Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 օգոստոսի, 2026 թ.

«Փաշինյանը մանիպուլացնում է. Ադրբեջանի տարածքը չի փոփոխվում կախված Կասպից ծովի մակարդակից».

44
Այսօր, 20:18
«Փաշինյանը մանիպուլացնում է. Ադրբեջանի տարածքը չի փոփոխվում կախված Կասպից ծովի մակարդակից».

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կասպից ծովի մակարդակի փոփոխությունը չի փոխում Ադրբեջանի միջազգային-իրավական տարածքը։
Այսօր Փաշինյանը ասուլիսի ժամանակ հերթական անգամ ասեց, որ ինքը չի նշում Ադրբեջանի տարածքի չափը, քանի որ կախված Կասպից ծովի մակարդակից այն փոփոխական է։
Ես ուսումնասիրեցի այդ հարցը և պարզվեց, որ այստեղ կա մանիպուլացիա, Ադրբեջանի տարածքը չի փոփոխվում կախված Կասպից ծովի մակարդակից։ Հիմա հերթով ներկայացնեմ ինչի։
Պետության ֆիզիկական ցամաքային մակերեսը կարող է փոփոխվել ծովի կամ լճի մակարդակի բարձրացման կամ նվազման հետևանքով, բայց դա ինքնաբերաբար չի նշանակում, որ փոխվում են պետության միջազգային-իրավական սահմանները կամ այն ձեռք է բերում նոր տարածք։
Կասպից ծովի մակարդակի անկման հետևանքով Ադրբեջանի ափագիծը կարող է տեղաշարժվել, իսկ ջրից ազատված որոշ հատվածներ՝ վերածվել ցամաքի։ Սակայն դա չի նշանակում, որ Ադրբեջանը ձեռք է բերում նոր պետական տարածք կամ փոխվում են նրա միջազգային-իրավական սահմանները։
Ադրբեջանի Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն՝ երկրի տարածքի բաղկացուցիչ մաս են ոչ միայն ցամաքը, այլև ներքին ջրերը և Ադրբեջանին պատկանող Կասպից ծովի հատվածը։ Հետևաբար, եթե Ադրբեջանի իրավազորության տակ գտնվող ջրային տարածքի մի մասը ծովի մակարդակի անկման պատճառով վերածվում է ցամաքի, փոխվում է միայն այդ տարածքի ֆիզիկական վիճակը՝ ջուրը դառնում է ցամաք։ Իրավական առումով այդ տարածքը նախկինում էլ Ադրբեջանի տարածքի կամ իրավազորության ներքո էր։ Ադրբեջանի Սահմանադրություն, հոդված 11
Այս տրամաբանությունն ամրագրված է նաև 2018 թվականին Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի ստորագրած Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայում։ Այն ելակետային գիծը կապում է ոչ թե տվյալ պահին գոյություն ունեցող ափագծի, այլ Կասպից ծովի բազմամյա միջին մակարդակի՝ Բալթյան բարձրության համակարգի −28 մետր նիշի հետ։ Այդ գծից հաշվարկվող տարածքային ջրերի արտաքին եզրն էլ համարվում է պետական սահման։ Այս մեխանիզմը նախատեսված է հենց այն նպատակով, որ Կասպիցի մակարդակի տատանումները չտեղաշարժեն պետական սահմանները։ Կոնվենցիայի պաշտոնական տեքստ, հոդվածներ 1 և 7:
Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն այն է, որ պայմանագրով և կոորդինատներով ամրագրված պետական սահմանը բնական տեղանքի փոփոխությունից ինքնաբերաբար չի տեղաշարժվում։ Վիեննայի՝ միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիան նույնպես թույլ չի տալիս հանգամանքների հիմնարար փոփոխությունը կիրառել սահման հաստատող պայմանագիրը դադարեցնելու համար։ Ադրբեջանը այդ կոնվենցիայի մասնակից է 2018 թվականից։
Այսպիսով՝ Կասպից ծովի մակարդակի փոփոխությունը կարող է փոխել Ադրբեջանի ափագիծը, չոր ցամաքի մակերեսը և ցամաք–ջուր հարաբերակցությունը, բայց չի կարող ինքնաբերաբար փոխել Ադրբեջանի պետական սահմանները կամ միջազգային-իրավական տարածքը։
Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնելով, խեղաթյուրելով միջազգային-իրավական նորմերը «անհասկանալի» պատճառով չի ուզում նշել Արրբեջանի տարածքի չափը։
Հ․Գ․ Փաշինյանի խոսքը կարող եք տեսնել մեկնաբանությունում»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան