Երևան`   +30 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

«Ինչպես Հայաստանի «ամենահնազանդ աղջիկները» հեղափոխություն կատարեցին». քննարկում Վաշինգթոնում

1509
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 15:35
«Ինչպես Հայաստանի «ամենահնազանդ աղջիկները» հեղափոխություն կատարեցին». քննարկում Վաշինգթոնում

«Այս հնազանդ աղջիկները դարձան ամենաանհնազանդ աղջիկներն, ովքեր փողոց էին փակում», - Վաշինգթոնի ազգային պուրակում պատմելով հայկական թավշյա հեղափոխության մասին, ազգագրագետ Աղասի Թադևոսյանն ընդգծում է՝ այս հեղափոխությունը բազմաթիվ ավանդական կարծրատիպեր քանդեց, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Քանդվողներից մեկը դա աղջիկների անհնազանդությունն էր: Ընդհանրապես, Հայաստանում ավանդաբար ընդունված է, որ աղջիկները պետք է լինեն համեստ և հնազանդ իրենց տղամարդուն, սակայն, այս դեպքում աղջիկները շուռ տվեցին հնազանդության հայեցակարգը և նրանք ամենաշատն էին, որ անհնազանդ էին փողոցում»:

Քննարկմանը մասնակցող «հեղափոխության նկարիչ», գեղագրիչ Ռուբեն Մալայանը հիշեցնում է՝ թավշյա հեղափոխության մարտկոցը երիտասարդ սերունդն էր՝ 18-21 տարեկան երիտասարդները, ում այնուհետև մնացին նրանց ծնողները: Հայկական թավշյա կամ սիրո հեղափոխությունը դուրս է բոլոր նորմերից, նշում է Ռուբեն Մալայանը, նույնիսկ դրա հայտնի «դուխով» կարգախոսն էր տարբերվում:

«Դուխով»-ը կարծես դարձավ ազգի ժառանգություն, չնայած շատ կարծիքներ են հնչում, ասում են՝ հայերեն բառ չէ: Բայց, ամեն դեպքում, ամեն լեզու կենդանի լեզու է: Պարզ է, որ սլենգ է, գրագետ հայերեն չէ, բայց՝ կա»:

Քննարկումից հետո հավաքվածները նշում էին՝ Հայաստանի ևս մի երանգին ծանոթացան, տեսան որ հայերը ոչ միայն առաջինը քրիստոնեությունն ընդունած, ցեղասպանություն վերապրած ժողովուրդ են, այլև՝ որ ունեն փայլուն երիտասարդներ:

Հայաստանի վերաբերյալ քննարկումներն անցել են Վաշինգթոնում կազմակերպված Սմիթսոնիան հաստատության փառատոնի շրջանակներում, որն այս տարի նվիրված է Հայաստանին և Կատալոնիային: