«Օրվա իշխանությունը որևէ լուրջ գործողություն Ռուսաստանի հանդեպ չի ձեռնարկել». Կարեն Հեքիմյան
63
Այսօր, 01:24
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետագա կա´, հետագա: Այսօր Փաշինյան Նիկոլն ասաց, որ «Պուտինի հետ քննարկելու ենք մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը»: Ուշադիր՝ այս բառերը ոչ թե Զելենսկին կամ Սանդուն է արտաբերել, այլ Փաշինյան Նիկոլը: Դա առնվազն նշանակում է, որ Հայաստանի օրվա իշխանությունը նպատակ ունի ԶԱՐԳԱՑՆԵԼ Ռուսաստանի հետ հարաբերությունները (փաստորեն, դեռ լավ չի զարգացած): Լա՞վ է դա, թե՞ վատ: Չգիտեմ: Սակայն լավ է, որ ճշգրտվում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը: Հայաստանի քաղաքացին պարտավոր է իմանալ, թե ինչ պետությունում է ապրելու: Ութ տարի շարունակ օրվա իշխանության վերաբերյալ ինչ ասես որ չենք լսել՝ սորոսականներ, ամերիկամետներ, եվրոպամետներ, ամերիկյան դեսպան, հակառուս, թուրքամետ, ադրբեջանասեր և այսպես շարունակ: Այնուամենայնիվ, ութ տարին ցույց տվեց, որ օրվա իշխանությունը որևէ լուրջ գործողություն Ռուսաստանի հանդեպ չի ձեռնարկել: Ավելին՝ Հայաստանը մի քանի պետությունների հետ միասին ակնհայտորեն օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները: Կհարցնեք՝ այդ դեպքում ինչու՞ են կալանավորված առերևույթ ռուսամետ գործիչները: Կասեմ՝ օրվա իշխանությունը հայ ավանդական ռուսամետների համեմատությամբ շատ ավելի ռուսամետ է: Ուղղակի ժամանակներն են փոխվել: Դրսում 90-ականները չեն, իսկ քաղաքականության մեջ 2+2 միշտ չէ որ հավասար է 4-ի: Օրինակ՝ վերջին ընտրություններն ապացուցեցին, որ 3,9996-ն ԷԱՊԵՍ տարբերվում է 4-ից: Ավելին՝ ժամանակակից քաղաքականության մեջ ավանդական անհայտը՝ X-ը, կարող է հանդես գալ Z տարբերանշանով: Ամեն դեպքում, Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը բացահայտելու համար պետք է հետևել իշխանության ոչ թե ներքին, այլ արտագնա խոսույթի եզրափակիչ մտքերին: Եվ միայն այդ դեպքում հստակ կերևա Z տարբերանշանը»: