Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

«Պարզվում է` նոր Հայաստանում Լոմբրոզոյի և Հիտլերի «գործի» շարունակող կա»․ Կարեն Հեքիմյան

64
Այսօր, 20:00
«Պարզվում է` նոր Հայաստանում Լոմբրոզոյի և Հիտլերի «գործի» շարունակող կա»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չեզարե Լոմբրոզոն, Ադոլֆ Հիտլերն ու Աջափնյակի Սարգսյան Սերոբը:
19-րդ դարի երկրորդ կեսին Իտալիայում քրեագետները փորձում էին բացահայտել «բնածին հանցագործի տեսակը»: Դրա հիմնական գաղափարախոս Չեզարե Լոմբրոզոն պնդում էր, որ հանցագործության հակվածությունը կարող է բնածին լինել և արտահայտվել մարդու արտաքին տեսքով, օրինակ՝ ծնոտի, ճակատի, քթի և գանգի չափերով։
Որոշակի շեղումներով, Լոմբրոզոյի տեսության ջատագովն էր Ադոլֆ Հիտլերը: 1933 թվականին Գերմանիայում իշխանության եկած նացիստները փորձում էին մարդկանց դասակարգել ըստ գանգի չափերի և մարմնի այլ ֆիզիկական առանձնահատկությունների։ Ավելին՝ նացիստների կարծիքով, հանցավորությունը և վարքագիծը կարող են փոխանցվել ժառանգաբար: Վերջիններս այս պատկերացումներն օգտագործում էին հրեաների հետապնդումներն արդարացնելու համար։
Պարզվում է՝ Նոր Հայաստանում Լոմբրոզոյի և Հիտլերի «գործի» շարունակող կա:
Դիմելով քաղաքացիներից մեկին, Աջափնյակի թաղապետ Սարգսյան Սերոբն ասաց, որ վերջինս «քոչարյանականի դեմք ունի»: Ի տարբերություն Լոմբրոզոյի և Հիտլերի, վերջինս չմանրամասնեց «քոչարյանական դեմքի» առանձնահատկությունները, մասնավորապես՝ չորոշակիացրեց «գանգի, ծնոտի, ճակատի, քթի չափերը» և չմանրամասնեց մարմնի այլ ֆիզիկական առանձնահատկությունների յուրահատկությունը: Սակայն, մեծ հաշվով, դա արդեն կարևոր չէ: Կարևորն այն է, որ Նոր Հայաստանում մեկնարկեց ըստ ֆիզիկական առանձնահատկությունների մարդկանց դասակարգման գործընթացը: Աստված չանի, որ այդ գործընթացը թևակոխի նաև հետապնդումների փուլ, քանզի ո՞վ գիտի, միգուցե շուտով քաղաքացիներին փողոցում սկսեն ձերբակալել բացառապես «քոչարյանական դեմք» ունենալու համար»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան