«Հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու». ՀՀ վարչապետ
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ. Հարգելի հայրենակիցներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների ու զանգվածային տեղահանումների զոհերի անմար հիշատակը: 30 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես եղավ ու դատապարտեց Բաքվում հայ բնակչության ջարդերը: Սումգայիթի ոճրագործությունից հետո թափ հավաքող բռնաճշնումների և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով, 1990 թվականին Բաքվի 250 հազարանոց հայկական համայնքից մնացել էր միայն 35-40 հազարը՝ հիմնականում տարեց և անօգնական մարդիկ: Նրանց հետագա ճակատագիրն ավելի ողբերգական էր: Հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ. այսպիսինն էր շուրջ մեկ շաբաթ Բաքվում մոլեգնած հակահայկական ջարդերի հետևանքը: Բաքվի հայերը որևէ սպառնալիք չէին հանդիսանում Ադրբեջանի, նրա իշխանությունների կամ քաղաքական ուժերի համար: Նրանք միայն ցանկանում էին շարունակել ապրել իրենց և իրենց նախնիների ծննդավայրում: Այնուհանդերձ Ադրբեջանի կողմից նրանք ընկալվում էին սպառնալիք միայն իրենց էթնիկ ծագման պատճառով: Հայերը Բաքվում ապրել էին դարեր շարունակ և այդ քաղաքին տվել իրական բազմամշակութային դիմագիծ: 19-րդ դարում նրանք մեծագույն ավանդ են ունեցել քաղաքի նավթարդյունաբերության հիմնադրման և զարգացման գործում: Անգնահատելի է հայության դերը քաղաքի զարգացման գործում նաև խորհրդային տարիներին: Դեպքերից 30 տարի անց Ադրբեջանում գոյություն չունի Բաքվի հակահայկական ջարդերի զոհերի հանդեպ որևէ հարգանք և կարեկցանք: Այն սակավաթիվ ձայները, որոնք քաջություն են ունեցել անգամ գրական ստեղծագործություններում հիշատակել Բաքվի հայերին բաժին հասած ողբերգությունը, գամվել են անարգանքի սյունին և պաշտոնապես հռչակվել դավաճան: Անգամ այսօր անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները դասվում են Ադրբեջանի հերոսների շարքին, իսկ նրանց գործած ոճիրները համարվում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ պայքարի փառապանծ էջ: Ցավով պետք է արձանագրենք, որ անցած երեք տասնամյակն Ադրբեջանում չի դարձել վերաիմաստավորման, մեղանչման և հաշտության հասնելու ժամանակաշրջան: Այս ընթացքում ականատես ենք եղել Արցախի բնակչությանը բնաջնջելու փորձի, մարդասպանության համար պատիժ կրող Ռամիլ Սաֆարովին ազատ արձակման և հերոսացման, 2016թ. ապրիլին Արցախի սահմանամերձ բնակավայրում տարեց և անօգնական մարդկանց դաժան խոշտանգման և սպանության: Հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը և հավատամքը: Սիրելի հայրենակիցներ, Այսօր, մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր միջազգային կառույցներին և խորհրդարանական մարմիններին, որոնք արձագանքել և փաստագրել են այս իրադարձություններին՝ դրանք դատապարտելով ու աշխարհին ի ցույց դնելով: Գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու: Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և ողջ աշխարհասփյուռ հայությունը միասնաբար ներդնելու են իրենց ողջ ներուժը՝ ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքը իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում»: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
