Մասնագետներն ալերգիան համարում են 21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»
53
Այսօր, 17:24
Մասնագետներն ալերգիան համարում են 21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»: Որո՞նք են ալերգիայի դրսևորումները. Ստուգե՛ք ինքներդ Ձեզ, եթե հետևյալ ախտանիշները կրկնվում են կամ առաջանում են որոշակի իրավիճակներում, հնարավոր է՝ դրանց պատճառը ալերգիան է. ? հաճախակի փռշտոց, հատկապես առավոտյան, ? քթարտադրություն կամ խցանում առանց մրսածության, ? աչքերի քոր, կարմրություն կամ արցունքահոսություն, ? երկարատև չոր հազ, ? շնչահեղձության կամ սուլոցների նոպաներ, ? կրկնվող մաշկային ցան կամ քոր, ? շրթունքների, կոպերի կամ դեմքի այտուց։ Եթե այս նշանները պարբերաբար կրկնվում են, անհրաժեշտ է դիմել բժշկի։ 5 միֆ, որը հերքվել է գիտությամբ ու փորձով. Միֆ 1. Ալերգիան լոկ անհարմարություն է պատճառում։ Փաստ. Որոշ ալերգիկ հիվանդություններ, օրինակ՝ բրոնխիալ ասթման կամ ծանր ալերգիկ ռեակցիաները, կարող են կյանքին սպառնացող լինել։ Միֆ 2. Ալերգիան սկսում է միայն մանուկ հասակից։ Փաստ. Այն կարող է սկսվել կյանքի ցանկացած շրջանում։ Միֆ 3. Եթե ախտանիշներն անցան, բուժում այլևս պետք չէ։ Փաստ. Ալերգիկ հիվանդությունները հաճախ ունեն ալիքաձև ընթացք և պահանջում են ճիշտ հսկողություն։ Միֆ 4. Ալերգիայի բոլոր դեղերը քնկոտություն են առաջացնում։ Փաստ. Ժամանակակից հակահիստամինային դեղամիջոցների մեծ մասը չի առաջացնում արտահայտված քնկոտություն։ Միֆ 5. Ալերգիայի դեպքում պետք է պարզապես խուսափել ալերգենից։ Փաստ. Շատ դեպքերում միայն խուսափելը բավարար չէ։ Ճիշտ ախտորոշումն ու բուժումը կարող են կանխել հիվանդության առաջընթացը և զգալիորեն բարելավել կյանքի որակը։ Ե՞րբ է անհրաժեշտ անհապաղ դիմել շտապ բժշկական օգնության. Եթե ալերգիկ ռեակցիայի ընթացքում առաջանում են դժվարացած շնչառություն, կոկորդի կամ լեզվի այտուց, խոսելու կամ կուլ տալու դժվարություն, գլխապտույտ կամ գիտակցության կորուստ, անհրաժեշտ է անմիջապես զանգահարել շտապ բժշկական օգնություն։ Այս վիճակը կարող է լինել անաֆիլաքսիա և պահանջում է անհապաղ բուժում։ Հիշե՛ք. Ժամանակակից բժշկությունն ունի արդյունավետ ախտորոշման և բուժման հնարավորություններ, որոնց շնորհիվ մարդկանց մեծ մասը կարող է ապրել լիարժեք և ակտիվ կյանքով։ Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ։ Եթե ախտանիշները կրկնվում են, դիմե՛ք բժշկի և ստացե՛ք մասնագիտական գնահատում։ Արմինե Հակոբյան, ԱՆ ալերգոլոգիայի գծով խորհրդատու