«Հունիսի 7-ին Հայաստանը նորաոճ ձևով բաժանվեց՝ այս անգամ ՌԴ-ի ու Արևմուտքի միջև»․ Հայկ Դեմոյան
70
Այսօր, 01:06
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես շարունակում եմ պնդել, որ հունիսի 7-ին բեմադրված խորհրդարանական ընտրություններն ընդամենը Նիկոլ վերարտադրելու շատ վատ կազմակերպված գործողություն էր: Համենայնդեպս, մինչ այս պահը, ընդդիմադիր թևը ոչ մի գործողությամբ հակառակը պնդելու ապացույցներ դեռևս չի ներկայացրել: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հունիսի 7-ին: Հունիսի յոթին տեղի ունեցավ 2018 թվականի մայիսին կլինիկական մահ ապրած հայկական պետականության հանդիսավոր ու ճոխ թաղումը, որին մասնակցեցին բոլոր քաղաքական ուժերը: Իր ցինիկությամբ, այլասերվածությամբ ու հակապետականությամբ այն հավասարազոր էր մի նոր հոկտեմբեր 27 կազմակերպելուն: Այս անգամ էլ աշխարհին ներկայացանք աննախադեպ քաղաքական այլանդակության հակված ու հակապետական գործողություններ իրականացնելու պատրաստ երկիր: Ես լուրջ մտավախություն ունեմ, որ ընդդիմությունն ուղղակի շփոթված է ձայների այն քանակից, որը տրվել է իրենց օգտին ու այս պահին չի կարողանում կողմնորոշվել, թե ի՞նչ կարող է անել ձայների այդպիսի տպավորիչ քանակի հետ: Նույն կերպ բազում ու բազմապիսի հանցավոր գործողություններից, բռնաճնշումներից ու կեղծարարություններից հետո ցնցված են քպականները՝ ձայների այդքան ցածր տոկոս հավաքելու փաստի հետ առերեսվելով: Այստեղ չափազանց կարևոր մի ճշգրտում պետք է անել. հարգելի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, Ձեր օգտին տրված ձայների ճնշող մեծամասնությունը ստացել եք ոչ թե որպես քաղաքական ուժին տված աջակցություն, այլ այդ ձայների առյուծի բաժինը բացահայտորեն Նիկոլին իշխանությունից հեռացնելու համար տրված ձայներն են: Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու քպն պարտություն են կրել ընտրություններում և որքան էլ որ ջանացել են ԿԸՀ-ի նիկոլական անդամները, դա ակնհայտ փաստ է և այն դաջված էր հարևանի տան ապակիները կոտրած դեռահասների տեսքով Նիկոլի թիկունքում կանգնած քպականների դեմքերին: Ընդդիմադիր յոթ քաղաքական ուժ արդեն տվել է իր գնահատականը տեղի ունեցած ընտրությունների ու դրա արդյունքների վերաբերյալ: Եթե դա ընդունում ենք ի գիտություն, ապա այն հավասարազոր է ծանրագույն հակապետական հանցագործության մասին հայտարարությանը: Ի՞նչ է ստացվում: Մի կողմից հայտարարություն ծանրագույն հանցագործության մասին, մյուս կողմից էլ քննարկում «մանդատ վերցնու՞մ ենք, թե չենք վերցնում» ձևակերպմամբ: Եվ սա լու՞րջ եք ասում: Հունիսի 8-ի առավոտյան ժամը 2-ին խունտան հերթական պետական հեղաշրջումն է իրականացրել՝ ընտրությունների վերջնարդյունքները կեղծելով: Այդ գործողությամբ քպականներն առաջին հերթին անարգել են իրենց օգտին քվեարկածներին՝ նրանց դարձնելով հանցակիցներ: Եթե ընդդիմադիր ուժերը վերցնում են մանդատները, այդ դեպքում նրանք բացահայտորեն ապացուցում են, որ ի սկզբանե մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղորոք մշակված գործողությանը: Այսօր ընդդիմադիր ուժերը հանրային քննարկումներ են նախատեսվում հետագա անելիքների շուրջ: Առաջարկում եմ հետևյալը. ա. ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՈՒ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ընդդիմադիր ուժերը մանդատներ չեն վերցնում ու հայտարարում են տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձը կանխելու ու պետական իշխանությունը վերականգնելու համար համաժողովրդական պայքար սկսելու մասին: բ. Պետական հեղաշրջում իրականացրած ու իշխանությունը բռնի ուժով զավթած խունտայի դեմ քաղաքական պայքար իրականացնելու համար ընդդիմադիր ուժերը այն արտապատվիրակում են տաս հոգուց բաղկացած հանրային ապաքաղաքական մարմնին, որի անդամները պետք է լինեն հանրային ճանաչում ունեցող հինգ տղամարդ ու հինգ կին: Այս կերպ հնարավոր կլինի վստահություն առաջացնել ահաբեկման ու ճնշման տակ Նիկոլի օգտին քվեարկածների առնվազն 20 տոկոսի մոտ, ովքեր կհարեն համաժողովրդական բողոքի շարժմանը: գ. Իշխանությունը զավթած ուժերին տրվում է վերջնաժամկետ՝ հեռանալու և իշխանությունը ժամանակավորապես նոր ընտրություններ նշանակելու համար ստեղծված մարմնին փոխանցելու համար: դ. մոռացե´ք «փողոցային պայքար», «բողոքի ցույցեր» կազմակերպելու արտահայտությունները: խունտային պետք է տրվի վերջնաժամկետ՝ երեք ամսվա ընթացքում իշխանությունից հեռացումը և նոր ընտրությունների կազմակերպումը նախապատրաստելու համար: Հակառակ պարագայում, անժամկետ պետք է արգելափակել Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները: Իր իսկ վերարտադրման համար կազմակերպված ընտրություններում պարտություն կրած Նիկոլ Փաշինյանին հնարավոր կլինի հեռացնել 72 ժամվա ընթացքում: Հակառակ պարագայում կստացվի, որ 2018-ի մայիսին բեմադրված կրկեսը փորձում ենք կրկնակի կրկեսի վերածել, այս անգամ հին կրկեսի տարածքում… ՀԳ. Հունիսի 7-ին տեղի ունեցավ ևս մեկ կարևոր, սակայն աննկատ մնացած իրադարձություն. Հայաստանը իր պատմության ընթացքում հերթական, այս անգամ նորաոճ ձևով, բաժանվեց: Այս անգամ այն բաժանվեց Ռուսասաստանի ու Արևմուտքի միջև և այդ փոխշահավետ ու ձեռնտու բաժանման գործարքի հիմնական երաշխավորը բոլոր կողմերին ձեռնտու հեղաշրջում իրականացրած ուժերն են: Հենց այս աջակցության վրա է խարսխված իշխանությունը բռնի ուժով զավթած Նիկոլ Փաշինյանի ինքնավստահությունը»: