Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 26 հունիսի, 2022 թ.

Իրանում սպանված գնդապետը Ղասեմ Սոլեյմանիի աջ ձեռքն է եղել

956
Երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ., 18:18
Իրանում սպանված գնդապետը Ղասեմ Սոլեյմանիի աջ ձեռքն է եղել

Մայիսի 22-ին Թեհրանի կենտրոնական փողոցներից մեկում սպանված բարձրաստիճան զինվորական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետ Հասան Սայադ Խոդայը կապ է ունեցել ադրբեջանցի վարձու մարդասպանի հետ, ով ձերբակալվել էր անցյալ տարվա սեպտեմբերին Կիպրոսում, ուր ուղարկվել էր՝ վերացնելու իսրայելցի գործարարներին: Այս մասին հայտնում են իսրայելական աղբյուրները։

Պարզվել է նաև, որ զինծառայողը 2 տարի առաջ ամերիկյան անօդաչու թռչող սարքի կրակից սպանված «Քուդս» իսլամական հեղափոխության պահապանների հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի աջ ձեռքն է եղել։
Իրանցի իրավապահները փնտրում են Խոդայի սպանության մեջ ներգրավված անձանց։

Սպանվածը նաև եղել է Իրանի պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական համալիրի տեխնոլոգիական հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավարի օգնականը։ Նախնական տվյալներով՝ խոսքը պատվիրված սպանության մասին է։ Մարդասպանները եղել են 2-ը, 2-ն էլ՝ մոտոցիկլետներով: Մոտենալով ավտոմեքենային, որի մեջ եղել է ԻՀՊԿ-ի 50-ամյա սպան, նրանք կրակ են բացել: Գնդապետի ուղղությամբ արձակվել է մոտ 5 փամփուշտ, նա տեղում մահացել է։ Մարդասպաններին հաջողվել է փախչել։ Նրանց ինքնությունը ներկայում պարզվում է։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կատարվածը որակել է՝ որպես ահաբեկչություն։

Mehr լրատվական գործակալությունը գրում է, որ սպանությունն իրականացրել են «հակահեղափոխական տարրերը»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետի սպանությունը համընկել է իրանական լրատվամիջոցներում իսրայելական հետախուզության հետ կապ ունեցող լրտեսական օղակի հայտնաբերման մասին հաղորդագրությունների հրապարակման հետ։ Fars գործակալությունը գրել է, որ ձերբակալվել են «Սիոնիստական ​​ռեժիմի» հետ առնչություն ունեցող մի քանի անձինք։
Լրատվամիջոցները նշում են, որ մահացածն աջակցություն է ցուցաբերել Հեզբոլլահին և պաղեստինյան դիմադրության ուժերին՝ նրանց ճշգրիտ զենք փոխանցելով։ Նա 15 տարեկանում միացել է ԻՀՊԿ-ին։ Նշվում է նաև, որ սպանությունը տեղի է ունեցել Սիրիա գործուղումից վերադառնալուց անմիջապես հետո։

Իսկ իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ գնդապետ Սայադ Հոդայը պատասխանատու է եղել Իսրայելի քաղաքացիների և արտերկրում իսրայելական թիրախների դեմ հարձակումների պլանավորման և նախապատրաստման համար: Kan Bet ռադիոկայանի փոխանցմամբ՝ ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստվում Թուրքիայում, Կիպրոսում, Քենիայում և Կոլումբիայում։ Բոլոր հարձակումները կանխվել են իսրայելական հետախուզության՝ «Մոսադ»-ի կողմից։

«Քան Բեթ»-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ ստացված տեղեկատվության համաձայն՝ գնդապետ Սայյադ Խոդայը վերջերս նշանակվել է բարձր պաշտոնի Իրանի՝ ռազմական նպատակներով անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության ծրագրում:

Հաղորդվում է նաև, որ սպանված գնդապետը կապված է եղել Կիպրոսում ձերբակալված ադրբեջանցի մարդասպան Օրխան Ասադովի հետ։ Անցյալ սեպտեմբերին Կիպրոսի հետախուզական ծառայությունները ձերբակալել էին ռուսական անձնագրով 38-ամյա ադրբեջանցի Ասադովին, ով ուղարկվել էր երկրում հրեա գործարարներին, այդ թվում՝ միլիարդատեր Թեդի Սագիին լիկվիդացնելու համար: Ավելի ուշ նրա հանցակիցներից մի քանիսը ձերբակալվել են։ Այդ ժամանակ Իսրայելի կառավարությունը, այդ թվում՝ պաշտպանության նախարար Բենի Գանցը, հայտարարել էր, որ իրանական հետախուզական գործակալությունների կողմից Կիպրոսում հրեա գործարարների դեմ ծրագրված ահաբեկչությունը կանխվել է Իսրայելի հետախուզական գործակալությունների կողմից։

«Իրանը մնում է գլոբալ և տարածաշրջանային սպառնալիք, ինչպես նաև մարտահրավեր Իսրայելի համար, և մենք կշարունակենք աշխատել՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին և Իսրայել պետությանը ցանկացած սպառնալիքից», - ասել է Գանցը Քնեսեթում:

Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Օրխան Ասադովը Ռուսաստանում համագործակցել է իրանական հետախուզական ծառայությունների հետ, և Մոսադը որոշ ժամանակ հետևել է նրան։ Մարդասպանին ձերբակալել են հատուկ իսրայելական հետախուզության տրամադրած տեղեկատվության հիման վրա։

Այժմ, ըստ իսրայելական կողմի, պարզ է դարձել, որ հենց գնդապետ Խոդայն է կանգնած Կիպրոսում իսրայելցի գործարարների վրա հարձակման հետևում։