Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.

«Մարդիկ սովորել են ժամավաճառությամբ գումար վաստակել ու հիմա ահավոր նեղվել են». Գարեգին Միսկարյան

134
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 21:55
«Մարդիկ սովորել են ժամավաճառությամբ գումար վաստակել ու հիմա ահավոր նեղվել են». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր էնպիսի մի ողբ անցավ աչքերիս դեմով, որ ուղեղս մթագնեց։ Ինձ թվաց «ազգադավ կառավարությունը որոշել է դպրոցներից հանել Հայոց լեզու և Հայ գրականություն առարկաները», բայց լավ էր. պարզվեց, որ էդքան էլ էդպես չի.«միայն բուհերից են հանում, այն էլ ոչ բոլորից, այլ միայն լեզվի խորացված կրթության հետ չառնչվող բուհերից, էն էլ, ոչ թե հանում են, այլ թողնում են ուսանողի հայեցողությանը»։

Դպրոցում իմ հայոց լեզվի ուսուցչուհին՝ ընկեր Լենան, որ նաև իմ դասղեկն էր, մի օր, ութերորդ դասարանում, ձեռքս տվեց չորրորդ- հինգերորդ դասարանների հայոց լեզվի դասագիրքը ու ասաց.
-Բացիր ցանկը, առաջին դասից սկսած կարդա դասի վերնագիրը ու պատմիր։
Էդպես ես մի քանի դասաժամի ընթացքում հանպատրաստից պատմեցի 4-8-րդ դասարանի դասագրքի բոլոր դասերը։

Հիմա աղջիկս բուհ ընդունվելու համար Հայոց լեզու է պարապում։ Խիստ հազվադեպ պատահող քսան-երեսուն ուղղագրական կանոնի կամ բացառության ենթարկվող բառերից կարող է մեկում սխալվեմ։ Բայց էն ինչ նա հիմա պարապում է, բուհերում հաստատ դրանից ավելի ոչինչ չեն սովորեցնելու։

Նախորդ դարում, երբ խոսքը հիմնականում բանավոր էր, իսկ դասախոսություններն էլ գրառելու համար ուսանողները հատուկ մշակում էին սղագրության մեթոդներ, գուցե կարիք կար բուհերում հավելյալ դասաժամեր տրամադրել Հայոց լեզվին, որ ուսանողները հետ չվարժվեն ուղղագրությունից։ Բայց հիմա, երբ սոցիալական ցանցերում գրավոր խոսքը դարձել է մեր ամենօրյա շփման միջոց, իմաստը ո՞րն է, որ ուսանողը կրկին ժամանակ վատնի այն բանի վրա, որը նա արդեն երեք անգամ սովորել է՝ հանրակրթական դպրոցի միջին դասարաններում, ավագ դպրոցում, կրկնուսույցների մոտ, մի հատ էլ պարտադիր քննություն է հանձնել, որ ընդունվի բուհ։ Ինչ են նորից «սովորելու» բուհերում։

Մենք մեր ժամանակը չենք կարողանում գնահատել։ Մարդիկ սովորել են ժամավաճառությամբ գումար վաստակել ու հիմա ահավոր նեղվել են, որ նախարարությունը «իրենց հացին վայիս է լինում»։

Հայոց լեզուն մեր լեզուն է, մեր պետության պետական լեզուն։ Մենք պարտավոր ենք իմանալ այն, պահել, պահպանել, փոխանցել հաջորդ սերունդներին։ Այո՛, հազար անգամ այո, բայց կարիք չկա ողբալու։ Ձեր ժամերը չկրճատելու, ձեր գումարը չպակասելու համար, պետք չի ուսանողների ժամանակը վատնել, այն ավելի թանկ է, քան ձեր ստացած մի քանի հազար դրամը։

ՀԳ

Իհարկե, դուք կասեք, որ Հայոց լեզուն միայն ուղղագրությունը չի, նաև կետադրությունն է։ Եվ, այո, եթե կետադրություն անցնեն բուհերում, դրան դեմ չեմ։ Հայոց լեզվի կետադրություն առարկան պիտի պարտադիր լինի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում»։