ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռևս ամիսներ առաջ գրել էինք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ վարույթ է հարուցվել։ Օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնապես հաստատել էր տեղեկությունը. «Հանձնաժողովը, քաղաքացու դիմումի հիման վրա, 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով հարուցել է վարույթ, որը գտնվում է ընթացքի փուլում»։ Տեղեկացանք, որ սեպտեմբերի 30-ի վարույթի քննությունը, որպես այդպիսին, չի էլ կայացել։ Պատճառը ոչ թե այն էր, որ բողոքն անհիմն էր, կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտել էր, թե ՄԻՊ-ը որևէ խախտում թույլ չի տվել, այլ շատ ավելի պարզ ու, թերևս, անհեթեթ պատճառով՝ հանձնաժողովում պարզապես քվորում չի եղել, ու թեման փակել են։ Նկատենք, որ ԿԿ հանձնաժողովի կայքում չկա տեղադրված ո՛չ սեպտեմբերի 30-ի վարույթ հարուցելու որոշումը, ո՛չ էլ դրա ճակատագիրը։ Ինչ կաշկանդվածություն ունեն, ՄԻՊ-ից չեն պարզաբանում ԿԿՀ-ից։ Բայց հենց այստեղ է սկսվում պատմության ամենահետաքրքիր մասը։ Ի՞նչն էր դարձել վարույթի հիմքը Հայտնի է, որ քաղաքացու դիմումը վերաբերում էր այն հանգամանքին, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ըստ դիմողի, դուրս էր եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից և միջամտել մասնավոր ընտանեկան հարաբերություններին՝ կատարելով հարցումներ և ներգրավվելով արտերկրում գտնվող կառույցներին։ Այսինքն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է պարզեր՝ արդյո՞ք ՄԻՊ-ը պահպանել է վարքագծի կանոնները և իր լիազորությունների սահմանները։ Սակայն, մինչ հանձնաժողովը որևէ որոշում կկայացներ, Մարդու իրավունքների պաշտպանը որոշել է հարձակվել. նա 2026 թվականի փետրվարի 16-ին դիմել է ՀՀ բարձրագույն՝ Սահմանադրական դատարան։ ՀՀ լավագույն իրավաբան Անահիտ Մանասյանը ՍԴ-ում ոչ թե վիճարկել է կոնկրետ վարույթի օրինականությունը, այլ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի իրավասությունը՝ ընդհանրապես իր նկատմամբ նման վարույթ իրականացնելու մասով։ Ըստ ՄԻՊ-ի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող պահանջել բացատրություններ իր գործունեության վերաբերյալ, ուսումնասիրել իր գրագրությունը կամ գնահատել իր որոշումները, քանի որ դա միջամտում է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական անկախությանը։ Այսինքն՝ ՄԻՊ-ն անկախ է և ինքն է որոշում, ում իրավունքները ինչպես պաշտպանել։ Սակայն Սահմանադրական դատարանը նույնիսկ չի անցել գործի բովանդակային քննությանը։ Դատարանն արձանագրել է, որ ՄԻՊ-ը սխալ իրավական հիմքով է դիմել Սահմանադրական դատարան։ Որոշման մեջ բառացի նշված է. «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումի համալիր ուսումնասիրման արդյունքում նկատելի է դառնում, որ դրա շրջանակներում բարձրացված հարցերը վերաբերում են գլխավորապես Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը»։ Այնուհետև դատարանը փաստացի մերժել է ՄԻՊ-ի ամբողջ իրավական կառուցվածքը. «Դիմողը բարձրացնում է… սահմանադրականության հարց՝ Սահմանադրության 191-րդ հոդվածով ամրագրված՝ Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական հրամայականի երաշխավորման համատեքստում՝ փորձելով այն կապել Սահմանադրության 52-րդ հոդվածով ամրագրված՝ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքի իրացման հետ։ Մինչդեռ դիմումում ներկայացված պատճառաբանությունների շղթան առավելապես վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը ենթադրյալ սահմանափակող կարգավորումների հիմնավորմանը»։ Իսկ վերջնական եզրակացությունն առավել քան հստակ է. «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումը չի բավարարում Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով… ամրագրված պահանջները… Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանն իրավասու չէ սույն դիմումում բարձրացված հարցերով դիմելու Սահմանադրական դատարան»։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանը ոչ միայն չի քննարկել ՄԻՊ-ի բերած հիմնավորումները, այլև փաստացի արձանագրել է, որ Անահիտ Մանասյանը փորձել է իր անկախության հարցը ներկայացնել որպես Սահմանադրության 52-րդ հոդվածով երաշխավորված՝ անձի՝ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքի խնդիր, սակայն դատարանը նման կապ չի տեսել։ Սա, ըստ էության, կոշտ դատավարական մերժում էր կամ ապտակ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանին։ Բայց այս պատմության մեջ ամենամեծ հակասությունն այլ տեղ է։ Մինչ ՄԻՊ-ը Սահմանադրական դատարանում պնդում էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող միջամտել իր գործունեությանը, նույն այդ Մարդու իրավունքների պաշտպանը բոլորովին այլ դիրքորոշում էր որդեգրել, երբ խոսքը վերաբերում էր Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերի Ռուբեն Վարդանյանին։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հրապարակայնորեն դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով զբաղվել նրա իրավունքների պաշտպանությամբ։ Ի պատասխան՝ ՄԻՊ-ի գրասենյակը հայտարարեց. «Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից»։ Այսինքն՝ ՄԻՊ-ն ինքն է հայտարարել, որ եթե ենթադրյալ իրավախախտողը Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը չէ, ապա ինքը նման գործերով զբաղվելու իրավասություն չունի։ Եվ այստեղ է առաջանում ամենակարևոր հարցը։ Եթե Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ չի կարող զբաղվել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավունքների հարցով, որովհետև դա դուրս է իր լիազորություններից, ապա ինչպե՞ս է ստացվում, որ մեկ այլ դեպքում ներգրավվել է մասնավոր ընտանեկան հարաբերություններում, կատարել հարցումներ և միջամտել արտերկրում ընթացող ընտանեկան վեճին։ Եթե առաջին դեպքում պատճառաբանությունը լիազորությունների բացակայությունն է, ապա երկրորդ դեպքում ի՞նչ իրավական հիմքով են իրականացվել այդ գործողությունները։ Եթե, հակառակը, ՄԻՊ-ն ունի նման լայն լիազորություններ, ապա ինչո՞ւ դրանք չեն կիրառվում, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերուն։ Այս հարցերը մինչ օրս պատասխան չունեն։ Հուսանք՝ ՄԻՊ-ը հրապարակավ կպարզաբանի այս երկակի չափանիշներին առնչվող հարցը»։
|

«Էդ խեղճն ի՞նչ անի, ինչ ասել են՝ անում է»․ Արման Աբովյան (տեսանյութ)
1911:24
«Սա նույնն է, որ վարկային քաղաքականության հարցով զբաղվեր ԿԳՄՍՆ-ն»․ Աղասի Ենոքյան
5610:48
Ո՞վ է Միխայիլ Դրապատին՝ Ուկրաինայի ԶՈՒ նոր գլխավոր հրամանատարը
8610:41
«Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել»․ Տիգրան Աբրահամյան
8710:12
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է (տեսանյութ)
7210:00
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին
12509:48
