«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
13
Այսօր, 02:06
ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ հայտնում է․ «Ադրբեջանի հերթական հոգևոր-մշակութային վանդալիզմի և ցինիկ սադրանքի վերաբերյալ Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի սադրիչ այցը Արցախի հայկական հոգևոր-մշակութային բացառիկ արժեքներից մեկը՝ Գանձասարի միջնադարյան վանական համալիր, և այնտեղ՝ օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, կազմակերպված էժանագին քարոզչական ներկայացումը։ Ադրբեջանի պետական մեքենան շարունակում է հայկական պատմական հետքի ոչնչացման, մշակութային ժառանգության յուրացման և բռնի աղվանացման հանցավոր քաղաքականությունը։ Առանձնապես դատապարտելի է հայկական հին ձեռագրերը ծաղրի ենթարկելը, դրանք կեղծարարություն ներկայացնելը և ձեռագրերի նմանակների «դատարկ էջերի» ցուցադրմամբ հայկական ժառանգությունն անվանարկող բեմադրությունը։ Ընդգծում ենք, որ որևէ տարածքի նկատմամբ փաստացի կամ իրավական վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական և կրոնական ինքնությունը։ Հայկական վանքը, եկեղեցին, խաչքարը, արձանագրությունը կամ ձեռագիրը, անկախ գտնվելու վայրից, մնում է հայկական ժառանգության մաս և ենթակա է միջազգային իրավունքի պաշտպանությանը։ 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածները պարտավորեցնում են հարգել ու պահպանել մշակութային արժեքները, այդ թվում՝ գրավյալ տարածքներում։ Նույն կոնվենցիայի 1999 թ. Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածն արգելում է մշակութային արժեքի այնպիսի փոփոխությունը կամ օգտագործումը, որի նպատակն է թաքցնել կամ ոչնչացնել դրա մշակութային, պատմական կամ գիտական պատկանելության վկայությունները։ Հետևաբար Գանձասարի հայկական ինքնությունը կեղծելու, արձանագրությունները խեղաթյուրելու կամ համալիրը «աղվանական» հռչակելու փորձերը չեն կարող փոխել նրա իրական ծագումն ու պատկանելությունը։ Դրանք հայկական մշակութային ինքնության հետքերը վերացնելու նպատակաուղղված քաղաքականության դրսևորումներ են։ Այս ամենը տեղի է ունենում թուրքական կողմին ենթակա երևանյան իշխանությունների լուռ համաձայնության և անգործության պայմաններում, ինչը թշնամուն հնարավորություն է տալիս անպատիժ շարունակելու ոտնձգությունները մեր հոգևոր-մշակութային արժեքների նկատմամբ։ Դատապարտում ենք նաև տեղում ներկա օտարերկրյա դիվանագետների պահվածքը։ Նրանց լռությունը հայկական բացառիկ ժառանգության բացահայտ յուրացման և պատմության կեղծման պայմաններում ընկալվում է որպես Ադրբեջանի մշակութային զտման քաղաքականության նկատմամբ հանդուրժողականություն։ Պահանջում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից և միջազգային հանրությունից հստակ ու հասցեական գնահատական տալ Արցախում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող վանդալիզմին և գործուն քայլեր ձեռնարկել դրա հետագա ոչնչացումը կանխելու համար։ Միևնույն ժամանակ հայտարարում ենք․ ի հեճուկս մեր թշնամիների և նրանց սպասարկողների՝ հայ ժողովուրդը երբեք չի հրաժարվելու իր պատմությունից, սրբություններից և հայրենիքից։ Հայ ժողովուրդը տեր է կանգնելու դրանց և վերականգնելու է իր իրավունքները։ Այդ օրը հեռու չէ»։