Երևան`   +22 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ.

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

419
Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ., 15:00
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ նախորդ օրը կորոնավիրուսի կասկածանքով ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների թեստավորման արդյունքներն այսօր ստացվել են, որոնցից մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական:

Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ, քաղաքացին ապրիլի 2-ին, առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ի «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ թեստավորված քաղաքացին եղել է ՀՀ-ից վերադարձած քաղաքացու հարևանուհին, ով ապրիլի 4-ին, այլ խնդրով տեղափոխվել նույն բուժմիավորում՝ բրոնխիտի ախտանիշներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, ապա նախորդ օրերին, նրա հետ շփված բոլոր 17 քաղաքացիները, ապահովության նկատառումներով, նախօրոք ինքնամեկուսացվել են և այս պահին որևէ ախտանիշներ չունեն:

Արցախի «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները նրա հետ հնարավոր շփումների շրջանակը ճշտելուց հետո, օրեր առաջ, ինքնամեկուսացված քաղաքացիների առանձնատներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ են իրականացրել:
Նշենք, որ բնակավայրը շրջկենտրոնից գտնվում 39 կմ, մայրաքաղաքից՝ 89 կմ հեռավորության վրա:Վերոնշյալ բնակավայրը, քաղաքացուն մեկուսացնելուց հետո, գտնվել է վերահսկողության տակ:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»: