«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
88
Այսօր, 16:12
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մենք երեխայակենտրո՞ն ազգ ենք։ Եկեք պարզենք՝ որտե՞ղ է ձևավորվում մեր երեխաների առողջությունը։ Եվ ևս մեկ կարևոր փաստ, որն անտեսել չի կարելի. կեցությունն է որոշում գիտակցությունը։ Հայաստանում դպրոցների և մանկապարտեզների սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի իրականացրած ուսումնասիրության արդյունքները բավական խոսուն են։ 2022թ. սեպտեմբերից մինչև 2023թ. հունվարն ուսումնասիրվել է 350 կրթական հաստատություն՝ 215 դպրոց և 135 մանկապարտեզ։ Գնահատվել են ջրամատակարարումը, կոյուղին, սանհանգույցների վիճակը, ձեռքերը լվանալու հնարավորությունը, տաք ջրի, օճառի առկայությունը, ինչպես նաև սանհանգույցների հասանելիությունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Արդյունքները՝ -դպրոցների 31%-ում ձեռքերը լվանալու հնարավորություն կամ ջուր չի եղել, -դիտարկված սանհանգույցների 71%-ում տաք ջուր չի եղել, -դպրոցների 23%-ում օճառ չի եղել, -79%-ում՝ ձեռքերը չորացնելու հարմարանք, -դպրոցների 32%-ում եղել են չգործող սանհանգույցներ, -դպրոցների 60%-ը չի ունեցել առանձին սանհանգույց տարրական դասարանների աշակերտների համար, -դպրոցների 86%-ում սանհանգույցները հարմարեցված չեն եղել հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին, այն դեպքում, երբ ուսումնասիրված դպրոցների 41%-ում սովորել են հաշմանդամություն ունեցող երեխաներ, -աղջիկների համար նախատեսված սանհանգույցների 98%-ում առանձնացված տարածք չի եղել դաշտանային հիգիենայի համար։ Նախադպրոցական հաստատություններում ևս խնդիրներն էական են եղել․ յուրաքանչյուր հինգերորդ մանկապարտեզում լվացվելու հարմարանք կամ ջուր չի եղել։ Մանկապարտեզների սանհանգույցների՝ -22%-ը կարիք է ունեցել վերանորոգման, -16%-ը՝ հիմնանորոգման, -4%-ը՝ վերակառուցման։ Սակայն այստեղ կարևոր է ոչ միայն արձանագրված խնդիրը, այլև առաջարկված լուծումը։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա մասնագետները մշակել են սանհանգույցների 8 տարբեր մոդել՝ տարբեր չափերի կրթական հաստատությունների համար։ Նախագծման ժամանակ հաշվի են առնվել սեյսմիկ ռիսկը, քաղաքային կամ գյուղական տեղադրությունը, աշակերտների թիվը, ջրամատակարարման և կոյուղու առկայությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հասանելիությունը և գենդերային պահանջները։ Այսինքն՝ խնդիրը դիտարկվել է հենց նախագծային մակարդակում։ Եվ սա շատ կարևոր մոտեցում է։ Երեխայի համար ջրի, սանհանգույցի և ձեռքերը լվանալու հնարավորությունը պետք է նախատեսված լինեն դեռևս մանկապարտեզի կամ դպրոցի նախագծման փուլում։ Հիգիենան սկսվում է նախագծից։ Հարուստ երկրները կանխարգելման մոդելն են զարգացնում, աղքատները՝ պայքարում հետևանքների հետ և վճարում բազմանգամ ավել։ Շարունակելի…»։