Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 05 հուլիսի, 2026 թ.

«Ղեկավարը չի կարող ձևացնել, թե պատասխանատվություն չունի»․ Մհեր Կարագոզյան

84
Այսօր, 02:06
«Ղեկավարը չի կարող ձևացնել, թե պատասխանատվություն չունի»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը.«ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼ
Հուլիսի 3-ին ֆինանսական խարդախությունների և կիբեռհանցագործությունների զոհ դարձած հարյուրավոր քաղաքացիների հետ միասին ՀՀ Քննչական կոմիտեի շենքի դիմաց պահանջեցինք մեկ բան՝ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրաժարականը։
Սա զգացմունքային պահանջ չէ։ Սա տարիներ շարունակ կուտակված անգործության, ձգձգումների և համակարգային ձախողումների հետևանքն է։
Քաղաքացիներից գողանում են միլիոնավոր դրամներ։ Քրեական գործեր են հարուցվում, սակայն շատ դեպքերում քննությունները ձգձգվում են ամիսներով կամ տարիներով։ Այդ ընթացքում հանցագործները հասցնում են անհետացնել հետքերը, իսկ տուժածները մնում են միայնակ՝ իրենց կորուստների և անորոշության հետ։
Ավելին՝ բազմաթիվ դեպքերում հափշտակված գումարները հայտնաբերվում կամ սառեցվում են բանկային հաշիվներում, սակայն քաղաքացիները ամիսներով չեն կարողանում հետ ստանալ իրենց սեփական միջոցները։ Փաստորեն, մարդը նախ դառնում է հանցագործության զոհ, ապա՝ համակարգի անարդյունավետ աշխատանքի զոհ։
Կիբեռհանցագործությունները Հայաստանում վաղուց այլևս առանձին դեպքեր չեն։ Դրանք դարձել են ազգային մասշտաբի խնդիր։ Սակայն մինչ օրս չենք տեսնում այնպիսի համակարգային փոփոխություններ, որոնք կնվազեցնեն այս հանցագործությունների թիվը կամ կապահովեն տուժածների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։
Պաշտոնը պատասխանատվություն է։
Երբ համակարգը չի աշխատում, երբ հազարավոր քաղաքացիներ կորցնում են իրենց խնայողությունները, իսկ հասարակության վստահությունը իրավապահ համակարգի նկատմամբ շարունակաբար նվազում է, ղեկավարը չի կարող ձևացնել, թե որևէ պատասխանատվություն չունի։
Հենց այդ պատճառով ենք պահանջում Արթուր Պողոսյանի հրաժարականը։ Ոչ թե անձնական վերաբերմունքից ելնելով, այլ որովհետև համոզված ենք, որ ձախողված համակարգը չի կարող վերափոխվել նույն կառավարման պայմաններում։
«Հանրային վերահսկողություն» ՀԿ-ն և տուժած քաղաքացիները շարունակելու են պայքարը ոչ միայն պատասխանատվության, այլև լուծումների համար։ Մենք արդեն մշակել և պետական մարմիններին ենք ներկայացրել կիբերհանցագործությունների զոհերի փոխհատուցման պետական նպատակային հիմնադրամի հայեցակարգը և առաջիկայում կներկայացնենք նաև այլ օրենսդրական ու ինստիտուցիոնալ առաջարկներ։
Մեր նպատակը մեկ պաշտոնյայի փոփոխությունը չէ։ Մեր նպատակը պետություն կառուցելն է, որտեղ քաղաքացին պաշտպանված է, հանցագործը՝ բացահայտված, իսկ անգործությունը՝ պատասխանատվության ենթակա։
Պայքարը շարունակվում է։ Ոչ թե ընդդեմ որևէ անձի, այլ հանուն արդարության և իրավական պետության»։

Աղբյուրը`   Մհեր Կարագոզյան