«ԵՄ-ն նույնիսկ ՀՀ-ին ասոցիատիվ անդամության հեռանկար չի խոստացել». Էդուարդ Շարմազանով
69
Այսօր, 20:36
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին և մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը։ Վերջին շրջանում հաճախ է հրապարակ նետվում թեզը, թե որտե՞ղ է Հայաստանի ապագան։ Ավելին. կատաղի պայքար է ծավալվում ԵՄ ու ԵԱՏՄ ջատագովների միջև։ Հարկ է նշել, որ ցանկացած ընտրություն ինքնանպատակ լինել չի կարող։ Այն պետք է բխի ՀՀ պետական ու ազգային շահերըց ելնելով։ ԵՄ-ի մասին... ԵՄ-ում ՀՀ-ի անդամությանը ոչ սպասող կա ու ոչ էլ՝ առաջարկող։ ԵՄ-ն նույնիսկ ՀՀ-ին ասոցիատիվ անդամության հեռանկար չի խոստացել ու այստեղ ԵՄ մեր գործընկերներն ազնիվ են։ Ուստի ՔՊ-ի կողմից ԱԺ-ում դեպի ԵՄ անդամություն նպատակ հռչակելու քվեարկության իրականացումն ընդամենը քարոզչական փուչիկ էր։ Ի դեպ, այդ պոպուլիստական օրինագծին դեմ է քվեարկել միայն Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ ԵԱՏՄ-ի մասին.. Ժամանակը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք։ Այդ որոշումը սպասարկել է ՀՀ քաղաքացիների շահերը։ Այսօրվա կառավարիչների արկածախնդրային քայլերն արդեն հանգեցնում են լուրջ խնդիրների գյուղատնտեսության ոլորտում, իսկ արտահանողները կանգնած են անլուծելի թվացող խնդիրների առաջ։ Ու այս ամենն արդյունք է օրվա կառավարիչների չհաշվարկված քայլերի։ Անվտանգային առումով էլ ԵՄ-ն անվտանգային կազմակերպություն չէ ու անվտանգություն արտահանող կառուց չէ, առնվազն այս պահին։ Պետք է նշել, որ տարածաշրջանում լուրջ անվտանգային խաղացող է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որն Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է և ՀՀ անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք /առնվազն Ադրբեջանին անվերապահ աջակցելու մասով/։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը, ո՞ւր պետք է գնա։ Մեկն ասում է՝ Արևմուտք, էն մեկը՝ Արևելք, էն մյուսն էլ՝ Հյուսիս։ Հայաստանը պետք է մնա իր տեղում։ Իսկ ո՞րն է այդ տեղը։ 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը հանրաքվեով որոշել է Հայաստանի տեղը՝ Անկախ Հայաստանի Հանրապետություն։ Անկախ պետություն ու ոչ թե պլացդարմ, ֆորպոստ կամ վիլայեթ»։