«Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն»․ Տաթևիկ Հայրապետյան
38
Այսօր, 13:12
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն․ Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը։ Այս հանգամանքից ելնելով՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում Հայաստանի նկատմամբ ներկայացվում են բացահայտ տարածքային հավակնություններ։ Մասնավորապես, այնտեղ նշվում է. «Ցավոք, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը ստիպված եղավ իր առաջին որոշումներից մեկը կայացնել բավականին բարդ պայմաններում, երբ հայկական զինված ստորաբաժանումները էթնիկ զտումների քաղաքականություն էին իրականացնում ադրբեջանցիների նկատմամբ և տարածքային պահանջներ ներկայացնում։ Այդ որոշումն էր Իրևանը Հայաստանին զիջելը՝ որպես մայրաքաղաք, քանի որ Բաթումիի բանակցությունների արդյունքում փոխզիջում էր ձեռք բերվել։ Այս ծանր պատմական սխալը ճանապարհ հարթեց ադրբեջանական ժողովրդի կյանքում հաջորդ ողբերգությունների համար՝ խրախուսելով հայերի շարունակական ընդարձակումը»։ Նմանատիպ ձևակերպումներ կարելի է հանդիպել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում, որտեղ նշվում է. «1918 թվականի մայիսի 28-ին Անկախության հռչակագրի ընդունմամբ հիմնադրվեց մահմեդական աշխարհում առաջին խորհրդարանական ժողովրդավարությունը՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ինքնիշխան տարածքը կազմում էր 114 հազար քառակուսի կիլոմետր»։ Արդյո՞ք սրանք Հայաստանի Հանրապետության նկատմամբ անթաքույց տարածքային հավակնություններ չեն։ Սա Ադրբեջանի պետական քաղաքականությունն է, որը հնարավոր չէ չտեսնել, եթե հատուկ որոշում չկա դա չտեսնելու։ Եթե այս ամենին գումարենք նաև «Արևմտյան Ադրբեջան» կոչվող զավթողական ծրագիրը, որի շրջանակում Հայաստանը ներկայացվում է իբր ադրբեջանական «պատմական հող», մի բան, որը պատմական որևէ հենք չունի, և որի քարոզչությունն այդ աբսուրդը ներթափանցում է կրթական հաստատություններ, դասագրքեր և հանրային գիտակցություն, ապա ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Փաստացի, Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ իր պատմական կեղծիքներից և տարածքային հավակնություններից, այլև դրանք դարձնում է պետական քաղաքականության մաս։ Այս պայմաններում միանգամայն տրամաբանական է հարցնել՝ ինչո՞ւ Հայաստանը չի բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության և պետական մակարդակով ամրագրված ու քարոզվող տարածքային հավակնությունների վերանայման հարցը։ Եթե Բաքուն չի գնում իրական խաղաղության, ապա ո՞ւմ հետ ենք մենք պատրաստվում պայմանագիր կնքել՝ դրա դիմաց հրաժարվելով մեր Անկախության հռչակագրից, պատմական հիշողությունից և ինքնության հիմնասյուներից»։