«Քաղաքական միտքը ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին». Արտակ Զաքարյան
61
Այսօր, 19:18
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ, Սպիտակ Տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, լրագրողը հարցնում է Դոնալդ Թրամփին «...Ի հայտ են եկել նոր տեղեկություններ, որ Իրանը Չինաստանից 400 հրթիռային համակարգեր է ստանալու՝ Պակիստանի միջոցով»: Այս հարցին նախագահ Թրամփի պատասխանից հետևում է, որ նա չի հերքում, բայց նաև չի ցանկանում հավատալ լուրի իսկությանը՝ նշելով, որ Չինաստանը վստահեցրել է, որ չի մասնակցելու և ինքը շատ հիասթափված կլինի, եթե զենքի մատակարարումը իրականություն դառնա: Նշեմ, որ Reuters լրատվական գործակալությունը երեկ հայտնել է, որ նման գործարք կա՝ հղում անելով իր աղբյուրներին: Պակիստանի ՊՆ-ն և Չինաստանի ԱԳՆ-ն արդեն հերքել են գործակալության հրապարակումը։ Պեկինում հայտարարել են, որ «համապատասխան հաղորդագրությունները բացարձակապես անհիմն են»՝ ընդգծելով, որ Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին և պահպանում է ռազմական նշանակության արտադրանքի արտահանման ոլորտում գործող ազգային օրենսդրությունը։ Ըստ Reuters-ի՝ Իրանն առաջիկա շաբաթներին կարող է ստանալ Չինաստանից գնված 400 շարժական զենիթահրթիռային համալիրների (ՇԶՀՀ) առաջին խմբաքանակը։ Հրապարակման համաձայն՝ խոսքը վերաբերում է չինական QW-12 և FN-16 ինֆրակարմիր հրթիռներով զինված շարժական զենիթահրթիռային համալիրներին (MANPADS), որոնք նախատեսված են ցածր բարձրությամբ թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի խոցման համար։ Reuters-ի աղբյուրների պնդմամբ՝ նախատեսվել է մաակարարումներն իրականացնել Պակիստանի տարածքով։ Եթե հավատանք Reuters-ի լայս լուրին, ապա մատակարարման ուղղին ևս տարօրինակ է, քանի որ վերջին ամիսներին հենց Պակիստանն է հանդես եկել, և հիմա էլ փորձում է հանդես գալ որպես միջնորդ, Վաշինգտոնի և Թեհրանի միջև։ Հ.Գ. Հետաքրքիր է, երբ աշխարհի հիմնական լուրերն ու քաղաքական իրադարձություններն ուժի, ուժային գործոնների, լայնածավալ ռազմական ռիսկերի, բարձր տեխնոլոգիական մրցավազքերի ու էներգետիկ ռեսուրսների մասին են, այդ դեպքում ծաղիկ ծախելն է ավելի ձեռնտու, թե՞ ձուկ ծախելը... Իսկ գուցե ավելի հետաքրքիր է քննարկել, թե ՔՊ-ի՝ միմյանցից ոչնչով չտարբերվող, անմիտ հայացքներով պատգամավորներից՝ ով ինչ պաշտո՞ն կզբաղեցնի... Հայաստանի այսօրվա «քաղաքական իշխանությունն» ու քաղաքական միտքը բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին»: