Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2026 թ.

«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան

81
Այսօր, 11:00
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԾԱՌԻ ԲՆԻ ԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՌԱՎԵԼ ԵՎՍ՝ ՀԱՏՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Երևանում շարունակական է տասնամյակների պատմություն ունեցող թեղիների (Ulmus) հատումն ու փոխարինումը այլ ծառատեսակներով։ Որպես հիմնավորում ներկայացվում են ծառերի դեֆորմացիաները՝ «Տ-ձև են» և «կենսունակության ավարտին մոտ են»։
Սակայն կա մի կարևոր հանգամանք, որի մասին կարևոր եմ համարում տեղեկացնել։
Լուսանկարներում պատկերված են ծառերի բների վրա առաջացած յուրահատուկ գոյացություններ, որոնք հայտնի են որպես burl (անգլերեն), кап (ռուսերեն)։
Ի՞նչ են դրանք իրականում. բնափայտի տեղային, անկանոն գերաճեր են, որոնց առաջացումը կարող է կապված լինել քնած բողբոջների զարգացման, աճի կարգավորման փոփոխությունների, արտաքին վնասվածքների և այլ գործոնների հետ։
Այս գոյացություններում բնափայտի բջիջների և հյուսվածքների բնականոն դասավորությունը խախտվում է, ինչի հետևանքով ձևավորվում է անկանոն կառուցվածք՝ երբեմն աչքանման յուրահատուկ նախշերով։
Դրանց առաջացման բոլոր մեխանիզմները դեռ ամբողջությամբ պարզաբանված չեն։
Հետաքրքիր է, որ թեղիները (Ulmus) այն ծառերից են, որոնց վրա նման գոյացություններ համեմատաբար հաճախ են հանդիպում և սա փայտանյութին բարձր արժեք է ավելացնում։
Այս մասին նշվում է ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի՝ 2026 թվականի հուլիսի 25-ին հրապարակված մասնագիտական նյութում։
Եվ ամենակարևորը.
- Նման գոյացությունը քաղցկեղ չէ։
- Դրա առկայությունը դեռ չի ապացուցում, որ ծառը հիվանդ է։
- Այն ինքնին ծառի վթարային վիճակի կամ հատման անհրաժեշտության ապացույց չէ։
Նման գոյացություններով ծառերը կարող են տասնամյակներ շարունակել աճել և պահպանել իրենց կենսունակությունը։
Իհարկե, ծառերի վրա կարող են առաջանալ նաև իրական հիվանդություններ, հյուսվածքների մեռուկացում, բնափայտի փտում և կառուցվածքային վնասվածքներ։ Սակայն դրանք պետք է տարբերակել նկարագրված փայտային գերաճերից՝ մասնագիտական հետազոտության միջոցով։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում Երևանում։
Ծառերը հատվում են փոխարինման ծրագրերի շրջանակում։ Սակայն փոխարինման ծրագրի առկայությունը դեռ չի նշանակում, որ դրանում ընդգրկված յուրաքանչյուր ծառի հատման անհրաժեշտությունը գիտականորեն հիմնավորված է։
Տասնամյակներով ձևավորված հզոր թեղին պարզապես ծառ չէ։
Այն ստվեր է, քաղաքային միջավայրում ջերմային ծանրաբեռնվածության նվազեցում, օդում առկա փոշու մասնիկների որսում, բազմաթիվ կենդանի օրգանիզմների կենսամիջավայր և հանրային առողջության պահպանման բնական ենթակառուցվածք։
Նորատունկ ծառը չի կարող անմիջապես փոխարինել հասուն ծառի տասնամյակներով ձևավորված էկոլոգիական գործառույթներին։
Ծառերի փոխարինման ծրագիրը դենդրոլոգիական ախտորոշում չէ։
Իսկ ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն «քաղցկեղ» անվանելը գիտականորեն հիմնավորված մոտեցում չէ։
Ծառի հատման անհրաժեշտությունը պետք է ապացուցել մասնագիտական գնահատմամբ, ոչ թե պարզապես հայտարարել։
Գիտական աղբյուրներ՝ University of Connecticut (2026). Tree Burls.
Կոնեկտիկուտի համալսարանի մասնագետները նշում են, որ թեղիները նման փայտային գոյացություններ առաջացնելու հակում ունեցող ծառերից են, իսկ դրանց մեծ մասը ինքնին լուրջ վտանգ չի ներկայացնում բնականոն աճող ծառերի առողջության համար։ Նշվում է նաև, որ նման գոյացությունները հեռացնելը կարող է վնասել ծառը։
Հիշենք՝ ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ։ Իսկ տասնամյակների ծառը հատելու որոշումը պետք է հիմնավորվի, ոչ թե պարզապես հայտարարվի»։