«Դաշնակցությունը վտանգավոր է ոչ թե Հայաստանի, այլ հայ ժողովրդին թյուրքական ստրկության տանող ՔՊ կոչվածի համար»․ Վահե Սարգսյան
89
Այսօր, 17:12
Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշողության թարմացում․ «ՀՅԴ-ն անցել է պատմական մեծ ուղի՝ հերոսական ու ողբերգական, երբեմն՝ հակասական ու վիճելի, երբեմն՝ միարժեքորեն իրավացի, հաճախ՝ հալածված, բայց միշտ կիսել է իր ժողովրդի ճակատագիրը։ Բացառիկ է Դաշնակցության դերը աշխարհասփյուռ հայության ազգային ինքնության պահպանման, գաղթօջախների կազմակերպման, հայկական կառույցների կայացման գործում։ Հայ Հեղափոխական Դաշնակցության վերադարձը, նրա վերընձյուղումը մայր հայրենիքում, ինչպես դուք եք ավելի ճշգրիտ բնորոշում, կարևոր իրադարձություն էր ոչ միայն կուսակցության, այլև ողջ հայության և հատկապես Հայատանի և Արցախի քաղաքական կյանքում»։ Սա մեջբերում էր Նիկոլ Փաշինյանի ուղերձից, ուղղված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովին (21.01.2019 թ․)։ Դրանից հետո, երբ ՀՅԴ-ն, կանխազգալով այս իշխանության կործանարար քայլերն ու դավադիր ծրագրերը, 2019 թ․ գարնանը դեղին քարտ ցույց տվեց այս խմբակին ու փողոցային պայքար սկսեց իշխանության պաշտոնյաների ու հակահայ ծրագրերի դեմ, 2019 թ․ դեկտեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանը իրեն բնորոշ ղժղժոցով հայտարարեց, որ «քաղաքական զրո ազդեցություն ունեցող ուժի քմահաճույքով նախարարի հրաժարական չի կարող լինել» (խոսքը տխրահռչակ Արայիկ Հարությունյանի մասին էր, որի հրաժարականի համար ՀՅԴ-ն նստացույց էր անում)։ Դրանից անցել է 7 տարի։ Այսօր թուրքական ազդեցության ուժի մի պատգամավոր առողջության համար խիստ վտանգավոր կատաղությամբ Դաշնակցությանը համարեց վտանգավոր՝ հոխորտալով նաև, թե Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը։ Արման Եղոյա՛ն, բա եթե սրանից 7 տարի առաջ շեֆդ ասում էր՝ ՀՅԴ-ն զրո ազդեցություն ունի և հեռացող գնացքի վրա է, էդ ինչի՞ եք դրանից 7 տարի անց ՀՅԴ-ի մասին հիշելիս ինֆարկտ ստանում։ Հ․գ․ Ես չգիտեմ, թե 7, 14 կամ 21 տարի հետո սրանցից ինչ կմնա, և հերթականն ով կլինի նույն կատաղությամբ Դաշնակցության մահը երազողը, բայց մի բան հստակ է՝ իրականում Դաշնակցությունը վտանգավոր է ոչ թե Հայաստանի, այլ հայ ժողովրդին թյուրքական ստրկության տանող ՔՊ կոչված խմբակ-նախագծի համար։ Սրանք թուրքի հոտառությամբ նշմարել են իրենց գլխավոր ախոյանին և ահա թե ինչու են այսքան մոլեգնում Դաշնակցության մասին հիշելիս»։