Երևան`   +27 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 օգոստոսի, 2026 թ.

«Քաղաքացիների ներկայացրած որևէ դիմում «Արցախբանկ»-ի կողմից չի բավարարվել». Արցախի տեղեկատվական շտաբ

69
Այսօր, 19:30
«Քաղաքացիների ներկայացրած որևէ դիմում «Արցախբանկ»-ի կողմից չի բավարարվել». Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Հարգելի՛ հայրենակիցներ,
Վերջին շրջանում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն են դիմում քաղաքացիներ՝ կապված Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ընտանիքում ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի անվամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված նպատակային ավանդների գումարների տրամադրման հնարավորության հետ։
Խոսքը ԱՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 30-ի N 31-Ն որոշմամբ սահմանված կարգավորման մասին է, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ԱՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 17-ի N 237-Ն որոշման մեջ։
Համապատասխան կարգավորմամբ նախատեսվում է, որ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխայի անվամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված նպատակային ժամկետային ավանդի գումարը տրամադրվում է ավանդատուին, իսկ մինչև 18 տարին լրանալը՝ նաև վաղաժամկետ ստանալու պահանջ ներկայացրած երեխայի ծնողին կամ խնամակալին։
Սակայն քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներից և մեր ունեցած տեղեկություններից պարզ է դառնում, որ նշված կարգավորումը գործնականում չի իրականացվում․ մինչ օրս քաղաքացիների ներկայացրած որևէ դիմում բանկի կողմից չի բավարարվել։
Հաշվի առնելով արցախահայության ներկայիս ծանր սոցիալական իրավիճակը՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը պաշտոնական հարցմամբ դիմել է «Արցախբանկ» ՓԲԸ-ին՝ խնդրելով ներկայացնել, թե ինչ իրավական և փաստական հիմքերով չի իրականացվում ավանդների գումարների տրամադրման գործընթացը, ինչպես նաև հայտնել բանկի հստակ դիրքորոշումը կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգավորման վերաբերյալ։
Մինչ օրս ներկայացուցչության հարցմանը «Արցախբանկ»-ի կողմից որևէ պատասխան չի տրամադրվել։
Նշենք նաև, որ սա «Արցախբանկ»-ի հետ մեր առաջին շփումը չէ։
Ներկայացուցչության և բանկի ներկայացուցիչների միջև տարբեր փուլերում տեղի են ունեցել հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են արցախցիներին հուզող մի շարք խնդիրներ և ներկայացվել համապատասխան առաջարկություններ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման, սոցիալական վիճակի բարելավման, ֆինանսական խնդիրների և ստեղծված պայմաններում բանկի կողմից հնարավոր աջակցության այլ ուղղություններին։
Մենք բազմիցս ընդգծել ենք, որ ստեղծված իրավիճակում հատկապես կարևոր է բոլոր հնարավոր ռեսուրսների համադրումը և արցախցիների խնդիրների լուծմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը։
Այս հրապարակման նպատակը որևէ կառույցի կամ անձի թիրախավորումը կամ քաղաքացիների շրջանում անհարկի լարվածություն ստեղծելը չէ։ Մենք ակնկալում ենք, որ «Արցախբանկ»-ը կարձագանքի բարձրացված հարցերին, կներկայացնի իր հստակ իրավական դիրքորոշումը և կգնահատի այն հնարավոր քայլերը, որոնք կարող են իրական աջակցություն ապահովել այսօր ծանր սոցիալական պայմաններում գտնվող արցախահայությանը։
Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը շարունակելու է բարձրաձայնել արցախցիներին հուզող խնդիրները և հետևողական լինել դրանց վերաբերյալ պատասխանների ու լուծումների ստացման հարցում։ Իսկ այս խնդրին շարունակելու ենք անդրադառնալ այնքան ժամանակ, մինչև «Արցախբանկ» ՓԲԸ-ն ապահովի կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ավանդների գումարների տրամադրումը, և յուրաքանչյուր ընտանիք ստանա իրեն օրինականորեն պատկանող միջոցները»։