարտություն» և «կոնֆլիկտ» բառերը՝ միասին 9 անգամ։ Մինչդեռ հակամարտության մյուս կողմը՝ Ադրբեջանը, բացակայում է։ Ավելի ճիշտ՝ հիշատակվում է ընդամենը մեկ անգամ՝ որպես ապագա համաձայնագրի կողմ։
Այս բառապաշարն ինքնին քաղաքական հայեցակարգ է։ Կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է ասում իշխանությունը, այլև այն, թե ինչն է հետևողականորեն դուրս թողնում իր քաղաքական պատումից։ Մինչդեռ ուղերձի առանցքային թեզը հենց հակամարտության մասին է։
Փաշինյանի համոզմամբ՝ Չորրորդ Հանրապետությունը Երրորդից տարբերվում է «հակամարտության բացակայությամբ», իսկ Երրորդ Հանրապետությունը ստեղծվել է «հակամարտության նպատակով, հակամարտության համար», ինչն, ըստ նրա, «ակնհայտ է» 1990թ․ Անկախության հռչակագրի տեքստից։
Առաջին հայացքից այստեղ վիճելու բան չկա. ո՞վ կհրաժարվի առանց հակամարտության ապրելու հեռանկարից։ Սակայն այս բանաձևի հիմքում լռելյայն դրված է մի կանխադրույթ՝ հակամարտությունը հայկական կողմի ընտրությունն էր։
Սա պարզապես անցյալի վերաիմաստավորում չէ։ Սա հակամարտության ծագման և դրա հետևանքների համար պատասխանատվության վերահասցեավորման փորձ է։
Դեռևս 1946թ․ Ջորջ Օրուելը «Քաղաքականությունը և անգլերենը» էսսեում նկարագրել է այս մեխանիզմը. քաղաքական լեզուն հաճախ ծառայում է անպաշտպանելին պաշտպանելուն՝ մեղմասացությունների, վերացական ձևակերպումների և կրավորական սեռի միջոցով։ «Անպաշտպան գյուղերը ռմբակոծվում են օդից, բնակիչները քշվում են դաշտեր… Սա կոչվում է խաղաղեցում»։
Նույն տրամաբանությունն է ընկած նաև Փաշինյանի ուղերձի հիմքում։ «Ստեղծվել է Ղարաբաղի հակամարտությունը»։ Ո՞ւմ կողմից։ Ի՞նչ քաղաքականության հետևանքով։ Ի՞նչ պատմական հանգամանքներում։ Գործող սուբյեկտը դուրս է մղվում քաղաքական պատումից, իսկ պատասխանատվությունը վերագրվում է նրան, ում մեղադրելը տվյալ պահին քաղաքականապես նպատակահարմար է։
Այս մեխանիզմն անուն ունի․ 1971թ․ ամերիկացի հոգեբան Ուիլյամ Ռայանը «Մեղադրել զոհին» (Blaming the Victim) գրքում նկարագրեց մի գաղափարախոսություն, որը դժբախտության պատճառները փնտրում է ոչ թե այն առաջացրած համակարգի կամ գործող սուբյեկտի վարքագծում, այլ տուժողի առանձնահատկությունների մեջ։ Բռնության պատասխանատուն անհետանում է պատումից, իսկ զոհի ինքնությունը, վարքագիծը կամ պահանջները ներկայացվում են որպես նրա դժբախտության պատճառ։
Փաշինյանի ուղերձում գործում է նույն մեխանիզմը։ Ատելություն քարոզող և բռնություն գործադրող քաղաքական համակարգ չկար, փոխարենը կար հայ ժողովուրդը, որն իբր ընտրել էր հակամարտությունը, և նրա Անկախության հռչակագիրը, որն իբր իրավական ու քաղաքական ձևակերպում է տվել այդ ընտրությանը։ Սակայն պատմական ժամանակագրությունը վկայում է հակառակի մասին։
1988թ․ փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի նստաշրջանը դիմեց Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Հայկական ԽՍՀ կազմ փոխանցելու միջնորդությամբ։ Մեկ շաբաթ անց տեղի ունեցան Սումգայիթի ջարդերը. միայն պաշտոնական տվյալներով սպանվեց 26 հայ։ Հաջորդեցին Կիրովաբադը, իսկ 1990թ․ հունվարին՝ Բաքուն։
Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990թ․ օգոստոսի 23-ին՝ Սումգայիթից 2.5 տարի անց։ Իսկ 1991-ի գարնանն ու ամռանը խորհրդային զորքերն ու ադրբեջանական ОМОН-ը «Օղակ» («Кольцо») գործողության շրջանակում տասնյակ հայկական գյուղերի բնակչությանը բռնի տեղահանեցին՝ «անձնագրային ռեժիմի ստուգման» պատրվակով։ Հետևաբար ոչ թե Հռչակագիրն է ծնել հակամարտությունը, այլ արդեն գոյություն ունեցող հակամարտությունն է պայմանավորել Հռչակագրի քաղաքական բովանդակությունը։
Քննադատները կարող են առարկել, որ ջարդերը հաջորդել են մարզխորհրդի որոշմանը, իսկ փետրվարի 22-ին Ասկերանի մոտ զոհվել է երկու ադրբեջանցի։ Սակայն բախմանն հետևանքը եղավ ոչ թե մեղավորների իրավական պատասխանատվությունը, այլ խաղաղ մարդկանց սպանություն հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ մարդկանց, ովքեր ոչ մի բանի օգտին չէին քվեարկել։
Երբ 2017թ․ Կատալոնիան դատարանի արգելած հանրաքվեից հետո անկախություն հռչակեց, Մադրիդը պատասխանեց Կատալոնիայում ուղղակի կառավարում հաստատելով։ Սակայն քաղաքական և սահմանադրական ճգնաժամը չվերածվեց Մադրիդի փողոցներում կատալոնացիների զանգվածային սպանությունների։ Իսպանիան, անշուշտ, Խորհրդային Միությունը չէր։ Սակայն համեմատության իմաստն այլ է. քաղաքական պահանջին էթնիկ բռնությամբ պատասխանելը ոչ թե այդ պահանջի բնական հետևանքն է, այլ տվյալ հասարակության և քաղաքական համակարգի վիճակի ախտորոշումը։ Նման ատելությունը մեկ շաբաթում չի ձևավորվում։ Մարզխորհրդի որոշումը կարող էր դառնալ դրա դրսևորման առիթը, բայց ոչ պատճառը։
Հայ ժողովրդի քաղաքական ընտրությունն այլ էր՝ ապրել սեփական հողում, պահպանել լեզուն, մշակույթը, ազգային ինքնությունը և հայ լինելու իրավունքը։ Աչքի առաջ Նախիջևանի օրինակն էր, որտեղ հայկական բնակչությունն անհետացավ առանց լայնածավալ պատերազմի, աստիճանաբար և գրեթե անաղմուկ։ 1917թ․ հայերը կազմում էին բնակչության ավելի քան 40%-ը, 1926-ին՝ 10%-ը, 1979-ին՝ ընդամենը 1,4%-ը։
Արցախի հայերի համար ինքնորոշման պահանջը ոչ միայն ազգային ինքնության արտահայտություն էր, այլև ժողովրդագրական ու ֆիզիկական անվտանգության ապահովման միջոց։ Նրանց ընտրությունն ինքնորոշումն էր, ոչ թե հակամարտությունը։ Հակամարտությունը պարտադրվեց, երբ այդ ընտրությանը պատասխանեցին բռնությամբ։
1990թ․ Անկախության հռչակագիրն իրավունքի լեզվով ամրագրեց արդեն ձևավորված քաղաքական իրողությունը՝ վկայակոչելով «ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը»։ Հռչակագիրն այդ ժամանակից ի վեր մեկ ստորակետով անգամ չի փոխվել։ Փոխվել է ընթերցողը։
2019թ․ օգոստոսին Ստեփանակերտում Փաշինյանը հռչակեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ 2023թ․ նա խոստովանեց, որ Անկախության հռչակագրին վերաբերվել է որպես «աստվածաշնչյան ուղերձի», թեև իր «ետպատերազմյան ընթերցումները որոշակիորեն տարբերվում են նախապատերազմյան ընթերցումներից»։ «Աստվածաշնչյան ուղերձի» և «կոնֆլիկտի տրամաբանության» միջև ընկած է ոչ թե սահմանադրաիրավական նոր բացահայտում, այլ պարտված պատերազմ, որից խուսափելու տեսական հնարավորությունը Փաշինյանը, իր իսկ խոսքերով, մերժել էր։
Հատկանշական է, որ Անկախության հռչակագիրը ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1997թ․ «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի հեղինակը։ Փաստորեն, հռչակագիրը քաղաքականապես համատեղելի էր թե՛ 1997թ․ փոխզիջումային կարգավորման հայեցակարգի, թե՛ 2019թ․ «և վերջ»-ի հետ։ Հետևաբար Հռչակագիրը չէր կանխորոշում Հայաստանի արտաքին քաղաքական մարտավարությունը։
Պատերազմի և խաղաղության վերաբերյալ որոշումները կայացնում են իշխանությունները, ոչ թե պատմական փաստաթղթերը։ Հռչակագիրը քաղաքական սուբյեկտ չէ։ Կայացված որոշումների, սխալ հաշվարկների, պատերազմում պարտության, ձախողումների և դրանց հետևանքների համար պատասխանատվությունը կրում է քաղաքական ղեկավարությունը, այլ ոչ թե Հռչակագիրը։
Ավելի կարևոր է, սակայն, հասկանալ, թե ինչ է քաղաքականապես վերաիմաստավորվում Հռչակագրի մերժմամբ։
Ըստ Փաշինյանի՝ Երրորդ Հանրապետությունը ստեղծվել է «ոչ թե… մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու», այլ հակամարտության համար։ Մինչդեռ Անկախության հռչակագրի 9-րդ կետը երաշխավորում է խոսքի և մամուլի ազատությունը, իշխանությունների տարանջատումը, բազմակուսակցական համակարգը, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացումը։ Երրորդ Հանրապետության քաղաքական վերնախավերի սխալները Հռչակագրի 9-րդ կետի խախտման հետևանք էին, այլ ոչ թե դրա տրամաբանության իրագործում։ Հռչակագիրը նշաձող էր, ոչ թե պատճառ։ Նոր սահմանադրության նախագիծը վերացնում է հենց այդ նշաձողը։
Նոր Սահմանադրության նախագծում «հայ ժողովրդին» փոխարինում է «Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»։ Սա զուտ խմբագրական փոփոխություն չէ։ Խոսքը պետության հիմնադիր քաղաքական սուբյեկտի վերաիմաստավորման մասին է՝ ազգային-պատմական ընդհանրության փոխարեն սահմանելով տարածքային-քաղաքացիական ընդհանրություն։ Քաղաքացիական ազգի հայեցակարգն ինքնին չի հակասում ազգային պետականության գաղափարին։ Սակայն Հայաստանի պարագայում հարցն այն է, թե ինչ քաղաքական նպատակ է հետապնդում այս անցումը և ինչու է այն ուղեկցվում պատմական հիշողության, ինքնորոշման իրավունքի և ազգային պահանջների հետևողական վերաիմաստավորմամբ։
Միաժամանակ Փաշինյանը հասարակությանը ենթարկում է շանտաժի․ «մենք սովորաբար ունեցել ենք կա՛մ խաղաղություն, կա՛մ պետություն», իսկ այժմ կարող ենք ունենալ «միևնույն ժամանակ և՛ խաղաղություն, և՛ պետություն»։ Այս կերպ նա փորձում է ներկայացնել, որ ՀՀ հարատևության նախապայմանը հակամարտության բացակայությունն է, ինչը, ըստ նրա քաղաքական սոփեստության, ենթադրում է հրաժարում ազգային պետությունից։ Պետության միջազգային ճանաչումը, տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնությունն ու պատմական հիշողությունը միմյանց բացառող կատեգորիաներ չեն։
Հայաստանին քարտեզից անհետանալու վտանգ չի սպառնում։ Փաշինյանը ժողովրդին առաջարկում է որպես ձեռքբերում այն, ինչ վերջինս արդեն ունի՝ պետականություն։ Իսկ դրա դիմաց պահանջվող քաղաքական գինը պատմական հիշողության, ազգային ինքնության և սեփական անցյալն ինքնուրույն մեկնաբանելու իրավունքի զիջումն է։
Այս գործարքի պարադոքսը նկարագրել է հենց ինքը՝ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Ղարաբաղի հակամարտությունը, թերևս, հենց դրա համար է ստեղծվել, «որ խաղաղությունը երազանք դառնա, և այն վերգտնելու երազանքը մեզ բերի պետությունից ու անկախությունից հրաժարվելու մտքին»։
Դժվար է ավելի ճշգրիտ բնութագրել այն վտանգը, որն առաջանում է, երբ խաղաղությունը հռչակվում ցանկացած քաղաքական զիջում արդարացնող նպատակ, այդ թվում՝ պետականության հիմքերի քաղաքական բովանդակության աստիճանական դատարկման միջոցով։
Նախիջևանի օրինակը հենց այդ պատճառով է կարևոր։ Արցախի հայերը 1988թ․ չէին ցանկանում ընդունել մի հեռանկար, որի դեպքում խաղաղության արտաքին պատկերի հետևում աստիճանաբար անհետանում էր մի ամբողջ ազգային հանրություն։ Իսկ այս քաղաքական գործարքի պայմանների հետ չհամաձայնողների համար իշխանությունն ունի առանձին «փաստարկ»՝ Եռաբլուրը։
Նոյեմբերի 26-ին Փաշինյանը հայտարարեց. «Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել»։ Նոր գերեզմանների բացակայությունն անվիճելի արժեք է։ Սակայն այս հայտարարությունն անում է մի ղեկավար, որի կառավարման տարիներին պատերազմներում զոհվել է ավելի քան 4500 մարդ։ Նույն օրը, բացատրելով, թե ինչու Արցախի հայերի անձնագրերում որպես ծննդավայր նշվելու է «Ադրբեջան», Փաշինյանը ձևակերպեց հետևյալ այլընտրանքը. «Կա՛մ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կա՛մ պետք է խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում մնանք»։
Ուշադրություն դարձնենք ձևակերպմանը՝ «Եռաբլուրը պետք է ընդլայնվի»։ Ո՞ւմ գործողությունների հետևանքով։ Ո՞վ է սպառնում Հայաստանի անվտանգությանը։ Ո՞վ է պատերազմ սկսելու, եթե Հայաստանի քաղաքացին չհամաձայնի սեփական կառավարության քաղաքական որոշման հետ։ Քերականության մեջ կրավորական կառույցը կիրառվում է, երբ գործող անձն անհայտ է կամ էական չէ։ Քաղաքական խոսքում այն կիրառվում է նաև այն ժամանակ, երբ գործող անձը հայտնի է, բայց նրա անունը տալը քաղաքականապես անցանկալի է։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հիշեցրել է, որ նման ձևակերպումներ 2022-2025թթ․ հնչում էին ադրբեջանական «Caliber.az»-ի վերնագրերում՝ որպես կանոն, Ադրբեջանի հերթական ռազմական գործողություններից առաջ (հղումը՝ մեկնաբանությունում)։ Խնդիրն այն է, որ արտաքին սպառնալիքի տրամաբանությունն այժմ վերարտադրվում է Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում։ Այն, ինչ նախկինում գործածվում էր Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, այսօր կիրառվում է Հայաստանի ներսում քաղաքական անհամաձայնությունը կանխելու նպատակով։ Նույն սպառնալիքը, նույն հեղինակը․ փոխվել է միայն այն հնչեցնողը։
Այսպես Եռաբլուրը վերածվում է քաղաքական գրավի, որը խաղասեղանին է դրվում ամեն անգամ, երբ հասարակության որևէ հատված կասկածի տակ է առնում իշխանության որոշումները։ Անհարմար հարց տված լրագրողին ի պատասխան հնչում է Եռաբլուրով առևտուր անելու մեղադրանք և «դուք եղկելի եք» վիրավորանք։ Մոնթե Մելքոնյանին նվիրված ֆիլմի պրեմիերային ավտոմատներով պարի դեպքում՝ «Հետո պիտի վերադառնանք Եռաբլուրի ընդլայնման և չընդլայնման թեմաներին, հա՞»։ Արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի նշման կարգի հետ անհամաձայնության դեպքում՝ դարձյալ նույն սպառնալիքը։ Եվ սա այն պարագայում, երբ ՆԳ նախարարի պարզաբանմամբ՝ ծննդավայրի տողում հնարավոր էր նշել նաև գյուղը կամ քաղաքը։
Խնդիրը, հետևաբար, միայն վարչական կամ տեխնիկական չէ։ Այն քաղաքական որոշման և այդ որոշումը հանրությանը պարտադրելու մեխանիզմի մասին է։
Այժմ անդրադառնանք սահմանադրական գործընթացի գլխավոր հակասությանը։ Մի կողմից հասարակությանը համոզում են, որ սահմանադրական փոփոխությունները ներքին անհրաժեշտություն են և ինքնիշխան որոշման հարց։ Մյուս կողմից դրանց ընդունումը կապվում է արտաքին հակամարտության կարգավորման և պատերազմի վերսկսման վտանգի հետ։ Ստեղծվում է քաղաքական միջավայր, որտեղ հանրաքվեում «ոչ»-ը ոչ թե քաղաքացու օրինական դիրքորոշումն է, այլ խաղաղության մերժում և նոր զոհերի համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն, Փաշինյանի խոսքերով՝ քաղաքացու ազատ կամարտահայտում «Եռաբլուրի ընդլայնման» թեմայով։
Թե ինչու համաձայնագիրը չի ստորագրվի նաև հանրաքվեից հետո, բազմիցս քննարկվել է։
Սակայն առավել էական է հետևյալը. եթե Հայաստանն իսկապես հասել է այնպիսի քաղաքական հանգրվանի, երբ կարող է միաժամանակ ունենալ և՛ խաղաղություն, և՛ պետություն, ապա ինչո՞ւ է սեփական հասարակության հետ բանակցություններում անհրաժեշտ շարունակաբար վկայակոչել նոր գերեզմանների հեռանկարը։ Հակասությունն ակնհայտ է․ եթե խաղաղությունն իրական է և հիմնված է փոխադարձ պարտավորությունների ու կայուն երաշխիքների վրա, ապա Եռաբլուրի ընդլայնման մասին սպառնալիքը ներքաղաքական մանիպուլյացիա է։ Իսկ եթե պատերազմի սպառնալիքն իրական է, ապա այն, ինչ ներկայացվում է որպես հաստատված խաղաղություն, առայժմ հարկադրանքի պայմաններում ձևավորված քաղաքական հարաբերություն է, որի կայունությունը կախված չէ կողմերի ներքաղաքական գործընթացներից։
1988թ․ մեզ պարտադրվեց հակամարտություն։ Այժմ նույն հարկադրանքի պայմաններում մեզ պարտադրվում է «խաղաղություն»։ Մինչդեռ խաղաղությունը պետք է լինի երկկողմանի և ինքնիշխան քաղաքականության արդյունք, ոչ թե մյուս կողմի պահանջով ինքնիշխանությունից աստիճանաբար հրաժարվելու հիմնավորում։ Այն պետք է ազատի հասարակությանը վախից, ոչ թե վախը վերածի հասարակությունը կառավարելու մշտական գործիքի։ Եվ երբ երկրի ղեկավարը սեփական քաղաքացիների անհամաձայնությանը պատասխանում է նոր գերեզմանների հեռանկարով, Եռաբլուրն այլևս միայն ազգային հիշողության և զոհողության վայր չէ։ Այն դառնում է քաղաքական գրավ մի խաղում, որտեղ խաղադրույք կատարողը մեկն է, իսկ պարտության գինը վճարողները՝ ուրիշները։
Հ.Գ. «Եթե երկիրը պատերազմի և նվաստացման միջև ընտրում է նվաստացումը, ապա ի վերջո ստանում է թե՛ պատերազմ, թե՛ նվաստացում»։ Սրանք Ուինսթոն Չերչիլի խոսքերն էին 1938թ․ սեպտեմբերին՝ Մյունխենյան համաձայնագրի ստորագրումից երկուսուկես շաբաթ առաջ։ Համաձայնագրի ստորագրումից մեկ շաբաթ անց Բրիտանիայի խորհրդարանում Չերչիլն այն որակեց՝ որպես «պարտություն առանց պատերազմի»»։

Աղբյուրը`   Լևոն Զարգարյան