Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

«Եկեղեցին դեռ չի հասկացել, որ դավանանքը այլ բան է, կրթությունը՝ բոլորովին այլ բան». Լևոն Բարսեղյան

115
Չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ., 23:05
«Եկեղեցին դեռ չի հասկացել, որ դավանանքը այլ բան է, կրթությունը՝ բոլորովին այլ բան». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ եկեղեցու մոտեցումն անսասան է.- «Հայ եկեղեցու պատմություն» առարկան չպիտի հանվի դպրոցական ծրագրերից»,- հաղորդեց «Ազատություն» ռադիոկայանը:

Ուշադրություն դարձրեք, խոսքը հոգևոր դպրոցների մասին չէ, սա Հայ առաքելական եկեղեցուն ենթակա դպրոցների մասին չէ, սա պետական բյուջեով վճարվող և աշխարհիկ դպրոցի մասին է: Հոգևորականը խոսում է սևեռուն մոլեռադությամբ, ասես մտել ենք իր տունը և կամոդն ենք հանում տնից առանց իր թույլտվության:

ՀԱՍԵ-ն, երևի, շուտով կկամենա որոշել, որ մարդու ծագման աստվաշնչյան տարբերակը դպրոցում փոխարինի դարվինական տեսությանը, երկրի գնդաձևության ապացույցները դասագրքերից դուրս շպրտել կպահանջի, դասասենյակներում տղաներին պիտի զատել աղջիկներից ու էլի ահագին բան կպահանջի: Եկեղեցին դեռ չի հասկացել կամ հասկացել է ու մարդու չի ասում, որ դավանանքը այլ բան է, կրթությունը՝ բոլորովին այլ բան, որ եկեղեցին, որն էլ լինի՝ պետությունից անջատ է, որ եկեղեցու պատմությունը հայոց պատմության և Հայաստանի պատմության մի շերտն է ընդամենը, մի փոքրիկ մասը, որ մեր երկիրը կա ոչ թե եկեղեցու, այլ հանրային հավաքական կամքի շնորհիվ, որ եթե եկեղեցին մաս ունի հայապահպանության գործում, ապա կապ ունի նաև ուժը, զոռը, գիտությունը, աշխատանքը, սերը և այլն: Չուզեցին հասկանալ, որ Հայաստանը ոչ միայն եկեղեցի գնացող հայ քրիստոնյաների երկիրն է, այլև՝ հայ կաթոլիկների, հայ ավետարանչականների, այստեղ ապրող եզդիների, քրդերի, ռուսների, ուկրաինացիների, վրացիների, ասորիների, հրեաների, հույների, լեհերի, մուսուլմանների, եհովականների, մորմոնականների, բուդդիստների և այլոց երկիրն է:

Ի՞նչն է խանգարում ՀԱՍԵ-ին բացել իրենց կիրակնօրյա դպրոցները և այնտեղ պատմել ՀԱՍԵ պատմությունը, քարոզել, աղոթել, աղոթք սովորեցնել, ինչո՞ւ պիտի անպայման դա արվի պետական և աշխարհիկ դպրոցում, ինչո՞ւ պիտի կրթության օջախը ծածուկ կերպով կրոնական քարոզի տարածք դառնա: Ու մի այնպիսի դժգոհ դեմքերով են խոսում այս բարեփոխման մասին, որ էլ ասելու չէ, կործանվելու ենք կարծես, եթե դպրոցներում կրոնական քողարկված քարոզ չլինի: Հայոց պատմության ծրագրերում հնարավոր է՞ չպատմել ՀԱՍԵ-ի մասին, իհարկե ոչ, դա պատմվելու է, ուսուցանվելու է, որպես պատմության բաղադրիչ, ինչ է պատահել, հա, հաշտվեք, որ այլևս սերժիկները չեն իշխանություն ու ընտրությունները չեն կեղծվում ու պարտավոր չեք շաքար ճառերով շահելու իշխանության բարեհաճությունը երեխաներին անվերապահ հնազանդություն քարոզելով: 23 տարի հավատացյալ քրիստոնյաները ընտրություններ էին կեղծում ու լցոնում, ծեծում ու ջարդում էին բողոքող ցուցարարներին, մի հոգևորական առաջնորդի դատապարտումը չլսեցինք, մի պետական հանցագործ կամ կեղծարար չնզովվեց, տեսնես ինչից էր: Հիմա թե բա՝ մենք դեմ ենք, որ ծրագրից հանվի այդ առարկան, ես էլ դեմ եմ, որ դուք դեմ եք, այ քեզ բան ...

Պաչում եմ կոնցլագերը քանդածներին:

Ձեր՝ Կինո Երևանի մայլի ազգային անվտանգության խորհրդի անարխիստական միաբանության կուսակրոն ժամհար»: