«Հայաստանը վերածում են ազդեցությունների գոտու»․ Շիրազ Մանուկյան
60
Այսօր, 16:42
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը վերածում են ազդեցությունների գոտու. Վերջին ամիսներին ավելի ու ավելի ակնհայտ է դառնում մի վտանգավոր միտում. Ադրբեջանը պետական մակարդակով հետևողականորեն առաջ է տանում Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման և այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» օրակարգը, մինչդեռ Հայաստանի իշխանությունները չեն ցուցաբերում այն հստակ և կոշտ հակազդեցությունը, որն ակնկալում է հասարակությունը։ Իմ գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը ոչ թե ամրապնդում, այլ թուլացնում է Հայաստանի ինքնիշխանությունը՝ երկիրը աստիճանաբար վերածելով արտաքին ազդեցությունների գոտու։ Երբ պետությունը հրաժարվում է իր ազգային շահերը պաշտպանելուց և մշտապես զիջումների քաղաքականություն է վարում, ստեղծվում են բոլոր նախադրյալները, որպեսզի արտաքին ուժերը մեծացնեն իրենց ազդեցությունը երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վրա։ Այսօր Հայաստանը կանգնած է այնպիսի իրավիճակի առաջ, երբ տարբեր աշխարհաքաղաքական շահեր ունեցող պետություններ փորձում են ազդել մեր երկրի ապագայի վրա։ Իսկ թույլ և անվստահ իշխանությունը ոչ թե սահմանափակում, այլ ընդլայնում է այդ հնարավորությունները։ Ադրբեջանը բարձրացնում է նոր պահանջներ, Թուրքիան առաջ է մղում իր տարածաշրջանային շահերը, իսկ Հայաստանի իշխանությունները հաճախ ավելի մեծ եռանդ են ցուցաբերում ընդդիմության դեմ պայքարում, քան ազգային շահերի պաշտպանության հարցում։ Արդյունքում հասարակության մոտ ձևավորվում է հիմնավոր հարց. ո՞վ է իրականում պաշտպանում Հայաստանի պետական շահը։ Ազգային անվտանգության, ժողովրդագրական քաղաքականության և ինքնիշխանության հարցերը չեն կարող դառնալ գաղտնի պայմանավորվածությունների կամ արտաքին ճնշումների առարկա։ Հայաստանի ապագան պետք է որոշվի բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքով և պետական շահերով։ Պետությունը, որը չի պաշտպանում իր շահերը, աստիճանաբար վերածվում է ազդեցությունների գոտու։ Իսկ ազդեցությունների գոտում ապրող ժողովուրդը կորցնում է սեփական ապագան ինքնուրույն որոշելու հնարավորությունը»։