Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

«ԱՄՆ-ն և Իրանը մոտ են ուրանի հարստացման մակարդակի նվազեցման շուրջ համաձայնության». #AlArabiya

57
Այսօր, 22:13
«ԱՄՆ-ն և Իրանը մոտ են ուրանի հարստացման մակարդակի նվազեցման շուրջ համաձայնության». #AlArabiya

Վաշինգթոնն ու Թեհրանը, հավանաբար, նախնական համաձայնություն կկնքեն ուրանի հարստացման մակարդակի նվազեցման շուրջ։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ հղում կատարելով իր աղբյուրին։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ավելի լայն համաձայնության հասնելու դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է ապասառեցնել Իրանի 6-9 միլիարդ դոլարի ակտիվները։

Al Arabiya-ի զրուցակիցների հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն համաձայնել է Իրանին թույլատրել ուրանը հարստացնել 3,67 տոկոս մակարդակով։ Թեհրանն ընդունել է Վաշինգթոնի պայմանները։

Միաժամանակ ԱՄՆ-ն պահանջում է նվազեցնել մինչև 60 տոկոս հարստացված իրանական ուրանի հարստացման աստիճանը։ Այս հարցի քննարկմանը կողմերը չեն բացառում երրորդ երկրի ներգրավումը։

Հեռուստաալիքի աղբյուրները նաև հայտնել են, որ Վաշինգթոնն ու Թեհրանը պատրաստ են քննարկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների վերադարձի հարցը Իրան։ Առայժմ հայտնի չէ, թե գործակալության քանի աշխատակից կարող է վերադառնալ երկիր։

Al Arabiya-ի զրուցակիցների տեղեկություններով՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև սկսվել է «լուրջ բանակցային գործընթաց»։

Ավելի լայն հնարավոր համաձայնագիրը ենթադրում է իրանական ակտիվների մի մասի ապասառեցում, Հորմուզի նեղուցի բացում և Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերացում։