Երևան`   +30 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հուլիսի, 2026 թ.

«Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով»․ Արփինե Հովհաննիսյան

58
Այսօր, 10:54
«Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով»․ Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի գրառումը․ «Նոր խորհրդարանի առաջին նիստին ընդառաջ․․․
Եկեք ամփոփենք 2021-2026 թվականների խորհրդարանական ընդդիմության գործունեությունը՝ թվերով.
* 384 բանավոր հարց ու գրեթե նույնքան ելույթ,
* 53 օրենսդրական նախաձեռնություն,
* 4 որոշման նախագիծ,
* 13 հայտարարության նախագիծ,
* 1 ուղերձ,
* 162 գործուղում, այդ թվում՝ իշխանական պատգամավորների հետ,
* ավելի քան 600 միլիոն դրամ պարգևավճար (աշխատավարձերից բացի այդքան), շուրջ կես միլիարդ դրամ (488 մլն 86 հազար 470 դրամ)՝ Հայաստան դաշինք և 107 մլն 440 հազար 920 դրամ՝ «Պատիվ ունեմ» դաշինք
* յուրաքանչյուր ընդդիմադիր դաշինքից 1-ական պատգամավոր լքեց խմբակցությունը, դարձավ անկախ պատգամավոր և հետագայում դե ֆակտո աջակցեց իշխանությանը
* ընդդիմությունը ստանձնեց օրենքով իրեն վերապահված 4 ղեկավար պաշտոն (1 ԱԺ փոխնախագահ և 3 մշտական հանձնաժողովի նախագահ), որոնցից 1-ին իշխանությունը ինքը հեռացրեց պաշտոնից, երկուսը՝ իրենք հրաժարվեցին 2022 թվականին, իսկ վերջինը՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, իշխանությունը 2024 թվականին օրենսդրական փոփոխությունից հետո վերցրեց ընդդիմության ձեռքից և փոխանցեց իշխող խմբակցությանը։ Արդյունավե՞տ գործիքներ էին: Թերևս՝ ոչ:
Փաստենք՝
Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է՝ արդեն իններորդ տարին։
Այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույց առ այն, թե ինչ չի կարելի անել և ինչ չի կարելի կրկնել։
և ուրեմն՝
ԱՐՁԱՆԱԳՐՈւՄ ԵՆՔ՝
Ընդդիմությունը իշխանության գործողությունների և սխալների վիճակագիրը չէ։ Ընդդիմությունը պետք է լինի սեփական քաղաքական օրակարգ ունեցող, քաղաքական արդյունք ստեղծող և այդ արդյունքի համար պատասխանատվություն կրող ինքնուրույն քաղաքական սուբյեկտ։
ՀԱՄԱՁԱՅՆՎՈւՄ ԵՆՔ՝
Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով»։ Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով։ Քաղաքական թատերաբեմ գուցե կա, բայց այն թատրոն չէ:
Իհարկե, բացառությամբ այն դեպքի, երբ «պետական» ու քաղաքական գործիչների աստղաբույլն ինքը հետ է քաշվում իրենց հայտարարած նպատակից ու գնում է «աշխատելու»:
Հերևաբար՝
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈւՄ ենք՝
2026-2031 թվականների խորհրդարանական ընդդիմության յուրաքանչյուր քայլ պետք է գնահատվի մեկ չափանիշով՝ որքանո՞վ այն մոտեցրեց իրենց հայտարարված քաղաքական նպատակին:
Համամիտ ե՞ք այս մոտեցմանը: Եթե այո՝ միացեք այս հռչակագրին»: