Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«ՀՀ արտաքին քաղաքականության կոպիտ սխալներն արժեցել են մեր երկրին ավելի քան 4 միլիարդ դոլար». Տիգրան Խզմալյան

314
Ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ., 12:15
«ՀՀ արտաքին քաղաքականության կոպիտ սխալներն արժեցել են մեր երկրին ավելի քան 4 միլիարդ դոլար». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղքատությունը ոչ թե ազգի, այլ իշխանության գլխում է. ՀՀ արտաքին քաղաքականության կոպիտ սխալներն արժեցել են մեր երկրին ավելի քան 4 միլիարդ դոլար կամ տարեկան ողջ պետական բյուջեի չափ գումար՝ և դա միայն վերջին ինը ամիսներին։ Մանրամասնենք՝ Եվրոմիության կողմից 2019թ․ Հայաստանին տրամադրվող գումարը կազմելու է շուրջ 700 միլիոն եվրո և պետք է ծախսվի հիմնականում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության համար։ Հիշենք, որ նախկին ՀՀ կառավարության կողմից նույն մայրուղու կառուցման վարկը կազմում էր մոտ մեկ միլիարդ դոլար և այն հիմնականում գրպանվեց, մինչդեռ ավելի քան 500 կիլոմետրից պատրաստ է միայն մոտ 50 կիլոմետր և ոչ ոք առ այսօր ոչ մի պատիժ դրա համար չի կրել։ Սակայն վերադառնանք ներկա իրավիճակին և ուշադրություն դարձնենք, որ նույն 2019թ․ նույն ԵՄ-ը մեր հարևան Վրաստանին տրամադրում է 3,5 միլիարդ եվրո՝ հինգ անգամ ավելի շատ քան մեզ։ Ինչո՞ւ։ Պատճառը միանգամայն քաղաքական է. Վրաստանի հին և նոր իշխանություններն անվերապահ հաստատել են իրենց երկրի հավատարմությունը եվրոինտեգրացմանը։ Նույն հաստատակամությամբ ՀՀ հին և նոր իշխանությունները հայտարարում են իրենց հավատարմությունը Ռուսաստանին և դրա ղեկավարած Եվրասիական տնտեսական միությանը։ Միգուցե Ռուսաստանն ու ԵԱՏՄ-ը իրենց հերթին խոշոր վարկեր և տնտեսական օգնությո՞ւն են ցուցաբերում Հայաստանին։ Ոչ՝ ճիշտ հակառակը։ Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու ամենամսյա ծախսերի և կոմունալ վճարումների առյուծի բաժինը լցվում է ոչ թե ազգային բյուջե, այլ ուղարկվում է Ռուսասատն, քանի որ հոսանքի, ջեռուցման, գազի, բենզինի, բջջային և սովորական հեռախոսային կապի սեփականատերերը ռուսական պետական կորպորացիաներն են՝ «Գազպրոմ», «Ռոսնեֆծ», «ՄՏՍ», «Բիլայն» և այլք։ Չհաշված հայկական շուկայում մենաշնորհային դիրքեր վայելող Աէրոֆլոտը, ՌԺԴ, ՎՏԲ, որոնք տնօրինում են հայկական տրանսպորտը, ավիաուղիները, հանքերը։ Ավելացրեք դրան այն աշխատուժը, որը Հայաստանից պարբերաբար տեղափոխվում է Ռուսաստան՝ չնչին վարձատրության դիմաց։ Այդպես որ Հայաստանը տարիներ շարունակ ինքն է հանդիսանում Ռուսաստանի խոշոր ֆինանսատնտեսական աղբյուրներից մեկը, փոխանցելով այստեղից այնտեղ միլիարդավոր դոլարներ, ինչպես և ընդունված է գաղութային քաղաքականության և տնտեսության կանոններով։ Այս առումով տարօրինակ է հնչում ՀՀ վարչապետի հայտարարությունն առ այն, որ «Հայաստանում այլևս չեն մնացել օլիգարխներ»։ Հայաստանում եղել և մնացել է մեկ օլիգարխ՝ և դա Ռուսաստանն է, որը վերահսկում է գրեթե ամբողջ հայկական տնտեսությունը և հետևաբար նաև ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը։ Ասածիս ապացույցն է վերջերս բռնկված դիվանագիտական սկանդալը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, երբ պաշտոնական Երևանն ուղիղ առճակատման գնաց ողջ Արևմտյան դաշինքի և հատկապես Վաշինգթոնի դեմ՝ Ռուսաստանի ճնշման տակ Սիրիա զորախումբ ուղարկելով։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդատուն և Պետքարտուղարությունը նախազգուշացնում էին ՀՀ նոր իշխանություններին դրա հանդեպ իրենց խիստ բացասական վերաբերմունքի մասին, սակայն Հայաստանի կառավարությունն անհասկանալի համառությամբ շարունակում է մեր պետության ու ազգի համար կործանարար այս «քաղաքականությունը»։ Հիշենք, որ ամիսներ առաջ Վաշինգթոնը զրկեց ՀՀ և Արցախն ավանդական ֆինանսական օգնությունից՝ շուրջ 60-80 միլիոն դոլարի չափով այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունը դեմ էր քվեարկել ՄԱԿ-ում՝ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հարցով, որը ոչ մի լուրջ աշխարհաքաղաքական, դիվանագիտական կամ այլ իմաստ ու կարևորություն չուներ Հայաստանի համար։ Ակնհայտ է, որ Սիրիա զորախումբ ուղարկելով, ՀՀ իշխանություններն էլ ավելի են խորացնում անվստահությունն ու օտարացումը մեր դարավոր բարեկամ և հովանավոր ԱՄՆ հետ։ Պարզ է նաև, նման ապիկար և ստրկամիտ արտաքին քաղաքականության արդյունքն է լինելու եթե ոչ ուղիղ տնտեսական պատժամիջոցները, ապա հնարավոր աջակցության և համագործակցության ծրագրերի կտրուկ կրճատումը և հետևաբար մեր երկրի էլ ավելի ծանր կախվածությունը Ռուսաստանից։ Արդյոք դա է պաշտոնական Երևանի նպատակը։ Հիշատակելով ՄԱԿ-ում քվեարկությունները, պետք է անդրադառնալ մեր անմիջական հարևանների և կարևորագույն դաշնակիցների՝ Վրաստանի և Ուկրաինայի շահերի դեմ հայկական պատվիրակության ավանդական դիրքորոշումը, լինի դա Ղրիմի հարցը կամ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի խնդիրները։ Ընդդիմանալով արևելյան ուղղությամբ և ծովի ելք ունեցող մեր հարևաններին, Հայաստանն ինքն է ամրապնդում իր քաղաքական և տնտեսական շրջափակումը։ Այսպիսով, ՀՀ վարչապետի վերջերս հնչեցրած և մեծ աղմուկ առաջացրած հայտարարությունն առ այն, որ «աղքատությունը մարդկանց գլխներում է», միանգամայն արդարացի է։ Անհրաժեշտ է միայն հստակեցնել, թե որ մարդկանց գլխներում է այդ աղքատությունը։ Ազգի գլուխը նրա ղեկավարներն են, Կառավարությունը։ Ինչպես համոզվեցինք՝ միայն վերջին ինն ամիսների ընթացքում միայն ՀՀ իշխանությունների ապիկար արտաքին քաղաքականության պատճառով պետական բյուջեն կորցրել է 4-5 միլիարդ դոլար ուղիղ ներդրումներ, չհաշված կարճված ու բեկանված միջպետական ու մասնավար բիզնես-ծրագրեր։ Ուստի, հայ ժողովրդի աղքատությունը մեծ չափով առաջանում է կառավարիչների գլուխներում տիրող աղքատությունից և ինչպես ընդունված է ասել մեր «ռազմավարական դաշնակցի» լեզվով՝ պետք չէ խնդիրը հիվանդ գլխից դնել առողջի վզին։ (Պատկերը՝ Հակոբ Հակոբյան)»: