Երևան`   +35 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 հուլիսի, 2026 թ.

«Այսօրինակ լեզվով գաղութատերն է խոսում գաղութի հետ»․ Կարեն Հեքիմյան

84
Այսօր, 16:30
«Այսօրինակ լեզվով գաղութատերն է խոսում գաղութի հետ»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպե՞ս Հայաստանը դուրս կգա քաղաքական փակուղուց:
Ռուսաստանը փաստացի պահանջում է, որ Հայաստանում ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացվի:
Նախ՝ այսօրինակ լեզվով միայն գաղութատերն է խոսում գաղութի հետ: Նույն տրամաբանությամբ, Ուկրաինան կարող է Ռուսաստանից պահանջել պատերազմը շարունակել-չշարունակելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Կամ՝ արդյո՞ք Իրանը ռիսկ կանի Իսրայելից պահանջել Իրանի տարածքի ռմբակոծել-չռմբակոծելու վերաբերյալ համապետական հանրաքվե անցկացնել: Սակայն, չշեղվենք: Խոսքը նորմալ պետությունների մասին է, իսկ այժմյա թեման Նոր Հայաստանն է, որի նկատմամբ գաղութատերը պահանջ է ներկայացնում: Եվ դա փաստ է:
Ինչպե՞ս կպատասխանի Նոր Հայաստանը:
Եթե հանրաքվեն չանցկացվի, ապա տեսականորեն Ռուսաստանի հետ գոնե առևտրային պատերազմ է սպասվում:
Եթե հանրաքվեն անցկացվի, ապա դա կնշանակի, որ Նոր Հայաստանն ընդունում է Ռուսաստանի փաստացի գաղութի իր կարգավիճակը:
Եթե հանրաքվեն անցկացվի և «հաղթի» ԵԱՏՄ-ն, ապա, ըստ դասական տրամաբանության, Փաշինյան Նիկոլը պետք է հրաժարական տա:
Եթե հանրաքվեն անցկացվի և «հաղթի» ԵՄ-ն, ապա վերադառնում ենք այն կետին, ըստ որի, տեսականորեն Ռուսաստանի հետ գոնե առևտրային պատերազմ է սպասվում:
Սակայն, կրկին չմոռանանք, որ խոսքը Նոր Հայաստանի, վերջինիս ղեկավար Փաշինյան Նիկոլի և բազմատաղանդ հայազգի բնակչության մասին է: Ի՞նչ է դա նշանակում:
Դա նշանակում է, որ հայազգի բնակիչները «կրեատիվ են»։ Օրինակ՝ որևէ ալժիրցու մտքով երբեք չի անցնի «անկախություն Ֆրանսիայի կազմում» կոնցեպտը: Երբեք չեք հանդիպի Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչի, որը կողմ լիներ «Հոլանդիայի կազմում անկախությանը»: Ասեմ իմանաք՝ Հայաստանի բնակչության զգալի մասը միշտ երազել է «Ռուսաստանի կազմում անկախության մասին»: Ապացույց՝ մինչ օրս Ռուսաստանը Հայաստանի հետ խոսում է գաղութատիրոջ կարգավիճակով: Դա էլ մի կողմ: Փաշինյան Նիկոլը ԵՐԲԵՔ, որևէ պարագայում հրաժարական չի տա: Նախ՝ վերջինս ամեն ինչ կանի, որ հանրաքվե չլինի: Եթե չկարողանա, ապա ժամանակը (իշխանությունը) ձգելու համար հանրաքվեի անցկացման օր կնշանակի 1.5-2 տարի անց (չէ՞ որ այդ ընթացքում կարող է լիքը բան փոխվել): Ի դեպ, Փաշինյան Նիկոլը Պուտին Վլադիմիրին արդեն ասել է, որ վերջինիս ուզած հանրաքվեն կարող է անցկացվել ԵՄ անդամակցության հայտը ներկայացնելուց հետո: Բա ժամանակ ձգելն էլ ինչպե՞ս է լինում: Իսկ, եթե, այնուամենայնիվ, ստիպված լինի հանրաքվե անցկացնել, ապա համոզված եղեք, որ քվեարկության արդյունքներով «կհաղթի» ԵԱՏՄ-ն և Փաշինյան Նիկոլը կմեկնի Կրեմլ: ԵՄ-ի հետ խաղերն անցյալում կմնան, իսկ Փաշինյան Նիկոլը կշարունակի իշխել երկար ու ձիգ տարիներ:
Մեծ հաշվով, սա քաղաքականություն է: Փաշինյան Նիկոլը ցուցաբերում է «բարձ քաղաքական պիլոտաժ»: Եվ թքած, թե Հայաստանի և բնակչության հետ ինչ կլինի»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան