Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Սկանդալային հրաժարական, համարձակ նշանակում և սպասելիքներ». Արթուր Գևորգյանը՝ ԱԻԲԱ-ի համաժողովի մասին

376
Շաբաթ, 27 հունվարի, 2018 թ., 20:20
«Սկանդալային հրաժարական, համարձակ նշանակում և սպասելիքներ». Արթուր Գևորգյանը՝ ԱԻԲԱ-ի համաժողովի մասին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն, ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանի հետ, մասնակցել է այսօր Դուբայում կայացած ԱԻԲԱ-ի արտահերթ համաժողովին։ Գևորգյանը ներկայացրել է համաժողովի մանրամասները։

«Համաժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր։ ԱԻԲԱ-ն խոստացավ, որ կվերանայի բողոքարկման մասին որոշումը։ Ինչպես գիտեք նախորդ ղեկավարների օրոք բռնցքամարտում հանվել էր բողոքարկման իրավունքը, որն էլ բերել էր դժգոհությունների։ ԱԻԲԱ-ի իրավաբանները ներկայացրեցին նոր՝ փոփոխված կանոնադրությունը։ Նոր կանոնադրությամբ բավականին խստացվել են կարգապահական հարցերը, թարմացվել են գործող օրենքները և հաստատման են ներկայացվել մի շարք որոշումներ։ Բավականին թուլացվեց ԱԻԲԱ-ի նախագահի միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորությունները։ Այսուհետ կարևոր որոշումները կկայացվեն միմիայն խորհրդի անդամների մասնակցությամբ։ Ավելացվեց նաև խորհրդի անդամների քանակը՝ 24-ից հասցվելով 28-ի։ ԱԻԲԱ-Ն հայտարարեց, որ պատրաստ է ընդունելու իր սխալները։ Մեղադրանքները հիմնականում ֆինանսական բնույթ էին կրում և առնչվում էին նախկին նախագահ Չինգ Կոու Վուի հետ։ Նման մի շարք հակաօրինական արարքների համար ԱԻԲԱ-ից հեռացվել են բազմաթիվ պաշտոնատար անձինք, ովքեր մութ ու կասկածելի գործարքներ են կատարել նախագահ Չինգ Կոու Վու պահանջով։ Քննարկվեց ԱԻԲԱ-ի նախկին նախագահին պատվավոր նախագահի կոչում տալու հարցը։ Բոլոր ֆեդերացիաները դեմ արտահայտվեցին։ Համաժողովի ժամանակ ինքնակամ հրաժարական ներկայացրեց ԱԻԲԱ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրանկո Ֆալչինելին։ ԱԻԲԱ-ն շնորհակալություն հայտնեց Ֆրանկո Ֆալչինելիին երկար տարիների կատարած աշխատանքի համար՝ մասնավորապես նախկին նախագահի ֆինանսական խախտումները բացահայտելու համար։ Որոշվեց, որ ԱԻԲԱ-ն կղեկավարի այն փոխնախագահն, ով ամենաերկարն է զբաղեցնում այդ պաշտոնը։ Գաֆուր Ռախիմովը 15 տարի զբաղեցնում է ԱԻԲԱ փոխնախագահի պաշտոնը և հենց նրան էլ առաջարկվեց մինչ ԱԻԲԱ համաժողովը ժամանակավոր կատարել նախագահի պարտականությունները։ Հերթական համաժողովը կկայանա Մոսկվայում՝ 2018 թվականի նոյեմբերի 2-ից 3-ը։ Գաֆուր Ռախիմովը պատվով ընդունեց առաջարկը և խոստացավ առավելագույնն անել՝ բռնցքամարտի զարգացման համար։ Այնուհետև ելույթ ունեցավ ռուսական կողմը և ներկայացրեց նոյեմբերին կայանալիք համաժողովի պայմանները։ Ելույթ ունեցավ ՄՕԿ-ի ներկայացուցիչն, ով ներկայացրեց 2020 թվականի օլիմպիական խաղերի անցկացման կազմակերպչական հայեցակարգը՝ բռնցքամարտի հետ կապված։ ՄՕԿ-ի որոշմամբ տղամարդկանց 10 քաշային կարգերը պետք է կրճատվեն և հասցվեն 8-ի, իսկ կանանց 3 քաշային կարգերը պետք է հասցվեն 5-ի։ Այս որոշմամբ նրանք ցանկանում են լուծել գենդերային հավասարության հարցը։ ՄՕԿ-ի ներկայացուցիչը ներկայացրեց նաև բռնցքամարտի դերը օլիմպիական խաղերում։ Նա ասաց, որ բռնցքամարտը հանդիսանում է օլիմպիական խաղերի ամենադիտված մարզաձևը, և որ այն դեռևս 114 տարի առաջ է դարձել օլիմպիական մարզաձև։ Ֆալչինելին իր անհամաձայնությունը հայտնեց ՄՕԿ-ին և ասաց, որ, ի տարբերություն մյուս մարզձևերի, բռնցքամատում չի կարելի նման կերպ լուծել գենդերային հարցը, քանի որ բռնցքամարը ծանր մարզաձև է։ ԱԻԲԱ-ն առաջարկեց 2020 թվականի օլիմպիական խաղերին տղամարդկանց համար թողնել 10 քաշային կարգերը,իսկ կանանցը դարձնել 5։ Քվոտաների հետ կապված առաջարկվեց տղամարդկանցը 250-ից դարձնել 226, իսկ կանանցը 36-ից դարձնել 60։ Ընդհանուր առմամբ բարձր եմ գնահատում ԱԻԲԱ արտահերթ համաժողովը,որտեղ բարձրացված հարցերն ու փոփոխությունները շատ կառուցողական դեր ունեցան և ապագայում էլ ավելի օգտակար կլինեն սիրողական բռնցքամարտի զարգացմանը»,- նշել է Գևորգյանը։