«Ամեն օր մի նոր ստորություն ու սրիկայություն են մտածում, որ մարդկանց ճնշեն»․ Գագիկ Եղիազարյան
77
Այսօր, 15:12
ԱԺԲ-ի անդամ Գագիկ Եղիազարյանի հրապարակումը՝ կալանավայրից․ «Մի նրբերշիկի պատմություն. Մինչ կհասնենք բուն թեմային՝ սկսեմ ավելի «անկարևորներից»։ Ապրիլի մեկից մինչև մայիսի յոթը գտնվում էի «Սևան» ՔԿՀ–ում (Սևանի Գաղութ)։ Եվ ո՜վ հրաշք՝ պարզվեց, որ տեղափոխվել էի մեկ ուրիշ հանրապետություն՝ իր միանգամայն տարբեր օրենքներով ու սովորույթներով․․․ Հա՜, բնավ մի՛ զարմացեք։ Ինչպես բոլոր ՔԿՀ-ներում, այնպես էլ «Սևան» ՔԿՀ–ում, ՀՀ Քրեակատարողական օրենսգիրքը կամ չէր գործում, կամ գործում էր ըստ տվյալ ՔԿՀ–ի հարմարության․․․ 1. Պարզվեց, որ սպորտային հագուստը «Սևան» ՔԿՀ–ում թույլատրվում է միայն սև գույնի, առանց անգամ այլ գույնի գծերի, բացի այդ՝ էդ սպորտային հագուստի վերնազգեստը չի կարող ունենալ գլխարկ (կապիշոն)։ Էս գլխից ասեմ, որ ոչ օրենսդրությամբ և ոչ էլ ներքին կանոնակարգով որևէ սահմանափակում չկա՛, պարզապես նշված է, որ սպորտային հագուստ թույլատրվում է։ 2. Սպորտային կոշիկները նույնպես պետք է լինեին բացարձակապես սև՝ առանց թեկուզև մեկ այլ գույնի կետի․․․ կրկին՝ օրենքով կամ ներքին կանոնակարգով որևէ սահմանափակում չկա։ 3. Ավելին՝ անգամ հողաթափերը (սա նույնպես թույլատրված իր է և գույնի կամ ձևի սահմանափակում նշված չէ) բացի սևից այլ գույնի թույլ չէին տալիս և իմ բաց դարչնագույն հողաթափերը արգելեցին՝ փաստացի ինձ թողնելով առանց հողաթափերի։ 4. Թեև օրենքում կամ ներքին կանոնակարգում նշում չկա, թե սպիտակեղենն ու սրբիչներն ինչ գույն պետք է լինեն, բայց նշված է, որ թույլատրվում է հանձնուքի տեսքով սպիտակեղեն ու սրբիչներ ստանալ՝ միայն քրեակատարողական ծառայության կողմից տրամադրվածի գույնին համապատասխան։ Նախկինում էդ հարցը բավական հեշտ էր՝ սպիտակ գույնի էին տրամադրում և էդ գույնի հետ խնդիր չունեին, վերջին երկու տարում մոխրագույնի մի քանի տարբեր երանգների սպիատակեղեն էն տրամադրել ու բաց շագանակագույն բաղնիքի սրբիչ, որն ի դեպ նախկինում երբեք չէր տրամադրվել և իմ ու Վարուժանի 25 թ–ի զեկույցից հետո կալանավայրերի պատմության մեջ առաջին անգամ տրամադրվեց։ Բայց ճակատագրի հեգնանքը նրանում է, որ շուրջ չորս տարի ինձ մոտ գտնվող իմ սպիտակ անկողնային սպիակեղենն ու սպիտակ բաղնիքի սրբիչը «Սևան» ՔԿՀ–ում չթույլատրեցին։ Ստացվում է, եթե իրենք տարին մեկ կամ երու անգամ գույն փոխեն, ապա մեր ունեցած սպիտակեղենն ու սրբիչները մենք պիտի դեն գցենք ու հարազատներից նորը խնդրենք․․․ 5. Այս մեկը շա՜տ հետաքրքիր է․ անհասկանալի պատճառներով ուղիղ տասնչորս օր (թույլատրելի առավելագույն ժամկետով) ինձ պահեցին կարանտինային՝ մեկուսացված մասում (պատճառ չկա, էդպես են ուզում, էդպես են անում, դե՜, իսկ նրանց կարանտինային հատվածըն ավելի վատն է, քան, ասենք, պատժախուցը) և թույլ չտվեցին հայելի ունենալ՝ թեև ներքին կանոնակարգով հստակ նշված է, որ հայելի թույլատրվում է։ Ընդ որում՝ հայելին կարանտինային մասում ընդհանրապես ոչ ոքի չէին թույլատրում․․․ 6. Որևէ տեսակի թաց անձեռոցիկ չէր թույլատրվում և բացատրություն չկա՛ր․․․ 7. Պատժախուց տանելիս գիրք չեն թույլատրում․․․ Անգամ մեկնաբանել չեմ ուզում։ Կոշիկներիդ թելերը հանում են և այսպես շարունակ՝ ճիշտ ինչպես մի հարյուր տարի առաջ էր․․․։ Բայց գիտե՞ք՝ այս ամենի թագն ու պսակն այն էր, որ երբ պարզեցի, որ տվյալ պահին շուրջ հինգ հարյուր ազատազրկված անձ ունեցող հիմնարկում միաժամանակ կարող են կարճատև տեսակցության մտնել ոչ ավել քան չորս անձի մոտ (շենքային պայմաններ չկան) և փորձեցի այդ մասին տեղեկացնել ՄԻՊ թեժ գծին, ինձ շատ լավ ճանաչող աշխատակիցները պահանջեցին գրավոր բողոք ներկայացնել։ Այդքանից հետո ՄԻՊ–ի մասին ամեն ինչ ասված է․․․ Այնտեղ պահվող անձինք ունեն տարվա մեջ առնվազն ութ, իսկ մի մասն էլ տաս կարճատև ու մի այդքան էլ երկարատև տեսակցություն։ 500–ը բազմապատկած 8–ով կլինի տարվա մեջ յուրաքանչյուրից 4 000 տեսակցություն։ Կարճատև տեսակցության տևողությունը նախատեսված է մինչև չորս ժամ, տրամադրվում է աշխատանքային օրերին՝ ժամը 10։00–ից 17։00, այսինքն՝ իրավունքի լիարժեք իրացման պայմաններում «Սևան» ՔԿՀ–ում կարող են տեսակցության մտնել օրական առավելագույնը ութ անձի մոտ։ Որպեսզի մարդիկ կարողանան լիարժեք իրացնել իրենց տեսակցության իրավունքը, պետք է հնարավորություն լինի օրեկան տրամադրելու նվազագույնը 16 կարճատև տեսակցություն՝ եթե ամեն ինչ աշխատի ժամացույցի ճշգրտությամբ՝ քանի որ տարվա ընթացքում աշխատանքային օրերը մոտ 245-250-ն են, իսկ երբ 4 000 բաժանում ենք 250–ի՝ ստանում ենք այդքան։ Բայց եթե հաշվի առնենք, որ, ինչպես արդեն ասացի, մի մասն ունեն ոչ թե 8–ակ այլ 10–ական տեսակցության իրավունք,իսկ հարազատները չեն գալիս և չեն էլ կարող գալ կարճատև տեսակցության ինչ որ սահմանված գրաֆիկներով, ուստի կարող են լինել ծանրաբեռնված օրեր, իսկ բացի այդ էլ՝ ՔԿՀ–ում ազատազրկվածների թիվը գնալով ավելանում է, ապա պարզ կդառնա, որ ՔԿՀ–ին անհրաժեշտ է առնվազն միաժամանակյա 12 կարճատև տեսակցություն տրամադրելու հնարավորություն (օրեկան քսանչորս)։ Մինչդեռ՝ այն երեք անգամ քիչ է, և այդ պատճառով ազատազրկված անձանց հարազատները տեսակցության համար գալիս եննախորդող օրվա գիշերը, ժամերով հերթ պահում, մի կերպ տեսակցության մտնում և քսան րոպեից այն ավարտվում է․․․ Անձամբ ինձ մոտ այդ ընթացքում երկու անգամ հարազատներս եկան կարճատև տեսակցության, և այն տևեց՝ մի դեպքում 18, մյուս դեպքում՝ օ՜, բախտավորություն, շուրջ 25-26 րոպե։ Երկարատև տեսակցությունների խնդիրը շատ ավելի լուրջ է՝ այսքանն ասեմ ու անցնեմ առաջ։ Սևանի մասին այսքանով սահմանափակվեմ։ Եթե խոսեմ՝ այսպիսի և սրանից մի քանի անգամ ավելի լուրջ խնդիրների մասին մի քանի հատոր գիրք կարող եմ գրել․․․ Հիմա կրկին գանք մեր սիրելի «Նուբարաշեն» (կլոր)։ Օրեր առաջ տեղեկացանք, որ այսուհետև հանձնուքով ստանալ կամ խանութից նրբերշիկ գնել չի՛ թույլատրվում։ Չծիծաղե՛ք՝ էստեղ հարցը նրբերշիկը չէ՛։ Հարցն ահա թե ինչում է՝ ՔԿՀ ներքին կանոնակարգի (կառավարության որոշում N 543 Ն) 122–րդ կետով՝ «122. Կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելվում է իրենց մոտ ունենալ կամ հանձնուքներով և ծանրոցներով ստանալ կամ ձեռք բերել, ինչպես նաև արգելվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին վաճառել՝ 19) ցանկացած տեսակի այլ առարկա, իր կամ սննդամթերք, բացառությամբ հետևյալ առարկաների, իրերի կամ սննդամթերքի՝ իգ. շաքարավազ, կոնֆետ, շոկոլադե սալիկներ, կաթնամթերք (կարագ, պանիր, թթվասեր, մածուն, կաթնաշոռ), երշիկեղեն, աղ, սուրճ, թեյ, կակաո, մաստակ․․․ Ժողովուրդ ջան ոսկեղենիկ հայերենով գրված է․․․ Իսկ երշիկեղենի մեջ մտնում է ոչ միայն նրբերշիկը, այլ նաև բաստուրման, սուջուխը, երշիկների հարյուրավոր տեսակներ՝ հում, եփած, ծխեցրած և այլն․․․ Դե ինչ ասեմ՝ մեղքս ինչ թաքցնեմ, ականջովս է ընկել, որ երբ ալիևի ու էրդողանի և բոլոր թքասերների սրտի վարչապետ նիկոլ փաշազադեն գտնվելիս է եղել Կոշի գաղությում՝ նրան թույլ չեն տվել խանութից նրբերշիկ գնի, եփի ու ուտի, և հիմա նա վրեժխնդիր է լինում։ Ցավոք այլ մեկնաբանություն չունեմ, քանի որ գալյան–թադևոսյաններն մարդու տարրական իրավունքներն ու իրավական ակտերը հերթական անգամ ոտնահարում են ու կամայականորեն արգելում չարգելվածը․․․ Հասկանո՞ւմ եք՝ խնդիրը կամայականությունների մեջ է՝ օենսդրական ակտերի վրա, իրավաբանության վրա, թքած ունենալու մեջ է․․․ Եվս մեկ խայտառակ ապօրինության մասին խոսեմ, որ ավելի պարզ լինի պատկերը․ Օրենքով հստակ սահմանված է, որ պատժի կրման միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում ազատազրկված անձինք ունեն օրվա մեջ առնվազն երեք ժամ տարածքում ազատ շրջելու իրավունք․․․ Ավելի լավ պատկերացնելու համար՝ դա նույն գաղութային վիճակը պետք է լինի, պարզապես ոչ թե ազատ լինեն առավոտից երեկո, այլ՝ ինչպես վերևում ասվեց, առնվազն երեք ժամ։ Այսինքն՝ ազատազրկվածները պետք է կարողանան միմյանց հետ շփվել, զբոսնել, այցելել միմյանց, գնալ գրադարան, մարզասրահ և այլն․․․ Այդ ամենը չկա՝ նույն բերդային համակարգն է և դեռ մի բան էլ՝ ընդամենը նրա համար, որ մարդիկ կերակրադռնակին են մոտեցել և միմյանց բարևել՝ տույժերի են ենթարկում (կոնկրետ դեպքերը գիտեմ և անհրաժեշտության դեպքում կարող եմ նշել)՝ չնայած ոչ մի տեղ նշված չէ, որ նման արարքի համար կարող են մարդուն տույժ տալ․․․ Երբ դժգոհություն ես հայտնում, պատասխանում են, որ համաձայն չես գնա բողոքարկիր։ Եթե մի հրաշքով հաջողվում է այսօրվա դատարանում արդյունքի հասնել, միևնույնն է, առավելագույնը՝ կոնկրետ տվյալ անձի վրա է ադրադառնում որոշումը, այդ որոշման տրամաբանությամբ չեն առաջնորդվում, իրավունքը խախտած անձը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում, բողոք բերած անձի դատական ծախսերը չեն փոխհատուցվում և այլն, ու դա էլ քիչ չի՝ դառնում ես իրենց աչքի փուշը՝ իր բոլոր հետևանքներով․․․ Հա՛, ու տպավորություն չստեղծվի էլի, նրբերշիկի կռիվ ենք անում, ամե՛ն օր, ամեն Աստծո օր մի նոր ստորություն ու սրիկայություն են մտածում, մի նոր պրովոկացիա, թե ինչպես անեն, որ մարդկանց լարված դրության մեջ պահեն, ճնշեն ու սահմանափակումներն ավելացնեն․․․ Չեմ նկարագրում կարանտինային պայմանները թե՛ «Նուբարաշենում» և թե՛ «Սևանում», չեմ խոսում բուժսպասարկման, կամ, ավելի ճիշտ կլինի, շատ դեպքերում ասել դրա բացակայության մասին, օդափոխության բացակայության, ընդհանուր սանիտարահիգիենիկ՝ աղետալի վիճակի, բաղնիքների բացակայության, մասնաշենքերում աշխատակիցների համար նախատեսված զուգարանների բացակայության, այդ նույն աշխատակիցների տգիտության և այլն և այլնի մասին․․․ Սեպտեմբերի երկուսին մեր ընկերներից մեկի մոտ երկարատև տեսակցության էին եկել նրա հարազատները, այդ թվում մանկահասակ՝ մեկ–երկու ամսական երեխա։ Անամոթաբար երկուսուկես ժամ դրսում արևի տակ սպասեցրել էին ու դեռ մի բան էլ զայրացրել և նյարդայնացրել․․․ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ Լիլիթ Գալստյանին խորին հարգանքով հրավիրում եմ ինձ հետ տեսակցելու՝ այս և ազատազրկման վայրերում մի մեծ շարք այլ խնդիրների լուծման հետ կապված համագործակցության համար։ Խոստանում եմ խնդիրների մի այնպիսի մեծ փունջ ներկայացնել, որ հնարավոր լինի էս խեղկատակի աչքը մտցնել, ու էդ աչքը դրանից դուրս թռչի․․․ Պատկերացնելն անգամ անհնար է․․․»։