Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Էդուարդ Մարտիրոսյանը՝ ՀՀ-ում ադրբեջանցի գործակալի մասին

784
Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 12:45
Էդուարդ Մարտիրոսյանը՝ ՀՀ-ում ադրբեջանցի գործակալի մասին

«Դա մոնտաժված տեսանյութ է և իրականությանը չի համապատասխանում: Ցանկացած տեսանյութ կարելի է տեղադրել և կողքից իբրև ադրբեջանցի է, այդպես մեկնաբանել: Բայց մենք իհարկե դրա վերաբերյալ մեր եզրակացությունը կտանք և կլուսաբանենք». փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին:

Կադրային փոփոխությունների վերաբերյալ էլ նկատեց, թե դրանք եղել են և կլինեն: Սակայն ինքը կտրուկ քայլերի չի գնացել:

«Կադրային ջարդ չեմ իրականացրել, որովհետև ԱԱԾ-ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի այդպիսի ջարդ իրականացնել: ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով, և մարդիկ մեծ պատասխանատվությամբ կատարում են իրենց աշխատանքը»,- ասաց ՀՀ ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Անդրադառնալով ֆեյք էջերի թեմային՝ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ դրանցից մեկի՝ «Դիանա Հարությունյանի» առիթով քրեական գործի նախաքննությունն ընթացքի մեջ է, սակայն պետք չէ միայն դրա շուրջ կենտրոնանալ: Բոլոր այն կեղծ օգտատերերը, որոնք վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը համար, կհայտնաբերվեն և կպատժվեն:

«Օրերս քրեական գործ է հարուցվել 3 օգտատերերի նկատմամբ, որոնք ՀՀ և Արցախի անվտանգության հանդեպ սպառնալիքներ են հնչեցրել»,- ասաց ԱԱԾ պետի պաշտոնակատարը:

Վարչապետի՝ ԱԱԾ որոշ շրջանակների և սատանայի միջև եղած կապերը ճշտելու հանձնարարականի մասին էլ նկատեց, թե «ցանկացած շարժում՝ դա կլինի սատանիստական, թե միգուցե կրոնական այլ շարժումներ, որոնք կվտանգեն մեր ազգային անվտանգությանը, մենք դրա դեմ մեր գործառույթներն ենք գործի դնելու և օրենքի խստությամբ պատժելու ենք»:

Պաշտոնյան չբացառեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների նոր ձերբակալություններ առաջիկայում կլինեն, որոնք կարող են հասարակության համար աղմկոտ լինել, բայց ԱԱԾ-ի համար՝ ոչ: