Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Զախարովան հայտարարել Է, որ ՌԴ-ն մտահոգված է Ղարաբաղում վարձկանների ներկայությամբ

923
Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 22:05
Զախարովան հայտարարել Է, որ ՌԴ-ն մտահոգված է Ղարաբաղում վարձկանների ներկայությամբ

Ռուսաստանը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ վարձկանների աճող ներգրավմամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող ռազմական գործողություններով, մարտերում Մերձավոր արևելքից օտարերկրյա վարձկանների՝ ավելի ընդգրկուն ներգրավմամբ։ Հակամարտող կողմերի տնտեսության և հասարակության համար ծախսերը նկատելիորեն աճել են»,-ասել է նա։
«Համոզված ենք խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շրջանակում բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մեջ»,-նշել է դիվանագետը:
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը հակամարտության լարվածությունը շուտափույթ կերպով թուլացնելու և բանակցային գործընթացի վերսկսման նպատակով շարունակում է եռանդուն ջանքեր գործադրել:
«Մեզ խիստ անհանգստացնում է, որ հակամարտության ընթացքում երկու կողմերից խաղաղ բնակիչներ են զոհվում։ Մենք ամենասկզբից փորձել ենք հասնել կրակի շուտափույթ դադարեցմանը և իրավիճակը քաղաքական-դիվանագիտական հուն տեղափոխելուն։ Մենք ամեն ջանք գործադրում ենք իրավիճակը հենց քաղաքական-դիվանագիտական, խաղաղ հուն տեղափոխելու համար»,-ասել է դիվանագետը: