Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

«Արցախում էթնիկ զտում իրականացրած ռեժիմը չի կարող խոսել ժողովրդավարությունից»․ Արեգա Հովսեփյան

66
Այսօր, 17:00
«Արցախում էթնիկ զտում իրականացրած ռեժիմը չի կարող խոսել ժողովրդավարությունից»․ Արեգա Հովսեփյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիջաբը՝ կրոնական խորհրդանիշից մինչև քաղաքական վերահսկողության գործիք։ Պատմությունը, որ կրկնվում է։
Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ։
Նախ և առաջ արձանագրենք՝ կնոջը պարտադրել կրել գլխաշոր, և պարտադրել չկրել գլխաշոր հավասարապես մարդու ազատությունների սահմանափակում է և իրավունքների խախտում։
Այնուամենայնիվ, հիջաբի շուրջ բանավեճը երբեք միայն հագուստի մասին չի եղել։ Այն հաճախ արտահայտել է քաղաքական իսլամի՝ պետության և կրոնի հարաբերությունների, ազգային և կրոնական ինքնության, աշխարհիկության և քաղաքական վերահսկողության բախումը։
Թուրքիայում գլխաշոր կրող կանայք տասնամյակներ շարունակ բախվել են կրթական և պետական հաստատություններում սահմանափակումների։ 1990-ականների վերջին սահմանափակումներն ավելի խստացան, իսկ 2002թ., երբ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի կուսակացությունը ՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP), եկավ իշխանության, Թուրքիայում կտրուկ աճ ապրեց գլխաշորով կանանց թիվը։
Համեմատության համար նշեմ՝ հենց Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, ևս գլխաշոր է կրում, իսկ օրինակ Աբդուլլահ Գյուլինը՝ ոչ։ 2013 թվականին գլխաշորի արգելքը վերացվեց պետական ծառայողների մեծ մասի համար։
Եգիպտոսում ևս, հատկապես 1970-ականներից սկսած, հիջաբի տարածումը դարձավ կրոնական վերածննդի և հասարակական ինքնության փոփոխությունների արտահայտություններից մեկը։
Այսօր հարցը հատկապես ուշագրավ է Ադրբեջանի պարագայում։
Ադրբեջանի իշխանությունները երկիրը ներկայացնում են որպես աշխարհիկ պետություն, սակայն աշխարհիկության սկզբունքի կիրառման շուրջ ծագած վեճը պետք է դիտարկել նաև երկրի քաղաքական համակարգի ավելի լայն համատեքստում՝ 1918 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադրումից մինչև 1991 թվականին Ադրբեջանի Հանրապետության հռչակումը և այդ ընթացքում ադրբեջանցիների ինքնության բյուրեղացումը՝ հիմնված, գերազանցապես, հակահայկականության վրա:
Միևնույն ժամանակ, Freedom House-ը Ադրբեջանը բնութագրում է որպես «ոչ ազատ»։ Amnesty International-ի 2025 թվականի զեկույցը փաստագրում է լրագրողների, իրավապաշտպանների և ընդդիմադիր գործիչների հետապնդումները, խաղաղ հավաքների սահմանափակումները, քաղաքական շարժառիթներով ձերբակալությունների մասին մտահոգությունները։
Երբ քաղաքական համակարգում արդեն իսկ սահմանափակված են անկախ մամուլի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության հնարավորությունները, կրոնական ազատության շուրջ ցանկացած նոր սահմանափակում արժանի է առավել ուշադիր քննության։
Բայց և այնպես, անհրաժեշտ է հարցը դիտարկել նաև հակառակ կողմից․ կրոնական զգացմունքները կարող են շահարկվել ներքին և արտաքին քաղաքական շրջանակների կողմից՝ հասարակական դժգոհությունը մոբիլիզացնելու կամ իշխանությունների դեմ պայքարը գաղափարականացնելու նպատակով։
Այսպիսով, Արցախում էթնիկ զտում իրականացրած, 150 000 հայերին հայրենազրկած, մինչ օրս մեր ռազմագերիներին պատանդառության մեջ պահող, Հայաստանի սուվերեն տարածքները օկուպացրած Ադրբեջանի բռնապետական ռեժիմը չի կարող խոսել մարդու իրավունքներից, չի կարող խոսել ժողովրդավարությունից»։

Աղբյուրը`   Արեգա Հովսեփյան