Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Փյունիկ»-ը պատասխանել է «Ալաշկերտ»-ի մեղադրանքներին

300
Չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ., 18:10
«Փյունիկ»-ը պատասխանել է «Ալաշկերտ»-ի մեղադրանքներին

Երևանի «Փյունիկ» ակումբը պատասխանել է «Ալաշկերտ»-ի մեղադրանքներին առ այն, որ Հայաստանի առաջնության՝ «Շիրակ»-ի դեմ հանդիպումները կասկածելի են և կարող են պայմանավորված բնույթ կրել։

«Մենք ծայրաստիճան վրդովված ենք «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի հայրատարությունից, որում նա հայտնել էր «Շիրակ» — «Փյունիկ» և «Փյունիկ» – «Շիրակ» խաղերի պայմանավորված լինելու հնարավոր տարբերակի մասին։ Նման անհիմն հայտարարությունները չեն կարող մնալ անպատասխան։ Նախորդ տարվա ամառվանից, երբ «Փյունիկ»-ի սեփականատերը դարձավ Արթուր Սողոմոնյանը, մեր թիմի և ակադեմիայի առաջնային նպատակներից է ոտքի կանգնացնել հայկական ակումբային ֆուտբոլը։ Մենք ահռելի աշխատանք ենք կատարում պատանի ֆուտբոլիստներ աճեցնելու և նրանցից պրոֆեսիոնալներ պատրաստելու գործում՝ հույս ունենալով, որ նրանք կկարողանան արժանի կերպով ներկայացնել հայկական ֆուտբոլը տարբեր երկրներում։ «Փյունիկ»-ի ղեկավարությունը և մարզչական կազմը վստահ են, որ մեր թիմի բոլոր ֆուտբոլիստներն անմեղ են ու երբեք ներգրավված չեն եղել պայմանավորված խաղերի հետ կապված որևէ պատմության մեջ։ Պայմանավորված խաղ կազմակերպելու առաջին իսկ կասկածի դեպքում ակումբը խստորեն կպատժեր մեղավորներին։ Կարծում ենք, որ նման անբարեկիրթ արտահայտությունները սազական չեն Հայաստանի առաջնության առաջատար ակումբներից մեկի նախագահին։ «Ալաշկերտ»-ի նախագահից պահանջում ենք ներկայացնել փաստեր կամ հրապարակայնորեն ներողություն խնդրել։ Հակառակ դեպքում, մենք այդ հայտարարությունը կդիտարկենք որպես զրպարտանք»,- նշված է հայտարարության մեջ։