Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

«Պետությունը չի կարող մի ձեռքով մարդուն զրկել ազատությունից, մյուսով՝ կյանքից»․ Զառա Հովհաննիսյան

23
Այսօր, 23:24
«Պետությունը չի կարող մի ձեռքով մարդուն զրկել ազատությունից, մյուսով՝ կյանքից»․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հոդվածը՝ կից գրառմամբ․ «Կալանավորումից ընդամենը 20 օր անց «Նուբարաշենում» մահացած Արսեն Գևորգյանի դեպքը նորից բարձրացնում է հարցը՝ որքանո՞վ է հիմնավորված կալանքի լայն կիրառումը, և ինչպե՞ս է պետությունը պաշտպանում իր վերահսկողության տակ գտնվող մարդկանց կյանքը։
Պետությունը չի կարող մի ձեռքով մարդուն զրկել ազատությունից, մյուսով՝ կյանքից»:

Զառա Հովհաննիսյանը հոդվածում գրել է․ «Կալանքի գինը՝ մարդու կյանք

46-ամյա Արսեն Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն էր։ Նա կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ ՏԻՄ ընտրություններից չորս օր առաջ, ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Դատարանը նրա նկատմամբ երկամսյա կալանք էր կիրառել։

Արսեն Գևորգյանը կալանքից ընդամենը քսան օր անց մահացավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Նոյեմբերի 10-ի առավոտյան նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Շտապօգնություն էին կանչել, սակայն բժիշկներն արձանագրել էին կենսաբանական մահը։ Մահվան վերջնական պատճառը պետք է պարզվի քննությամբ։ Բայց այս դեպքը շատ ավելի մեծ հարցեր է առաջացնում, քան միայն մահվան բժշկական պատճառը։ Ինչո՞ւ է մարդը մահանում պետության վերահսկողության ներքո գտնվող վայրում, և արդյոք պետությունն արել է ամեն ինչ՝ նրա կյանքի իրավունքը պաշտպանելու համար։

Արսեն Գևորգյանի մահը պետք է դիտարկել երկու՝ միմյանցից անբաժանելի հարթությունների վրա․ առաջինը՝ կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման պրակտիկան է, երկրորդը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր պայմանները։ Սրանք տարբեր խնդիրներ չեն․ դրանց հատման կետում հայտնվում է ազատությունից զրկված մարդը, որի կյանքի համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է պետությունը։

Ազատությունից զրկումը քրեական արդարադատության ամենախիստ միջոցն է։ Այն չի կարող լինել քննությունը դյուրին դարձնելու, հանրային ճնշումը մեղմելու կամ մեղադրանքի ծանրությամբ պայմանավորված որոշում։ Կալանքը պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը հիմնավորված է կոնկրետ հանգամանքներով, և այլընտրանքային միջոցները բավարար չեն։ Սակայն Հայաստանում կալանքը երկար տարիներ շարունակում է մնալ խափանման միջոցների կիրառման գերակշռող ձևերից մեկը։ Քրեակատարողական հիմնարկների վիճակագրությունը դրա վկայությունն է։

2022 թվականին անազատության մեջ գտնվող 2265 անձանցից 1210-ը կալանավորված էին, իսկ 1055-ը՝ դատապարտյալ։ 2023-ին 2469 անձանցից 1317-ը կալանավորված էին, 1152-ը՝ դատապարտյալ։ 2024-ին 2686 անձանցից 1401-ը կալանավորված էին, իսկ դատապարտյալների թիվը 1285 էր։ 2025-ին 2854 անձանցից կալանավորված էին 1392-ը, իսկ դատապարտյալների թիվը 1462 էր։ Ու թեև դեռ տարին չի ավարտվել, բայց 2026 թ․ նոյեմբերի 3-ի դրությամբ՝ նախորդ տարվա համեմատ 130-ով ավելացել է կալանավորված անձանց թիվը քրեակատարողական հիմնարկներում, որտեղ պահվում է 3240 անձ՝ 1718 դատապարտյալ և 1522 կալանավորված։ Թեև վերջին տվյալներով դատապարտյալների թիվն արդեն գերազանցում է կալանավորված անձանց թիվը, 1522 մարդ դեռևս գտնվում է անազատության մեջ՝ առանց դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի։

Սա միայն վիճակագրություն չէ։ Յուրաքանչյուր թիվ մարդու կյանք է, ընտանիք, աշխատանք, առողջություն, արժանապատվություն։ Եվ երբ այդ մարդկանցից որևէ մեկը հայտնվում է կալանքի տակ, պետությունը պարտավորվում է ոչ միայն ապահովել նրա ներկայությունը քրեական վարույթում, այլև պաշտպանել նրա բոլոր հիմնարար իրավունքները։

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է կալանքին այլընտրանքային մի շարք խափանման միջոցներ՝ տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ, բացակայելու արգելք, երաշխավորություն և այլն։ Դրանց գոյության իմաստը հենց այն է, որ մարդու ազատությունը սահմանափակվի նվազագույն անհրաժեշտության չափով։ Սակայն եթե կալանքը շարունակում է լինել դատական պրակտիկայի նախընտրելի միջոցը, պետք է հարցնել՝ որքանո՞վ են դատարաններն իրականում գնահատում այդ այլընտրանքները, և արդյոք կալանքի անհրաժեշտությունը յուրաքանչյուր դեպքում անհատականացված ու պատշաճ հիմնավորվում է։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ կայացրած մի շարք վճիռներում արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտումներ՝ կապված կալանքի անհիմն կիրառման և երկարաձգման հետ։ Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը 2025 թ․ ապրիլի 9-ի որոշմամբ ընդգծել է, որ շարունակական կալանքի դեպքում անձին ազատությունից զրկելու անհրաժեշտության հիմնավորման պահանջը ժամանակի ընթացքում պետք է ավելի բարձրանա։ Այսինքն՝ կալանքը չի կարող դառնալ սովորություն, իսկ դրա երկարաձգումը՝ նախկին փաստարկների մեխանիկական կրկնություն։

Բայց կա նաև հարցի մյուս կողմը․ երբ պետությունը որոշում է մարդուն զրկել ազատությունից, նրան տեղափոխում է մի միջավայր, որտեղ վերջինս այլևս չի կարող ինքնուրույն հոգալ իր առողջության, անվտանգության և կյանքի պաշտպանության մասին։ Արդյոք կալանքի որոշում կայացնող դատավորները երբևէ հիշո՞ւմ են կալանավորված անձի նկատմամբ պետության ստանձնած պարտավորությունների մասին, թե ինչ պահման պայմաններում է հայտնվում մարդը, ինչ առողջական խնդիրներ և հավելյալ ռիսկեր են առաջանում անազատության մեջ հայտնվելու պահից սկսած․

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պայմանների մասին նոր չէ, որ պետք է խոսվի։

«Նուբարաշենը» տարիներ շարունակ եղել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների և միջազգային փորձագետների քննադատության առարկա։ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն 2024 թ․ հրապարակած զեկույցում ՔԿՀ-ի պահման պայմանները գնահատել է որպես ընդհանուր առմամբ շատ վատ՝ առաջարկելով առաջնահերթ իրականացնել հիմնարկի փակման ծրագիրը և մինչև այդ դադարեցնել առավել անմխիթար խցերի օգտագործումը։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը պետության վրա դնում է ոչ միայն կյանքից կամայականորեն զրկելուց ձեռնպահ մնալու, այլև իր վերահսկողության ներքո գտնվող անձանց կյանքը պաշտպանելու պոզիտիվ պարտավորություն։ Երբ մարդը մահանում է կալանքի տակ, պետությունը պարտավոր է ապահովել մահվան հանգամանքների արդյունավետ, անկախ և անաչառ քննություն։ Սակայն, մինչ այժմ, որևէ դեպքով հնարավոր չէ հիշել քննության արդյունքում հայտնաբերված խնդիրների արձանագրման և պատասխանատվության վերաբերյալ նախադեպ:

Այս երկու հարթությունները՝ կալանքի անհամաչափ կիրառումն ու քրեակատարողական հիմնարկներում մարդու կյանքի համար վտանգավոր պայմանները, փոխկապակցված են։ Առաջինի հետևանքով մարդը զրկվում է ազատությունից և հայտնվում է պետության վերահսկողության ներքո, իսկ երկրորդի պայմաններում նրա առողջությունն ու կյանքը կարող են հայտնվել լրացուցիչ վտանգի տակ։ Հետևաբար, կալանքի կիրառման յուրաքանչյուր որոշում պետք է դիտարկել ոչ միայն դատավարական անհրաժեշտության, այլև մարդու իրավունքների պաշտպանության ամբողջական համատեքստում։

Արսեն Գևորգյանի մահը չպետք է մնա հերթական հաղորդագրությունը քրեակատարողական հիմնարկից։ Այն պետք է դառնա առիթ՝ վերանայելու կալանքի կիրառման դատական պրակտիկան, գնահատելու «Նուբարաշենում» բժշկական օգնության և պահման պայմանների իրական վիճակը, ինչպես նաև ապահովելու մահվան հանգամանքների լիարժեք քննությունը։ Որովհետև պետությունը չի կարող մի ձեռքով մարդուն զրկել ազատությունից, մյուսով՝ կյանքից»։