Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.

Հեգսեթը պաշտոնանկ է արել Փենթագոնի պլանավորման գլխավոր մասնագետին

119
Այսօր, 13:19
Հեգսեթը պաշտոնանկ է արել Փենթագոնի պլանավորման գլխավոր մասնագետին

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը պաշտոնանկ է արել ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ռազմավարական պլանավորման վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Բրեթ Սիլվիային, հայտնում է The Atlantic ամսագիրը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Որևէ բացատրություն չի ներկայացվել։ Դա տեղի է ունեցել խիստ անպատեհ պահի՝ հաշվի առնելով, որ նախագահ Թրամփը, հնարավոր է, ծրագրում է վերսկսել Իրանի դեմ պատերազմը», — գրում է լրատվամիջոցը։

Նշվում է, որ առայժմ հայտնի չէ, թե ով կստանձնի նրա պարտականությունները։

Աղբյուրները Սիլվիայի պաշտոնանկության պատճառների թվում նշել են Հեգսեթի՝ նրա նկատմամբ վստահության կորուստը, ինչպես նաև գեներալի տարաձայնությունները Փենթագոնի քաղաքական հարցերով փոխնախարար Էլբրիջ Քոլբիի հետ։

Ամսագիրը նշում է, որ Հեգսեթի՝ Փենթագոնի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր ընդհանուր առմամբ պաշտոնաթող է եղել 26 ծովակալ և գեներալ։