«6 առաջարկ՝ խորհրդարանական ընդդիմությանը»․ Արմեն Աշոտյան
58
Այսօր, 10:54
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից. «6 ԱՌԱՋԱՐԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ Այս անգամ կփորձեմ անդրադառնալ խիստ կարևոր և միաժամանակ՝ «մուխանաթ» թեմայի՝ ընդդիմության հնարավոր անելիքներին: Տվյալ հարցի արդիականացումն ակնհայտ է՝ նոր գումարման ԱԺ աշխատանքների մեկնարկին ընդառաջ: Թեման մուխանաթ է մի շարք պատճառներով: Նախ, նույնիսկ բանտային պատերից ներս են թափանցում հանրային տիրույթի քննարկումներն այս հարցով, մասնավորապես՝ «մանդատ վերցնել-չվերցնելու» լույսի ներքո: Մեկ այլ պատճառ է պահանջվող ինքնաքննադատությունը, որ ակնկալվում է հատկապես խորհրդարանական ընդդիմությունից: Խնդրին լրացուցիչ ծանրություն հաղորդում է նաև այն հանգամանքը, որ ընդդիմության մեջ քիչ չեն մարդիկ, որոնք այլ կարծիք կարդալ, լսել և քննարկել չեն սիրում: Այսքանով հանդերձ, որպես այլևս կրկնաքաղբանտարկյալ, որպես 2018-ից ընդդիմադիր խրամատում դիրքավորված և պայքարած ուժի փոխնախագահ, որպես մտահոգ հայ և նույնիսկ կալանավայրում ընդդիմության օգտին քվեարկած անձ՝ ունեմ ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն դա անելու: Ուստի, մի քանի դիտարկում անեմ՝ ինչպես ընդհանրական, այնպես էլ կոնկրետ: 1. Կոնստրուկտիվ անտագոնիզմ: Հայաստանում քաղաքական պայքարը վերջին տարիներին ընթանում է ռադիկալ անտագոնիզմի ոճով, և սա Փաշինյանի գիտակցված ընտրությունն է (թեմային անդրադարձել եմ նախորդ հոդվածներից մեկում): Ռադիկալ անտագոնիզմը թեպետ հյուծում է բոլոր կողմերին և իրականում քայքայում է պետությունը, ժամանակավոր և տակտիկական առավելություն է տալիս իշխանություններին՝ պետական ռեսուրսների՝ անխոչընդոտ և կամայական տնօրինման շնորհիվ: Երբ ռեժիմի ընտրությամբ անտագոնիզմն անխուսափելի է, ապա պետք է փորձել այն տեղափոխել պակաս դեստրուկտիվ՝ բովանդակային դաշտ: Հանկարծ չշփոթե՛լ. Կոնստրուկտիվ բառն այստեղ վերաբերում է ոչ թե ռեժիմի նկատմամբ դիրքավորմանը, այլ առկա պրոբլեմների: Կարճ ասած՝ ընդդիմությունը ցանկացած կարևոր հարցի շուրջ պետք է ունենա հստակ, ընկալելի, ազգային շահի և մասնագիտական գիտելիքի վրա խարսխված այլընտրանք: 2. Այլընտրանքային կառավարություն: Բովանդակային այլընտրանքը կարող է գեներացնել կառավարիչների և մասնագետների այլընտրանքային թիմը: Ուստի, քաղաքագիտության մեջ հայտնի այս գործիքը դիտավորյալ չեմ անվանում «ստվերային», հատկապես, որ այդ կառույցի գործունեությունը պետք է մաքսիմալ հանրային և տեսանելի լինի: Հասկանում եմ բոլոր այն դժվարությունները, որոնք կապված են այս առաջարկի իրականացման հետ: Բայց երկու պայմանի պարագայում այն հնարավոր է դարձնել քաղաքական պայքարի կայուն, արդյունավետ և ինստիտուցիոնալ միջոց: Այդ երկու պայմաններն են՝ զրո ամբիցիա և 100% հետևողականություն: 3. Թիրախային պորտֆելներ: Վերցնելով մանդատները և հայտարարելով, որ ԱԺ-ի բոլոր մեխանիզմները և լծակներն օգտագործվելու են պայքարի շարունակության համար, պետք է հաշվարկված մոտենալ ԱԺ հանձնաժողովների պաշտոնների բաշխմանը, որը կարգավորվում է Դոնթի բանաձևով: Միանգամից ասեմ, որ նախորդ ԱԺ-ում, ըստ իս, այդ ընտրությունը ճիշտ չէր կատարվել (Եվրասիական և տնտեսական հանձնաժողովները չունեին քաղաքական մեծ ռեսուրս և ռեզոնանս): Առաջարկում եմ առաջին ընտրությամբ վերցնել պետաիրավականից, ֆինանսաբյուջետայինից կամ արտաքին կապերից մեկը (ըստ ամենայնի, արտաքին կապերը կարող է հասնել ընդդիմությանը)։ Երկրորդ ընտրությամբ նախապատվությունը տալ կամ կրթության, մշակույթի և գիտության, կամ սոցիալական բլոկի մեկ այլ ոլորտով խոշոր հանձնաժողովի։ Թիրախային է դառնում նաև Եվրաինտեգրման հանձնաժողովը՝ հաշվի առնելով իշխանությունների «եվրոխաղերը», ինչպես նաև մարդու իրավունքների հանձնաժողովը՝ նկատի ունենալով այդ ոլորտի համակարգային ճգնաժամը։ Մի խոսքով, պետք է ընտրել հանձնաժողովներ, որոնց գործունեությունը, մանդատը, ոլորտները կարելի է մաքսիմալ կապիտալիզացնել ներսում և դրսում։ 4. Նոր մեդիա-ռազմավարություն Ակնհայտ է, որ քարոզչական դաշտում իշխանություններն ունեն առավելություն՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից դաշտերում: Ընդունելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ (Հ1, պետական ռեսուրսներ, ճնշումներ ընդդիմադիր մամուլի հանդեպ և այլն)՝խոստովանենք, որ այս դաշտում անհրաժեշտ են թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքային, թե՛ մեթոդական փոփոխություններ։ Աներկբա է, որ առանց գրագետ, վերանայված և բազմաշերտ նոր մեդիա-ռազմավարության, պայքարի հաջողության հավանականությունը խիստ նվազում է։ 5. «Արցախ» պատգամավորական նախաձեռնություն Ստեղծված իրավիճակում Արցախի թեման նոր ԱԺ-ի ինստիտուտներում ներառելը պահանջելու է ոչ ստանդարտ լուծումներ։ Երբ չի լինելու Հայաստան-Արցախ միջխորհրդարանական ձևաչափը, կարելի է նորից, ինչպես 2021-ին, փորձել ստեղծել Արցախի հարցով մշտական հանձնաժողով, թեպետ ակնհայտ է, որ ՔՊ-ն դեմ է քվեարկելու։ Ուստի որպես Պլան B՝ կարելի է հայտարարել «Արցախ» պատգամավորական նախաձեռնություն /ակումբ/շրջանակ նախաձեռնելու մասին, որի շուրջ համախմբել և աշխատեցնել համապատասխան գործիչների և կառույցների։ 6. Մնալ կոկորդին Կասկած չունեմ, որ առաջին իսկ օրերից իշխող մեծամասնությունը փորձելու է հարձակվել, փչացնել, կուլ տալ ընդդիմությանը Խորհրդարանում։ Շատ կարևոր է դիմադրել՝ արժանապատիվ և միասնական։ Նույնիսկ ֆիզիկական իմաստով 64։41 հարաբերակցությունը պաշտպանության համարժեք հնարավորությունների դաշտ ապահովում է, եթե ընդդիմությունը պինդ մնա և առաջնորդվի «один за всех, и все за одного» սկզբունքով»։