ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են: Դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է հիշել, որ ջրահեղձությունը տեղի է ունենում շատ արագ ու անձայն, իսկ երեխաների անվտանգության գլխավոր երաշխիքը մեծահասակի մշտական հսկողությունն է: Ինչպե՞ս կանխարգելել երեխաների ջրահեղձությունը. - Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրեք լողալու տարրական հմտություններ: - Համոզվեք, որ ջրային տարածքին մոտ երեխաները կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն, նույնիսկ, եթե նրանք լողալ գիտեն: - Երեխաներին մի՛ թողեք առանց հսկողության, նույնիսկ, եթե նրանք կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն։ - Երեխային թույլատրեք լողալ միայն դրա համար նախատեսված վայրերում՝ սահմանելով հսկողություն: - Եթե ունեք լողավազան, շուրջը տեղադրեք մեկուսացնող ցանկապատներ: - Մշտապես հետևեք երեխային, երբ նա ջրի մեջ է կամ ջրի մոտակայքում (ներառյալ լոգարանում): - Ամեն անգամ, երբ երեխաները գտնվում են ջրի մեջ կամ դրա շրջակայքում, լողալու հմտություններ ունեցող մեծահասակը պետք է գտնվի երեխայից ձեռքի երկարության հեռավորությամբ: - Մի՛ տարվեք այլ գործերով. ջրահեղձությունը տեղի է ունենում արագ և անձայն: - Սովորեք առաջին օգնության տարրական հմտություններ՝ խեղդվող երեխային անհապաղ սիրտ-թոքային վերակենդանացում կատարելու համար: - Երեխային հնարավորինս վաղ տարիքում պատմեք ջրահեղձ լինելու վտանգի մասին: Հիշե՛ք, որ ջրահեղձության վտանգները մեծ են ոչ միայն բացօթյա ջրավազաններում, լողավազաննրում, այլև տնային պայմաններում (մանկական լոգարան, դույլ, զուգարան), որտեղ անվտանգության կանոնների խստիվ պահպանումը նույնքան կենսական է: Ծնողները և խնամակալները պետք է կանխեն երեխայի անվերահսկելի մուտքը լոգարան, լողավազան կամ բաց այլ ջրային տարածք: Մի՛ զբաղվեք այլ շեղող գործունեությամբ, որը կարող է վտանգել երեխային, ներառյալ հեռախոսի օգտագործումը (օրինակ՝ հաղորդագրություններ ուղարկելը), շփվելը, տնային գործեր կատարելը կամ ալկոհոլ խմելը»: