«Ի՞նչ կպատահի, եթե Ամուլսարի` ուրան պարունակող ոսկու հանքաքարը հայտնվի ցիանիդային հարթակում». Տիգրան Աբգարյան
71
Երեկ, 23:24
Բնապահպան և էկոտուրիզմի մասնագետ Տիգրան Աբգարյանը գրել է. «Ի՞նչ կպատահի, եթե Ամուլսարի՝ ուրան պարունակող ոսկու հանքաքարը հայտնվի ցիանիդային հարթակում՝ հասկանալի լեզվով: Ոսկու ցիանիդային կորզումը հանքի աշխատողների համար վտանգավոր պրոցես է, հաշվի առնելով հետևանքները անվտանգության կանոնների խախտման դեպքում (լավագույն դեպքում՝ ծանր թունավորում): Նրանց հիմնական խնդիրն է վերածել հանքաքարը հեղուկի և այդ հեղուկից զտել ոսկին: Ինչպե՞ս: Ոսկու կորզման հարթակներում գործում է հետևյալ պրոցեսը, որի պարզեցված տարբերակը ներկայացնեմ ստորև: 1. Նախքան ոսկու հանքաքարի դատարկելը ջրի ցիանիդային լուծույթ, ջրին նախապես ավելացնում են կիր՝ CaO (կալցիումի օքսիդ), որը ջրի հետ առաջացնում է հանգած կիր՝ Ca(OH)₂ կալցիումի հիդրօքսիդ: Սրա մասին մանրամասն մի փոքր հետո: 2. Կրաջրին ավելացնում են նատրիումի ցիանիդ NaCN և հանքաքարը թթվածնի առկայությամբ դատարկում են այդ լուծույթի մեջ: Արդյունքում առաջանում է նատրիումի և ոսկու միացություն (նատրիումի դիցիանոաուրատ): 4Au + 8NaCN + O₂ + 2H₂O → 4Na[Au(CN)₂] + 4NaOH Հարց՝ ի՞նչ գործ ունի այստեղ կիրը: Երբ ջրին ավելացնում են NaCN, նա սկսում է ռեակցիայի մեջ մտնել ջրի հետ առաջացնելով ցիանաթթու: Սա մահացու անգույն ու գրեթե անհոտ գազ է, որ անջատվում է լուծույթի մակերեսից: Անզեն աչքով հնարավոր չէ նկատել: Հանգած կիրը կանխարգելում է ցիանաթթվի առաջացումն ու հիմնարկի աշխատողների թունավորումը: 3. Եվ այսպես, կա մի խառը զանգված, բաղկացած հանքաքարի լուծման արդյունքում առաջացած կեղտաջրից, կրաջրից ու ոսկու միացությունից: Հարկավոր է այն զտել, անջատելով ոսկին: Դրա համար այդ խառը լուծույթին են ավելացնում ակտիվացված ածուխ, որին «մագնիսի պես» կպչում է դիցիանոաուրատը 4Na[Au(CN)₂. 4. Ածուխից այդ միացությունն անջատելու համար այն հանում, «լվանում են» նատրիումի հիդրօքսիդի + թարմ ցիանիդի մեջ, C(ածուխ) · Na[Au(CN)₂] → (NaOH + NaCN; 120 °C, ճնշում) C(մաքուր ածուխ) + Na⁺ + [Au(CN)₂]⁻ և ենթարկում են էլեկտրոլիզի, որի արդյունքում ոսկին նստվածքի տեսքով հավաքվում է հատակին: 4Na[Au(CN)₂] + 4NaOH → 4Au↓ + 8NaCN + O₂↑ + 2H₂O 5. Ոսկին հավաքում, չորացնում ու հալում են, իսկ կեղտաջրերն ու օգտագործված քիմիական միացությունները լցում պոչամբար, ինչպես օրինակ նկարում պատկերված Տանզանիայի ոսկու հանքում (Աֆրիկա, Geita Gold Mining TSF). Հիմա. ի՞նչ կպատահի, եթե հանքաքարը պարունակի ուրանի միացություններ (օթենիտ Ca(UO₂)₂(PO₄)₂ · (10–12)H₂O կամ մեթատորբերնիտ Cu(UO₂)₂(PO₄)₂ · 8H₂O), որոնք հայտնաբերվել են Ամուլսարի 1952-1954 թթ. հետախուզության արդյունքում: 1. Նախապատրաստած լուծույթին ավելացնում են հանքաքարը: Տեղի է ունենում անկանխատեսելի ռեակցիա: Սկսվում է «կռիվ»՝ ով շուտ «կուտի» ցիանիդը. ոսկի՞ն թե՞ ուրանի միացությունը: Հաղթում է ուրանի միացությունը, որի արդյունքում սկսվում է ցիանային «սով»: Այսինքն ավելանում է ցիանիդի ծախսը: 2. Cu[(UO₂)(PO₄)]₂ + 7NaCN + H₂O → Na₂[Cu(CN)₃] + 2UO₂²⁺ + 2PO₄³⁻ + 5Na⁺ + 0.5(CN)₂ + 2OH⁻ Կա մի անակնկալ ևս. արդյունքում անջատվում է նոր թունավոր գազ՝ դիցիան (CN)₂ որի դեմ կիրն ի վիճակի չէ պատշաճ պայքարել: 3. Հիմա պատկերացնենք, որ ցիանիդի քանակությունը ստիպված եռապատկել են: Կեղտաջրում կգոյանան երեք տիպի միացություններ. ա) Na[Au(CN)₂] (ոսկու միացություն) բ) Na₂[Cu(CN)₃] (մեթատորբերնիտի պղինձը) գ) Ուրանի կարբոնատներ 4. Սկսում են որսալ ոսկին ածուխով: Ածուխը լցվում է պղձով, մասնակիորեն հավաքելով նաև ուրանի կարբոնատները, դառնալով ռադիոակտիվ. C(ածուխ) + Na⁺ + [Cu(CN)₂]⁻ → C(ածուխ) · Na[Cu(CN)₂] C(ածուխ) + 4Na⁺ + [UO₂(CO₃)₃]⁴⁻ → C(ածուխ) · Na₄[UO₂(CO₃)₃] Ուրանի կարբոնատների մնացած մասը օգտագործված ցիանիդային լուծույթի, կրաջրի ու կեղտաջրերի հետ լցվում է պոչամբար, դարձնելով այն ռադիոակտիվ: 5. Ածուխի վրա հավաքված խառը միացությունները գնում են «լվացման» և էլեկտրոլիզի: Ոսկուց բացի նստվածքի տեսքով հավաքվում է պղինձ և ուրանի երկօքսիդ կամ նատրիումի դիուրանատ. [Au(CN)₂]⁻ + e⁻ → Au↓ + 2CN⁻ [Cu(CN)₃]²⁻ + e⁻ → Cu↓ + 3CN⁻ 2[UO₂(CO₃)₃]⁴⁻ + 6OH⁻ + 2Na⁺ → Na₂U₂O₇↓ + 6CO₃²⁻ + 3H₂O Հալման արդյունքում ստացվում է ոսկու, պղնձի և ուրանի միացություններով կեղտոտ, ռադիոակտիվ ձուլվածք: Ռադիացիան տարածվում է ամբողջ արտադրամասով, վարակելով ածուխը, լուծույթներն ու շրջապատը: Բացի այդ առաջանում է առողջության համար վտանգ ներկայացնող դիցիան գազ»: