Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Ադրբեջանը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե. Արցախի ԱԳՆ

937
Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2020 թ., 16:15
Ադրբեջանը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը. «Խստագույնս դատապարտում ենք մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը։ Հատկապես աղաղակող է այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո։ Իր գործողություններով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե։
Այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը վտարյալ պետությանը կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»։