«Մի քանի մոլորություններ՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ». Վահրամ Թոքմաջյան
738
Չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ., 10:20
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հստակ շարադրեմ իմ տեսակետը վերջին օրերին կրկին քննարկման թեմա դարձած «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ: Մի քանի մոլորություններ. Ա. Առարկան դեռ չի հանվել դպրոցներից ու մոտ ապագայում չի էլ հանվի: Նման իրավական որոշում չկա: Բ. «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դարձել է թիրախ». չկա նման բան: Դպրոցական ծրագրերը չափազանց ծանրաբեռնված են: 12-ամյա կրթության անցումից հետո, հաշվի չեն առել սովորողների տարիքային զարգացման առանձնահատկությունները, 21-րդ դարի սովորողի հմտությունները և պահանջմունքները: Տպավորություն է, որ ով ինչ խնդիր ունի, փորձում է լուծել դպրոցի միջոցով: Գ. 21-րդ դարի հայկական դպրոցում չկա Մեդիագրագիտության դասընթաց, ինչն աբսուրդի ժանրից է: Դ. Թեման շահարկում են հատկապես այն ուժերը, որոնք ամենամեծ վնասն են հասցրել թեկուզ հենց նույն եկեղեցուն: Ըստ էության Իմ տեսակետն այս մասով եղել է հստակ առաջին իսկ օրվանից, երբ այս առարկան ներառվել է պարտադիր դասընթացներում: Առանձին դասընթացի կարիք չկա: Լավ է, որ վարչապետն իր լայվում անդրադառնում է հանրային զգացմունքների հետ խաղացող, երբեմն ծայրահեղ անհանդուրժողական դրսևորումներ ունեցող թեմաներին, սակայն կա մեկ առանցքային խնդիր: Երբ նա ասում է, որ «Հայոց եկեղեցու պատմությունը» պետք է դասավանդվի «Հայոց պատմության» շրջանակներում, ապա տեղյակ չէ, որ արդեն դասավանդվում է: Վատ է, որ նույն միտքն են կրկնում կրթության ոլորտի ներկայացուցիչնրը և վատ է, որ վարչապետին չեն ներկայացրել, որ արդեն դասավանդվում է: 6-րդ դասարանից սկսած, երբ ընթերցեք դպրոցական պատմության դասագրքերը, դուք կտեսնեք այն հագեցվածությունը, որն առկա է եկեղեցուն առնչվող թեմաների մասով: Այժմ, խուսանավելու, կեղծ օրակարգերին արձագանքելու կամ դրանց առաջ ընկրկելու կարիք բնավ չկա: Ավելի լավ է, այդ հոխորտացողները հստակ պատասխան տան, թե նախկինում ինչպես էին իրենց լեգիտիմության խնդիրը լուծում եկեղեցու միջոցով և ինչու այսչափ խախտվեց պետություն-եկեղեցի սահմանը: Հ. Գ. Այս խնդիրներին դեռ առանձին կանդրադառնամ: Հուսամ, երեկ Շանթ Հ/Ը-ում տեղի ունեցած բանավաճի տեսագրության մեջ, խոսքս շատ չի կրճատվի»: