Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Լիդիան Արմենիայի աշխատակիցները զբաղվել են լրտեսությամբ և հանդես եկել կեղծ էջերով․ ՀԲՃ

331
Երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ., 13:10
Լիդիան Արմենիայի աշխատակիցները զբաղվել են լրտեսությամբ և հանդես եկել կեղծ էջերով․ ՀԲՃ

Ամբողջ աշխարհում հանքեր շահագործող ընկերությունները տարբեր եղանակներով թիրախավորված պայքար են մղում բնության շահերը պաշտպանող քաղաքացիների դեմ։ Այդ առումով բացառություն չի կազմում նաև Հայաստանը։ Տարիներ շարունակ վարձված լրատվամիջոցների, մասնագետների, իսկ վերջին շրջանում նաև կեղծ օգտատերի և էջերի միջոցով՝ կեղտոտ քարոզարշավ է իրականացվում հատկապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում և ընդհանրապես համացանցում։ Բայց գնդեվազցի լրագրող Թեհմինե Ենոքյանի ստորև ներկայացված պատմության մեջ նկարագրվող դեպքերն արտառոց են, քանի որ քրեական գործով պարզվել է, որ Ամուլսարում հանք շահագործելու մեծ ցանկություն ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ըստ էության զբաղվել են լրտեսությամբ։

Նախապատմություն

Ես Թեհմինե Ենոքյանս, լինելով Գնդեվազ գյուղի բնակիչ, արդեն շուրջ 8 տարի է՝ զբաղվում եմ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի խնդիրների բարձրաձայնմամբ և իմ, ինչպես նաև տեղացիների իրավունքների պաշտպանության հարցերով։ Որևէ գաղտնիք չկա, թե որքան մասնագիտական և քաղաքացիական ջանք եմ ներդրել ես և բազմաթիվ սրտացավ մարդիկ հանրայնացնելու հանքերի ստեղծած բացասական ազդեցության մասին տվյալները, իրազեկելու մարդկանց, որպեսզի պայքարեն հանուն իրենց իրավունքների պաշտպանության, և այդ ամենն արել եմ հրապարակայնորեն։

2018 թ․ հունիսի 22-ից Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչները փակել են Ամուլսար տանող ճանապարհները՝ այդպիսով դադարեցնելով Ամուլսարի ոսկու արդյունահանման աղետաբեր ծրագրի շինարարությունը որպես իրենց իրավունքները պաշտպանելու ուղղակի գործողություն։ Հուլիս-օգոստոս ամիսներին գտնվել եմ Գնդեվազ գյուղում՝ մեր տանը, ակտիվորեն մասնակցել Ամուլսարի հետ կապված համայնքային գործունեությանը։ Այդ ընթացքում, ինչպես և դրանից առաջ ու հետո, Ամուլսարի պահապաններին և Ջերմուկ համայնքին սատարելու նպատակով Ջերմուկ են ժամանել տարբեր քաղաքացիական, քաղաքական, մշակութային խմբեր ու անհատներ, որոնցից շատերը ինձ հետ են կապ հաստատել, որպեսզի օգնեմ հյուրընկալման և այլ հարցերում։ Եղել եմ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդամ, որն ուսումնասիրում էր հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները և որի ուսումնասիրության առաջին ծրագիրը Ամուլսարի ոսկու ծրագիրն էր։ Աշխատանքային խմբում ներգրավվելով ես ապահովել եմ համայնքի դիրքորոշումն այս հարցում, նկարահանել ու հանրայնացրել եմ հանդիպումները։ Աշխատանքային խումբն ամբողջությամբ, ինչպես նաև առանձին անդամներով հանդիպումներ է ունեցել հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, և մինչև Երևանում աշխատանքային խմբի հանդիպումները օգնել եմ, որպեսզի Ջերմուկից ու Գնդեվազից այդ խմբի անդամները իրազեկվեն ու մասնակցեն դրա աշխատանքներին։ Հասարակական այս գործունեության համար բաց եմ արել Գնդեվազի իմ տան դռները, որպեսզի որոշ քննարկումներ տեղի ունենան իմ տանը, քանի որ Գնդեվազի համայնքային շենքում՝ գյուղապետարանում նման քննարկումներ անցկացնելու հնարավորություն այդ պահին չկար՝ գյուղապետի նկատմամբ անվստահության պատճառով։

Անձնական հետապնդում և ապօրինաբար անձնական տվյալների հրապարակում

2018 թ․ օգոստոսին ֆեյսբուք սոցիալական ցանցում Ամուլսարի շահագործման ջատագովությամբ զբաղվող մի օգտատեր՝ «Vahagn Hovhannisyan» անունով (այժմ արդեն ջնջված է), սկսեց տարածել իմ տունը, ինձ ու իմ տուն մտած անձանց պատկերող գաղտնիաբար արված լուսանկարներ՝ այնպիսի մեկնաբանություններով, որոնք փաստացի ոչ միայն վարկաբեկիչ էին, այլ ներխուժում էին իմ անձնական կյանք ու տարածք (թե այլ անձանց մասին այս օգտատերը ինչ զրպարտություններ և վիրավորանքներ էր տարածում, այլ քննարկման հարց է)։ Լուսանկարներից մեկը պատկերում էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի պետհամարանիշներով մեքենան իմ տան դիմաց, իսկ նա Ջերմուկ համայնքի հետ աշխատանքային խմբում նրանց ներգրավվածությունն ապահովելու նպատակով հուլիսի 17-ին եկել էր Գնդեվազ գյուղ, հետո՝ Ջերմուկ քաղաք, և համայնքի անդամների հետ հանդիպումներից մեկի համար ես տրամադրել էի իմ տան տարածքը։ Գաղտնի արված լուսանկարի մեկնաբանությունները բոլորովին խեղաթյուրում էին իրականությունն ու վարկաբեկում ինձ։

Պարզվեց, որ իմ տունը մշտապես եղել է գաղտնի լուսանկարող ինչ-որ սարքի կիզակետում, որովհետև սա իմ և իմ տան գաղտնի լուսանկարներից միակը չէր, որը դարձել էր սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվող թեմա։ Սեպտեմբեր ամսին ես հաղորդում ներկայացրեցի հանցագործության մասին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Նախապատրաստվեցին նյութեր և հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ աձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը: Հոդվածի կանխադրույթն է, որ հանցագործություն է համարվում մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով: Իմ պահանջն էր բացահայտել իմ նկատմամբ նման արարքներ կատարած անձանց և օրենքին համապատասխան պատասխանատվության ենթարկել։

Քրեական գործ և ֆեյքերի սխեմայի բացահայտում

2018 թ․ սեպտեմբերից մինչև 2019 թ․ մարտ ամիս ընթացավ քննություն, Եղեգնաձորի քննչական կոմիտեն և Ջերմուկի ոստիկանության բաժինը հարցաքննեցին տանս դիմացի հարևաններին և ստացան ինքնախոստովանական ցուցմունք առ այն, որ Աննա Ներսիսյանը (դիմացի տան բնակիչ, «Լիդիան Արմենիա»-ի աշխատակից) լուսանկարել է իմ տունը և ապօրինաբար հավաքագրել իմ կյանքին վերաբերող անձնական տվյալներ։ Լուսանկարները իր համագյուղացի Հռիփսիմե Խաչատրյանի («Լիդիան Արմենիա»-ի աշխատակից) միջոցով փոխանցվել են Հովսեփ Ասոյանին, ով նույնպես Ամուլսարի հանքի շահագործման թույլտվություններ ստացած «Լիդիան Արմենիա»-ի աշխատակից է։ Գործի քննությունից ինձ հայտնի է դարձել, որ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կազմակերպված հետապնդում են իրականացրել իմ նկատմամբ և ապօրինաբար հավաքագրել տեղեկատվություն իմ մասին։ Ինքնախոստովանական ցուցմունքների համաձայն՝ Աննա Ներսիսյանը, ով ցուցմունք է տվել, թե իբր նպատակ է ունեցել ցույց տալ իմ ու Արթուր Գրիգորյանի միջև կապ, որը կարող էր մատնանշել Արթուր Գրիգորյանի ոչ օբյեկտիվ լինելը Ամուլսարի հարցում, «Viber» հավելվածի միջոցով իմ ու իմ տան լուսանկարները Հռիփսիմե Խաչատրյանի «Viber»-ի հավելվածով ուղարկել է Հովսեփ Ասոյանին։ Վերջինս հայտնել է, թե ինքն է վարել «Vahagn Hovhannisyan» կեղծ անունով էջը, որտեղ էլ զետեղել է լուսանկարները ու մեկնաբանությունները։ Նշեմ, որ սեպտեմբեր ամսից, երբ սկսվեց գործի քննությունը, այս օգտատերը ջնջվեց ֆեյսբուքից։

Ինձ կասկածելի է՝ արդյո՞ք Աննա Ներսիսյանի անձնական շահագրգռվածությունն էր «ցույց տալ իմ ու Արթուր Գրիգորյանի միջև կապն ու նրա ոչ օբյեկտվությունը», թե՞ նա պարզապես գործիք է դարձել «Լիդիան Արմենիա»-ի ձեռքում, սակայն կարևոր եմ համարում շեշտել, որ Արթուր Գրիգորյանը՝ ինչպես պաշտոնյա, այնպես էլ՝ իր նախկին գործունեության բերումով՝ «Էկոիրավունք» հկ-ի ղեկավար, որը դատական կարգով վիճարկում էր Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրին տրված պետական թույլտվությունները, ուներ բացառապես հանրային շահագրգռվածություն և պաշտոնական լիազորություն՝ ստուգելու Ամուլսարի ծրագրի օրինականության հարցը։ Լուսանկարներին վերաբերող ժամանակահատվածում նա ապահովում էր համայնքի մասնակցությունն ու համակարգում հենց այդ աշխատանքները։

Իմ բողոքի քննությունը բացահայտեց, որ Ամուլսարի ոսկու ծրագրի հարցում սոցիալական ցանցերում ակնհայտորեն «Լիդիան Արմենիա»-ին սպասարկող օգտատերերի, իսկ փաստացի՝ կեղծ օգտատերերի (ֆեյքերի) միջոցով հանրային կեղծ կարծիք ստեղծելու ՓԻԱՌ գործողությունների հետևում կանգնած են «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները և ամենայն հավանականությամբ՝ հենց ինքը՝ ընկերությունը։ Ամիսներ շարունակ «Vahagn Hovhannisyan»-ի էջից անձանց արժանապատվությունը վիրավորող վարկաբեկիչ հրապարակումներ են արվել ջերմուկցիների, բնապահպանների և սրտացավ քաղաքացիների նկատմամբ։ Այդպիսի բազմաթիվ այլ էջեր ու օգտատերեր շարունակում են զրպարտություններ տարածել մինչ օրս, իսկ «Լիդիան Արմենիա»-ի պաշտոնական կայքը, ֆեյսբուքյան էջերը և յութուբյան ալիքները այլ որակի նյութեր են տարածում։

ՀՀ քննչական կոմիտեն, այդուհանդերձ, կարճել է գործը այն հիմքով, թե ես հասարակական գործունեություն եմ ծավալել, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքի դրույթներ են կիրառելի այդ լուսանկարների հրապարակման առնչությամբ, և գործը ենթակա է կարճման հանցակազմի բացակայության պատճառով։ Ես պնդում եմ հակառակը և բողոքարկել եմ կարճման մասին որոշումը ՀՀ գլխավոր դատախազություն։

Հետևություններ

«Լիդիան Արմենիա»-ին սպասարկող նմանօրինակ հետապնդումներ բացի ինձնից իրականացվել են մի շարք այլ քաղաքացիների նկատմամբ, իսկ ընկերության աշխատակիցները հաճախ սադրանքներ են կիրառել տեղացիների նկատմամբ, սերմանել են թշնամանք Ամուլսարի պահապանների ու բնապահպանների նկատմամբ, հրահրել են միջհամայնքային վեճեր, ահաբեկել են, Ջերմուկում և Գնդեվազում փորձել են ստեղծել վախի մթնոլորտ։ Այս ամիսների ընթացքում տեղացիները և բնապահպանները իրենց ուսերին են վերցրել պետության կարգավորիչ ֆունկցիան՝ պաշտպանելու բնությունը և իրենց հիմնարար իրավունքները, որի համար բազմիցս թիրախավորվել են։ «Լիդիան Արմենիա»-ն դատի է տվել բնապահպան, աշխարհագրագետ Լևոն Գալստյանին, փաստաբան Նազելի Վարդանյանին, բնապահպան Անի Խաչատրյանին, Հայկ Գրիգորյանին և ինձ՝ պահանջելով 1-ական մլն դրամի փոխահատուցում՝ իբրև թե «գործարար համբավին վնաս հասցնող արտահայտությունների» համար։ Ընկերությունը հայցեր է ներկայացրել նաև Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչների դեմ։

Իմ անձնական տվյալների ապօրինի հավաքագրման ու տարածման դեպքը ցույց տվեց, որ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներն իրենք են վարում կեղծ ֆեյսբուքյան էջեր, և արժանի քննություն պետք է վարվի ինչպես իմ գործի, այնպես էլ ընկերության օգտին սոցիալական ցանցերում զրպարտիչ նյութեր ու ստեր տարածող այլ էջերի ու վիդեո ալիքների նկատմամբ։ Սա ոչ միայն զուտ ընկերությանը պատասխանատվության կանչելու հարց է, այլև հանրությանը մասնավոր ընկերությունների զրպարտիչ գործողություններից պաշտպանելու ավելի գլոբալ խնդիր։

Թեհմինե Ենոքյան